Հայ շախմատիստուհի, գրոսմայստեր, միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը շախմատային աշխարհից հեռանալու մտադրություն ունի: Նա Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակով մասնակցում է ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին: Բացի համամասնական ցուցակից, որտեղ նա 137-րդ տեղում է, շախմատիստուհին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է թիվ 7 ընտրատարածքում, որն ընդգրկում է Արագածոտնի մարզը:
Ի դեպ, Լիլիթը նույն մարզի Փարպի գյուղից է:
Լիլիթ Մկրտչյանի հետ զրուցել է Aysor.am-ի թղթակիցը:
– Երբ համամասնական ցուցակում և ռեյտինգային թեկնածուների ցանկում տեսանք Ձեզ, անկեղծ ասած, զարմացանք: Առաջին հարցս հենց այդ մասին է՝ ինչո՞ւ եք գնում քաղաքականություն:
– Երբ Հանրապետական կուսակցությունից ստացա առաջարկն առաջադրվել Արագածոտնի մարզում որպես պատգամավորության թեկնածու, գիտեք, մտածեցի, որ կուսակցությունում կան շատ հմուտ ղեկավարներ և եթե նրանք տեսնում են իմ մեջ նաև այդ որակները, որ ես կարող եմ դրսևորել քաղաքական դաշտում, վստահում են ինձ, ուզում են իմ թեկնածությունն առաջադրել, ես մտածեցի, որ պետք է փորձեմ և տեսնեմ, թե ժողովուրդը ինչպես կարձագանքի դրան, ինչպես կտեսնի ինձ այս դերում: Եթե ստացվի, որ հայտնվեմ ապագա Ազգային ժողովում, իմ ամբողջ ներուժը, այն հմտություններն ու համոզմունքները, որ այս տարիների ընթացքում ձեռք են բերվել շախմատի պայքարի մեջ, հուսով եմ, որ կկարողանամ օգտագործել նաև այս ոլորտում: Այդ հմտությունները կօգնեն նաև օգտակար լինել իմ երկրին, ժողովրդին:
– Կուսակցական չեք:
– Ես Հանրապետական կուսակցության անդամ եմ: Անդամագրվել եմ տարիներ առաջ: Պետք է ասեմ, որ Հանրապետական կուսակցությանն անդամագրվելը կապված է եղել մեր նախագահի անձի հետ, որովհետև գիտեք երևի, որ մեր նախագահը Շախմատի ֆեդերացիայի նախագահն է և արդեն երկար տարիներ ղեկավարում է ֆեդերացիան ու նրա օրոք Հայաստանը դարձավ շախմատային գերտերություն: Շախմատի պատմության մեջ ֆենոմենալ հաջողություններ գրանցեցինք: Այս տարիները, իրոք, ցույց են տվել, որ մեր նախագահը հմուտ, իմաստուն ղեկավար է: Դա է պատճառը եղել, որ ես անդամագրվել եմ Հանրապետական կուսակցությանը:
– ՀՀԿ–ին անդամագրումը նախագահի անձով է պայմանավորված, բայց ծանոթ չե՞ք կուսակցության գաղափարներին:
– Ես քաղաքականության մեջ չեմ եղել, իմ ամբողջ ուղին անցել է շախմատային պայքարի մեջ, սպորտային բուռն կյանքով, մինչև այսօր. վերջերս եմ վերադարձել Իրանից, որտեղ աշխարհի առաջնությանն էի մասնակցում: Ես քաղաքականության մեջ ամբողջությամբ չեմ եղել, դրա համար չեմ կարող ասել, որ ամբողջությամբ այս ոլորտին տիրապետում եմ: Նոր եմ մտնում այս ոլորտ՝ մեծ եռանդով ու պատասխանատվությամբ եմ մոտենում այս հարցին:
– Ի՞նչ եք խոստանում ընտրողներին, ինչպիսի՞ ընտրապայքար եք ծավալում՝ հաշվի առնելով այն, որ նույն կուսակցությունից Արագածոտնում ռեյտինգային ընտրակարգով բավականին փորձ ունեցող թեկնածուներ են առաջադրված՝ Արագած Ախոյան, Բազմասեր Առաքելյան:
– Իմ նպատակները շատ ազնիվ են, ես շատ ազնիվ նպատակներով եմ մտնում այս դաշտ որքան իմ ուժերի սահմանում է օգտակար լինել իմ երկրին, իմ ժողովրդին: Ես հիմա ուզում եմ ակտիվորեն մասնակցել ամբողջ քարոզարշավի ընթացքին, ինչքան հնարավոր է շատ գյուղեր այցելել, խոսել բնակիչների հետ: Այդ ամենը ուզում եմ տեսնել իմ աչքերով, նրանց խնդիրները լսել հենց իրենցից, փորձել կուսակցության ծրագիրը, խնդիրները լուծելու տարբերակները մարդկանց ներկայացնել: Թող ժողովուրդը որոշի, թե ում է ուզում տեսնել ընտրված: Ես կողմ եմ ազատ ու արդար ընտրապայքարի, մրցակցությանը: Հորդորում եմ բոլորին լուրջ վերաբերվեն այս ընտրություններին, որովհետև շատ կարևոր հարց է լուծվում՝ պետք է ընտրվի մեր ապագա Ազգային ժողովը, այնուհետև կառավարությունն է կազմվելու:
– Մարդկանց շրջանում կա տարածված կարծիք, որ, դուք ՀՀԿ–ի կողմից ներկայացվել եք, որպեսզի մաքուր պահեք կուսակցության անունը…
– Ճիշտն ասած, չեմ կարծում, թե այդպես է: Ընդհակառակը, կարծում եմ, որ կուսակցությունը ուզում է նոր սերնդի ալիք բերի Ազգային ժողով՝ նոր դեմքերով ներկայանա իր ընտրողին: Շատ ուրախ եմ, որ նման կարծիք կա, որովհետև, այո, իմ ուղին արդար է, նպատակները ազնիվ է, իմ ամբողջ շախմատային ուղին էլ ես արդար եմ անցել և այս դաշտ էլ մտնում եմ ամբողջությամբ ազնիվ նկատառումներով և մաքրությամբ: Կարծում եմ, որ ժողովուրդը կգնահատի հենց այդ արժեքները ու վստահություն կներշնչեմ իմ ընտրողին:
– Լիլիթ, Ձեր մուտքը քաղաքականություն արդյոք ենթադրո՞ւմ է, որ դուք դուրս եք գալիս, հրաժարվում եք շախմատից:
– Տեսնենք՝ ինչպես կստացվի ապրիլի 2-ից հետո ամեն ինչ պարզ կլինի, թե որտեղ ես կգտնվեմ: Եթե ժողովրդի վստահությունն ստանամ ու հայտնվեմ մեր գալիք խորհրդարանում, բնական է, որ շախմատը կանցնի երկրորդ պլան, որովհետև, ինչպես նշեցի, մեծ պատասխանատվությամբ ու լրջությամբ եմ վերաբերվում այս նոր ոլորտին: Ինքս իմ նկատմամբ շատ խստապահանջ եմ, ես եղել եմ շախմատում ու այս ոլորտում ինձ համար շատ բացեր կան, հետևաբար ես պետք է շատ աշխատեմ ինձ վրա, փորձեմ բացերը լրացնել, համապատասխանել այն պատգամավորի կերպարին, որն ուզում եմ տեսնել: Բնական է, որ այդ պարագայում չեմ կարող ժամանակ հատկացնել շախմատին:
– Չեք ափսոսո՞ւմ դրա համար:
– Գիտեք, այսպես ստացվեց: Ժամանակ առ ժամանակ ինձ մոտ գալիս էին այդ մտքերը, որ պետք է մի ուրիշ ուղիում էլ, եթե հնարավոր է, ինձ տեսնեմ: Չէի մտածում, որ դա կլինի հենց քաղաքականությունը: Տեսնենք՝ ինչ կլինի: Շախմատային կյանքը հեշտ կյանք չէ. անընդհատ մրցաշարեր, հավաքներ, լարվածություն, ճանապարհորդություն և իսկապես գալիս է մի պահ, որ ցանկանում ես նստակյաց կյանք վարել:
– Ձեր ամուսինը գերմանացի է, նա ինչպե՞ս ընդունեց այդ որոշումը:
– Մեծ ոգևորությամբ: Ինքը շատ լավ է նայում այս ամենին: Ասեմ, որ գերմանացի է, բայց շատ սիրում է Հայաստանը ու հայերին: Արդեն չորս տարի է՝ ամուսնացած ենք, բայց դեռ չենք կարողանում կողմնորոշվել, թե որ երկրում պետք է հիմնվենք, որովհետև այստեղ էլ ենք մեզ լավ զգում, այնտեղ էլ: Իսկապես, չենք կարողանում կողմնորոշվել, ապրիլի 2-ից հետո արդեն պարզ կլինի. եթե հաջողվի անցնել խորհրդարան, կհաստատվենք Հայաստանում: Ամուսինս դրական է նայում դրան: