Lifehacker.ru կայքը գրում է, որ աշխարհում յուրաքանչյուր 7-րդ մարդ գիտի, թե ինչ է միգրենը։ Միգրենի նշանները նկարագրել են դեռ հին հույները։ Նրանք, իհարկե, մեղադրում էին չար ուժերին և փորձում էին դրանց դուրս հանել գլխից։ Այսօր արդեն շատ բան գիտենք միգրենի մասին։
Ինչ է միգրենը
Միգրենը ժառանգական հիվանդություն է, որի հիմնական նշանը գլխացավն է։ Երբեմն ցավին միանում է սրտխառնոցը, լսոության և տեսողության զգայունությունը. սովորական ձայներն ու թեթև լույսը սուր, նյարդայնացնող են թվում։ Միգրենի մասին երբեմն վկայում են գլխապտույտը, տեսողության ժամանակավոր վատացումը։ Հիվանդությունը հանդիպում է թե կանանց, թե տղամարդկանց շրջանում, սակայն, վիճակագրության համաձայն՝ կանայք առավել հաճախ՝ 3 անգամ ավելի շատ են բախվում այս խնդրի հետ։ Սա բացատրելու համար տարբեր փաստարկներ են առաջ քաշվում. կանանց շրջանում միգրենն ավելի հաճախ է ախտորոշվում, քանի որ նրանք ավելի հաճախ են բժշկի դիմում։
Ինչ անել, եթե խնդիրը տանջում է ձեզ
Առաջին հերթին՝ հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը և ճշտել ախտորոշումը։ Ոչ բոլոր, նույնիսկ ուժեղ գլխացավերն են վկայում այն մասին, որ խնդիրը միգրենն է։ Բժիշկը կօգնի ձեզ դեղամիջոց գտնել, որը կթեթևացնի վիճակը։ Ապա հարկավոր է հասկանալ, թե որ գործոններն են նոպա առաջացնում.
- սթրես
- քնի պակաս
- որոշակի մթերք՝ շոկոլադ, շաքար, սուրճ, աղի մթերք, պանիր, միս
- ալկոհոլ
- սուր հոտեր, ձայներ, լույս
- չափազանց մեծ ֆիզիկական ծանրաբեռնվածություն
- եղանակային փոփոխություններ։
Աշխատեք խուսափել սրանցից։ Եթե զգում եք, որ գլուխը սկսում է ցավել, պետք չէ թողնել, որ այն սկսի ձեզ չափից շատ անհանգստացնել։ Բժշկի հետ խորհրդակցելով՝ ընդունեք դեղամիջոց։ Աշխատեք մի քանի ժամ հանգիստ վայրում լինել և հանգստանալ։ Եթե նոպան ամեն դեպքում սկսվել է, աշխատեք լինել հանգիստ, լուռ պայմաններում, պառկած վիճակում։
Գլուխը երբևէ կդադարի՞ ցավել։ Հնարավոր է՝ առավել մեծ տարիքում։ Հիվանդությունը հատկապես ուժեղ է արտահայտված 30-40 տարեկան անձանց շրջանում, երբ մարդը արտադրողականության պիկում է։ Պրակտիկայում մեծահասակ մարդիկ ավելի քիչ են բողոքում ուժեղ նոպաներից։ Բացառություններ, իհարկե, լինում են։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը