Մեսրոպ Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ծառուկյան դաշինքի տնտեսական 15 կետերը շատերը համարում են պոպուլիզմ, մասնավորապես նշելով, որ այդ ամենի համար անհրաժեշտ է 1 մլրդ դոլար: Ծրագրում նշված կետերը բոլորը իրագործելի են շատ կարճ ժամկետում` ունենալով տնտեսագիտական, ֆինանսական լուրջ հիմնավորումներ:
Տնտեսությունից մի փոքր հասկացողների համար ներկայացնում եմ 15 կետերի համար անհրաժեշտ լրացուցիչ բյուջետային ծախսերը կամ չստացված եկամուտները:
1. Կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ է 140 մլրդ դրամ, կենսաթոշակային կուտակային համակարգի վերացման դեպքում կխնայվի 30 մլրդ դրամ: Կենսաթոշակների գումարի առնվազն 70 տոկոսը ուղղվելու է սպառմանը, որը կառաջացնի 20 տոկոս` 20 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր:
2. Նվազագույն աշխատավարձը հարկվում է և հաշվի առնելով, որ նվազագույն աշխատավարձով աշխատակիցները հիմնականում մասնավոր ոլորտից են, դրանց մասով կստացվի նվազագույնը 10 մլրդ լրացուցիչ եկամուտ:
3. Փոքր բիզնեսի կողմից վճարվող հարկերը` շրջանառության հարկ, արտոնագրային վճար, հաստատագրված վճար, կազմում են մոտ 20 մլրդ դրամ: Հարկերից ազատելու տնտեսական էֆեկտը չհաշվելու դեպքում, առավելագույն չստացված եկամուտը կկազմի 20 մլրդ դրամ:
4. Հարկային համաներման բազա հանդիսացող տույժերը և տուգանքները երբեև չեն էլ վճարվելու և այդ 60 մլրդ դրամը չի մտնելու բյուջե:
5. Արագաչափերի, կարմիր գծերի մուտքերը բյուջե կազմելու են 10 մլրդ դրամ` կատարվող փոփոխութուններից հետո:
6. Բնօգտագործման վճարները մի քանի անգամ ավելացնելու դեպքում բյուջեն կստանա լրացուցիչ 70 մլրդ դրամ եկամուտ:
7. ՈՒսման վարձերին, ոռոգման ջրին ուղղված գումարը չի գերազանցելու 10 մլրդ դրամը:
Արդյունքում ծրագիրը իրականություն դարձնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ 50 մլրդ դրամ (100 մլն դոլար), որը կազմում է բյուջեի ընդամենը 4 տոկոսը:
ՀՆԱ տարեկան 5-7 տոկոս աճը ապահովելու է 70 մլրդ դրամ լրացուցիչ հարկային մուտքեր:
Ստվերային տնտեսության նույնիսկ 20 տոկոսի վերացումը կապահովի 250 մլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտ:
Մնացած գործոնները` ազատ, մրցակցային պայմաններ, բյուջեի ծախսերի արդյունավետության բարձրացում և այլն, նույնպես բերելու են էական ազդեցության` տնտեսական աճի, ներդրումների աճի, բյուջետային մուտքերի ավելացմանը:
Իրականում` նշված 1 մլրդն էլ կգտնվի, բայց այդ մասին հաջորդ դասին »: