Ներկայացնում ենք Ինստիգեյթ ընկերություն գլխավոր ինժեներ Վահագն Պողոսյանի դասական հայերենով Facebook-յան գրառումը.
«Մի պահ մենք որոշեցինք, որ թէեւ հայրենիք ունենք, բայց պետութիւն չունենք։ Համապատասխան եզրակացութիւններն արուեցին ու թուաց թէ գործն առաջ է գնում։ Բայց էդ գործը առաջ է գնում հիմնականում կրթութեան մասով ու մի քիչ էլ տնտեսութեան, միգուցէ որոշ չափով ռազմարդիւնաբերութեան։ Կամ այդպէս ենք ուզում հաւատալ։
Մնացածը շարունակում է աւելի արագ քանդուել քան հասցնում ենք կառուցել. ռազմաքաղաքական սահմանը ռուսն է պահում ու դրա շեշտադրումը փոխանակ նուազի, խօսում ենք աճեցնելու վերաբերեալ; տնտեսական-մաքսային սահմանը ամբողջութեամբ յանձնուել է Մոսկուային, մնում է ՀՀ դրամից հրաժարուենք ու ռուբլու անցնենք։ Բարոյահոգէբանական անկման ու յարձակումների մասին չասեմ. հաց բերողին սպանեցինք, ընտրութիւնները նշանակել ենք ապրիլի երկուսին, ներքին թշնամին աւելի շատ է վնաս տալիս քան արտաքինը…
Իսկ աշխարհի ամենաարագ պոռթկումային զարգացում ունեցած երկրներից մէկի՝ (Սինգապուրն ու Իսրայելը ղալաթ են արել) հիտլերեան Գերմանիայի եզրակացութիւնը իր նեղ օրերին այն էր, որ պետութիւն չունենալը կէս փորձանք է, փորձանքն էն է որ բանակ չունես։ Բանակի զարգացումը ու նուաճողական քաղաքականութիւնը պետութեան ստեղծման ու ամրապնդման անհրաժեշտ հիմքն են ու զարգացող, աճող, երիտասարդ, համակարգի անհրաժեշտ յայտանիշը։ Պաշտպանական քաղաքականութիւնը՝ հակառակը, մեռնող, ծերացող համակարգի յայտանիշ է։
Էս միտքը շարունակւում է՝ բանակի հիմքում ընկած է բանակավարութիւնը (լոգիստիկա են ասում գրաբարով, կառավարչական եւ կազմակերպման համակարգը), կ’ասէին գերմանացիք։ Ինչի հիմքում իր հերթին կապի միջոցներն են ու կազմակերպուած գործելու մշակոյթը։ Բայց հայերը չեն կարող այդպէս ասել, որովհետեւ աւելի տարրական մի բանի պակաս կայ՝ բանակին զինուոր է պէտք, երեխայ պիտի աւարտի դպրոցը բաւարար քանակով որ կարողանաս բաւարար քանակով զինուոր ունենաս։
Այնպէս որ, շարունակում ենք դպրոցով զբաղուել, պաշտպանութեան բանակից անցնել յարձակման բանակի կամ ազգ-բանակի, բայց այդ միջոցին չպիտի մոռանանք ի՞նչ անել… Անփորձներին յուշեմ՝ երեխայ ունենալը միգուցէ հեշտ է, պահելը դժուար. սկզբում շատ դժուար է, յետոյ՝ է՛լ աւելի դժուար, բայց երեխան երբ ծնւում է, իր բաժին յաջողութիւնը իր հետ միասին գալիս է։
Ինձ թւում է միակ արգելքը ներքին անվստահութիւնն է արժանիքի վրայ։ Էն ինչ որ կատարւում է հիմա բարոյահոգեբանական դաշտում միտուած է մարդկանց լրիւ յուսահատեցնելու վրայ՝ համոզելու որ մենք արժանի չենք անկախ պետութիւն լինելու։ Ընդ որում յարձակումն ու հարուածներն արդէն այնքան խորն են որ առանց համընդհանուր մոբիլիզացիայի էս անգամ տակից դուրս չենք գայ։ Ու քանի որ կենտրոնը դա չի անելու (ուշացած է անելու), ապա հիմա է պէտք բոլոր խմբերը ընկերական, մասնագիտական, եւ այլն հաւաքուեն ու քննարկեն իրենց (հէնց իրենց, ոչ թէ կառավարութեան կամ ընդդիմութեան կամ այլ խմբերի) անելիքները՝ վերջնական կործանումը խափանելու համար։
Մետաֆիզիկական առումով առաջին յայտանիշը բուժուելու կը լինի այն որ ընտրութիւնների օրը փոխենք։ Առնուազն»։