ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանն ընդունել է եռօրյա այցով Հայաստանում գտնվող ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովին և ռուս գործարարների պատվիրակության ներկայացուցիչներին:
Ինչպես հայտնում են նախարարությունից, հանդիպման ընթացքում ամփոփվել են ռուս գործարարների ացի արդյունքները:
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության ռադիոէլեկտրոնային արդյունաբերության դեպարտամենտի տնօրեն Սերգեյ Խախլովը շնորհակալություն է հայտնել բովանդակալից և արդյունավետ այց կազմակերպելու համար և նշել, որ չափազանց տպավորված են Հայաստանում առկա գիտական ներուժից:
«Прогресс АО НИИМА» գլխավոր տնօրեն Վասիլի Շպակը, «Крафтвей корпорэйшн ПЛС» ընկերության փոխնախագահ Վիկտոր Մուրավյովը, «Модуль ЗАО НТЦ» կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Դմիտրի Ֆոմինը ներկայացրեցին հայկական «YEA Engineering», «Synopsis» և TCD (Technology &Science Dynamics) ընկերություններ և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան կատարած այցից ստացած տպավորությունները:
Ռուս գործարարները հատկապես տպավորված էին հայկական ընկերությունների ունեցած հնարավորություններից, միկրոսխեմաների արտադրության, ինժեներիայի բնագավառում առկա գիտական ներուժից, հայ մասնագետների տեխնիկական գիտելիքների բարձր մակարդակից և զարգացման մեծ ներուժ ու հետաքրքրություն ունեցող հայ ուսանողներից:
Նրանք նաև նշել են, որ բազմաթիվ պաշտոնական և ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել, շատ տպավորված են և տրամադրված համագործակցությունը շարունակելու արդեն կոնկրետ ծրագրերով: Ռուս գործարարները նաև ավելացրել են, որ Հայաստանից ստացած իրենց տպավորությունները և տեղեկատվությունը ամբողջացնելուց հետո կփոխանցեն ռուսական այլ ընկերություններին ևս` համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների քննարկման նպատակով:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ համագործակցության լայն հնարավորություններ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, նանոտեխնոլագիաների ոլորտը զարգացնելու տեսանկյունից, ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ազատ տնտեսական գոտիներում համագործակցության հնարավորություններին:
Կողմերը նշել են, որ հարկավոր է շարունակել համագործակցությունը և օգտագործելով երկու երկրների գիտական և արտադրական հզորությունները` նախանշել նպատակներ ու ուղղություններ և զարգացնել կոնկրետ բիզնեսներ: