Արմեն Հովասափյանի նոր գրառումը. «Հայաստանը նախկին ԽՍՀՄ այն երկրներից է, որտեղ անցումը ժողովրդավարության ուղեկցվում էր խաղաղ ցույցերով: Անցումային գործընթացի սկիզբն այստեղ հանգիստ էր և համընթաց, սակայն հիմնական խնդիրը ղարաբաղյան հակամարտությունն էր:
Եթե փորձենք տալ ՀՀ ընդդիմության ընդհանուր բնութագիրը, ապա կարող ենք ասել, որ առայժմ առկա չէ ինստիտուցիոնալացված ժողովրդավարական քաղաքական ընդդիմություն. ընդդիմադիր ուժերի մեծ մասը չունի կազմակերպչական ամբողջականություն, զարգացած ենթամիավորներ, ֆորմալ և կայուն նորմեր, հստակ սոցիալական հիմքեր և այլն: Սա մի կողմից կապված է այն հանգամանքի հետ, որ դեռևս ավարտված չէ ժողովրդավարացման գործընթացը, և, հետևաբար, ամբողջատիրական համակարգից ժողովրդավարության վերափոխման և համախմբման հաջող ավարտն անցումային համակարգում կարող է դիտարկվել և գնահատվել որպես առանձնահատուկ ինստիտուտ, որը գոյություն ունի քաղաքական համակարգի տարբեր մակարդակներում և ունի որոշակի կառուցվածք ու գործառույթներ: Մյուս կողմից էլ, իհարկե, սա գալիս է ընդդիմության ղեկավարների անձնական շահերի առաջնային դերից:
Այսինքն՝ ընդդիմությունն իշխանության մեջ է ներգրավվում ոչ թե ժողովրդավարացման գործընթացը խթանելու համար, այլ ելնելով անձնական շահերից: Որպես կանոն, ընդդիմադիր միավորները, գալով իշխանության, երբեմն մոռանում են իրենց հռչակած արժեքների, նորմերի և գաղափարների մասին և դիրքերի ամրապնդման նպատակով համագործակցում են իշխանության ղեկին գտնվողների հետ՝ չկատարելով իրենց հիմնական գործառույթը, այն է` արտահայտել հակադիր/այլընտրանքային առաջարկներ, որոնց միջոցով հնարավոր կլինի գտնել մի շարք խնդիրների լուծման օպտիմալ տարբերակներ»: