Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Անդրանիկ Զաքարյանը:
-Անդրանիկ, վերջին շրջանում հեռուստաէկրաններին Ձեզ հազվադեպ ենք տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված էկրանային պասիվությունը:
– Վերջին շրջանում թատրոնում զբաղվածությունս մեծ է, պրեմիերաներ ունեինք ու ստիպված որոշ առաջարկներ մերժեցի: Փետրվար ամսին երկու պրեմիերայի հանձնմանն եմ մասնակցել. խոսքը «Պեպոն»-ի ու «Արծվաբույն»-ի մասին է: Ինչ վերաբերվում է էկրանային զբաղվածությանը, իհարկե, նորմալ առաջարկներից չեմ հրաժարվի: Միաժամանակ, պետք է նկատեմ, որ սիրված դերասանը միայն էկրաններով չէ, որ ակտիվ պետք է լինի. մարդիկ գիտեն, որ ես աշխատում եմ թատրոնում եւ մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ քիչ նկարահանվելով՝ ես երբեք հանդիսատեսի սիրո պակասը չեմ զգացել: Ուրախ եմ, որ իմ մասնագիտությամբ աշխատում եմ ու սիրում եմ աշխատանքս թատրոնում:
-Համաձայն եմ, որ սիրված դերասանին կարող են նաեւ թատրոնում տեսնել, բայց շատ ժամանակ հատկապես մարզերում ապրող մարդիկ թատրոն գալու հնարավորություն չունեն ու Ձեր բացը կարող են զգալ:
– Այս հարցն էլ լուծում ունի. մենք մեր թատրոնով հաճախ ենք լինում մարզերում ու այս պահին էլ արդեն հյուրախաղերի նշանակված օրեր ունենք. «Արծվաբույն» ներկայացմամբ շրջելու ենք ամբողջ Հայաստանով մեկ: Շատ անկեղծ եմ ասում՝ չեք պատկերացնի, թե ի՞նչ հաճույքով եմ մեր մարզերում հյուրախաղերի մեկնում. Ժողովուրդը շատ ջերմ է ընդունում, մենք էլ շատ հաճույքով խաղում ենք:
-Հետաքրքիր է՝ առաջարկ ստանալիս, ի՞նչը կարող է Ձեզ մերժելու առիթ տալ:
– Թերեւս իմ ցանկությունները նույնն են, ինչ բոլոր դերասանների դեպքում. Նախեւառաջ ուզում եմ, որ դերասանական կազմը բաղկացած լինի դերասաններից, որովհետեւ դերասանների հետ աշխատելը հեշտ ու արդյունավետ է: Իհարկե, հասկանում եմ, որ միշտ չեն կարող գլուխգործոցներ ծնվել, բայց դերասանների մասնակցությունը կարող է աճ ապահովել նախագծերին: Ինձ համար նաեւ շատ հաճելի է, երբ հեռուստասերիալներն ամբողջությամբ նկարահանվում են, հետո նոր ցուցադրվում. Դա եւս ապահովում է լավ որակ, այդ դեպքում կա հստակ սցենար, դերասանն էլ կարողանում է լավ պատրաստվել իր կերպարը մարմնավորելուն: Միաժամանակ, հասկանում եմ, որ մեր օրերում միշտ չէ, որ հնարավոր է այդպես աշխատել: Նաեւ ինչպես ռեժիսորն է ընտրում դերասաններին՝ իմանալով նրանց կարողությունները, այնպես էլ բոլոր դերասաներն են ճանաչում թե լավ ռեժիսորներին, թե սցենարիստներին ու առաջարկ ստանալիս հաշվի են առնում դրանք: Ինքս միշտ հետաքրքրվում եմ սցենարով, որովհետեւ որպես դերասան ինձ համար դա շատ հուզող խնդիր է, նաեւ ուշադրություն եմ դարձնում կերպարիս: Հնարավոր է, ինձ առաջարկեն մի դեր ու ես հասկանամ, որ դա իմը չէ, հրաժարվեմ, կամ առաջարկեմ մյուս կերպարը փորձել: Ինքս ինձ հետ միշտ անկեղծ եմ այդ առումով եւ ոչ միայն:
-Անդրանիկ, ըստ Ձեզ, այսօր դերասանին ի՞նչ է պակասում:
– Ես միայն կցանկանայի, որ մեր երկրում ֆիլմարտադրությունը զարգացում ապրի: Իհարկե, առաջին քայլերն արվում են, ինչի համար շատ ուրախ եմ: Մենք միշտ կարոտով ենք հիշում մեր հայտնի ռեժիսորներին, դերասաններին, բայց հաստատ այսօր էլ ունենք հարգանքի արժանի շատ լավ ռեժիսորներ ու դերասաններ: Կցանկանայի, որ ժողովուրդը կարողանար տեսնել այսօրվա շնորհալիներին եւս: Այսօր, ցավոք, Թատերական ինստիտուտը դեռ չավարտած երեխեքին տանում են, որպեսզի էժան կամ անվճար նկարեն, բայց եթե նրանք ավելի շատ ժամանակ ծախսեն ուսման վրա, հաստատ ավելի շատ բան կսովորեն: Մեր տարիներին մեզ չէին թողնում առանց ավարտելու խաղալ, դա հաստատ ավելի ճիշտ աշխատելաոճ է: Իհարկե, կգտնվեն շատ տաղանդավորները, որոնք ուսանելու տարիներից սկսած կարող են լավ խաղալ, բայց այդպես մյուսները մտածում են, որ իրենք էլ կարող են ու արդյունքում անհաջող աշխատանք է ստեղծվում:
-Ուզում եք, որ ֆիլմարտադրությունը շատանա, իսկ գործող ֆիլմերը Ձեզ գոհացնո՞ւմ են:
– Իհարկե, կան ֆիլմեր, որոնք շատ լավն են ու կոտրել են կարծրատիպերը, հատկապես «Կյանք ու կռիվ» ֆիլմը իսկապես շատ բարձրորակ է, բայց կան ֆիլմեր, որոնք մեկ անգամ դիտելուց հետո, եթե ստիպեն երկրորդ անգամ չեմ դիտի: Արժեքավոր ֆիլմեր հաստատ ստեղծվում են, բայց քիչ: Հիմա ֆիլմեր են նկարահանվում այսօրվա հումորի վրա, որը հինգ տարի հետո եկող սերունդի համար անհասկանալի կլինի: Ավելին՝ այսօր նույն ֆիլմը դիտում եմ ես ու կարող եմ ծիծաղել, բայց մորս համար անհասկանալի լինի: Հասարակ հումոր է պետք, նման ֆիլմերը պետք է նկարահանվեն բոլորի համար:
-Անդրանիկ, չեմ կարող չխոսել այն մասին, որ ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին բոլորից թաքուն մեկնեցիք Արցախ: Դրա մասին երբեք չեք բարձրաձայնել, բայց հիմա կցանկանայի:
– Անկեղծ ասած, հիմա էլ չեմ ցանկանում խոսել, որովհետեւ դա գեղեցիկ չի լինի:
-Դուք երկու երեխա ունեք. հետաքրքիր է՝ ի՞նչ կերպ եք կազմակերպում նրանց դաստիրակությունը, որ հատկապես որդին էլ Ձեր պես մտածի ու Աստված մի արասցե, անհրաժեշտության դեպքում պատրաստ լինի հայրենիքը պաշտպանել եւ դա անի առանց հրապարակայնեցնելու:
– Ես երբեք չեմ զբաղվում երեխաներիս դաստիարակությամբ եւ ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ է նշանակում երեխային դաստիարակել հասկացությունը: Երեխային չեն դաստիարակում, երեխայի կողքին ապրում են ճիշտ: Երբեք երեխան չպետք է տեսնի, որ ծնողը ինչ-որ մեկին խաբում է, ստում, որ ծնողը ունակ է վատ արարքի: Երբ երեխան տեսնում է քո հյուրընկալությունը, ընկերասաիրությունը, բարի գործերը, ապա դաստիարակվում է հենց այդպիսին: Ծնողը ավելի շատ կարող է անհանգստանալ երեխայի հասուն տարիքում ու փորձի հետ պահել վատ շրջապատից, հետեւեի, որ զավակը կրթություն ստանա, դասերից չբացակայի, բայց ոչ՝ դաստիարակի: Իմ ծնողը երբեք չի ասել՝ «Անդրանիկ, դու պետք է մեծանաս ու ծառայես Հայոց բանակում», կամ երբեք ծնողս չի ասել՝ չստես: Ես տեսել եմ ծնողներիս մարդասիրական տեսակը ու դաստիարակվել եմ դրա մեջ: Նույն կերպ փորձում եմ ինքս ճիշտ ապրել, որպեսզի երեխաներս դա տեսնեն: Ծնողը պետք է կարողանա աննկատ երեխայի մեջ ճիշտ մարդ ձեւավորել: