Միջպետական պայմանագրերը հայոց պատմության մեջ
Advertisement 1000 x 90

Միջպետական պայմանագրերը հայոց պատմության մեջ

Շարունակում ենք ներկայացնել պատմաբան Վահե Անթանեսյանի «Միջպետական պայմանագրերը հայոց պատմության մեջ» ակնարկը:

Ճշմարիտ է ասված, որ հայրենիքի սահմանները գծում են ռազմիկներն իրենց արիությամբ ու զենքի ուժով: Սակայն միշտ չէ, որ այդպես է: Հաճախ լինում են դեպքեր, երբ ռազմադաշտում ձեռքբերածը կորցնում ես դիվանագիտական ասպարեզում, և արդյունքում տանուլ ես տալիս թե կռիվը, թե պատերազմն առհասարակ:

ՏՐԱՊԻԶՈՆԻ 1021 ԹՎԱԿԱՆԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Սա հայության համար երբևէ կնքված ամենախայտառակ պայմանագրերից է: 1020 թվականին Բյուզանդիան պատերազմի է բռնվում Վիրա-ափխազական թագավորության դեմ: Հայոց Հովհաննես-Սմբատ Գ արքան անխոհեմ է գտնվում և օգնություն է ցուցաբերում վրաց արքա Գյորգի Բ-ին: Մեկ տարի անց Բյուզանդիայի Վասիլ Բ Բուլղարասպան կայսրը պատժիչ արշավանք է ձեռնարկում դեպի արևելք: Որպեսզի կանխի կայսերական բանակի մուտքը Հայաստան, հայոց արքան նրա մոտ Տրապիզոն, բանակցությունների է ուղարկում Պետրոս Ա Գետադարձ կաթողիկոսին: Վերջինս օգտվելով իրեն շնորհած արտակարգ լիազորություններից՝ հայոց արքայի անունից կտակ է գրում կայսրին, որ, Հովհաննես-Սմբատն իր մահից հետո իր թագավորությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը…

Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական բանակը հայտնվեց Անվո պարիսպների տակ, սակայն Վահրամ Պահլավունի սպարապետը ջարդ տվեց նրանց ու վտարեց երկրից: Ամեն դեպքում՝ այս պայմանագիրը նպաստեց Անիի Բագրատունիների թագավորության կործանմանը:

1727 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՅ – ՊԱՐՍԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1722 թվականին Դավիթ Բեկն իր քաջերով ազատագրական պայքար ծավալեց Սյունիքում և այնտեղ անկախ հայկական իշխանապետություն հաստատեց: Դավիթ Բեկի իշխանությունը ստիպված էր ճանաչել պարսից շահը, քանի որ մոտեցող թուրքական սպառնալիքի պայմաններում նրան հանձիս հայերի՝ հզոր դաշնակից էր պետք: 1727 թվականին Դավիթ Բեկի և պարսից շահի միջև կնքվում է պայմանագիր, համաձայն որի՝

Ա. Պարսկաստանը ճանաչում է Դավիթ Բեկի իշխանությունը, Դավիթ Բեկը անվանականորեն ճանաչում է պարսիկների գերագահությունը:

Բ. Երկու կողմերը ըստ հարկի ռազմական փոխօգնություն են ցուցաբերում:

Գ. Անդրկովկասում գտնվող պարսկական զորքերը (Երևանի, Նախիջևանի, Գանձակի խանություններ…) ենթարկվում են Դավիթ Բեկի հրամանին:

Դ. Դավիթ Բեկը ստանում է դրամ կտրելու իրավունք:

Սա երբևէ կնքած լավագույն պայմանագրերից է, երբ զենքով ձեռքբերածը Դավիթ Բեկը կարողացավ ամրագրել նաև դիվանագիտության ասպարեզում: Հաջորդ քայլը բնականաբար, արքայական թագը պիտի լիներ: Ցավոք, պայմանագիրը փաստացի չգործեց՝ Դավիթ Բեկի, կասկածելի հանգամանքներում մահվան պատճառով:

1918 ԹՎԱԿԱՆԻ ԲԱԹՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1918 թվականի հունիսի 4-ին Բաթումում Օսմանյան Թուրքիայի (Խալիլ բեյ, վեհիբ Մեհմեդ փաշա) և Հայաստանի հանրապետության (Ա.Խատիսյան, Հովհ.Քաջազնունի, Մ.Պապաջանով) կնքվում է հաշտության և բարեկամության պայմանագիր:

Չնայած նախորդած մայիսյան հերոսամարտերին՝ ՀՀ ղեկավարությունը չկարողանալով ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում՝ կնքեց ոչ հայանպաստ պայմանագիր Թուրքիայի հետ:

Այս խայտառակ պայմանագրով ՀՀ տարածքը սահմանվում էր 12.000 քառակուսի կմ: Հայկական երկաթուղին անցնում էր Թուրքիայի տրամադրության տակ, սահմանափակվում էր ՀՀ զինված ուժերի թվաքանակը, ՀՀ պարտավորվում էր ցրել բոլոր ֆիդայական ջոկատները:

Սույն պայմանագրով, ՀՀ փաստորեն, դառնում էր Օսմանյան Թուրքիայի ինքնավար մի կցորդը՝ գրեթե զուրկ անկախությունից:

Բաթումի պայմանագիրը բարեբախտաբար, երկար չգործեց. Այն լուծվեց 1918 թվականի աշնանը՝ Մուդրուսի զինադադարով, երբ Թուրքիան իրեն պարտված ճանաչեց պատերազմում:

1918 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ՄՈՒԴՐՈՒՍԻ ԶԻՆԱԴԱԴԱՐԸ

ՀՀ անմիջականորեն չի մասնակցել և չի ստորագրել այս զինադադարի տակ, բայց նրա մեջ կային կետեր, որ վերաբերվում էին Հայաստանին և հայությանը:

1918 թվականի հոկտեմբերի 30-ին հունական Լեմնոս կղզու Մուդրուս նավահանգստում կնքվեց զինադադար՝ Անտանտի երկրների ներկայացուցիչների և Օսմանյան Թուրքիայի միջև, որի համաձայն Թուրքիան իրեն պարտված ճանաչեց առաջին աշխարհամարտում:

11-րդ հոդվածով թուրքական պետությունը պարտավորվում էր հետ քաշել իր զինուժը Անդրկովկասից: Արդյունքում՝ ՀՀ բանակն առաջխաղացավ և ազատագրեց մինչև 1914 թվականը գոյություն ունեցող ռուս-թուրքական սահմանագիծը եղած հողերը:

16-րդ հոդվածով Թուրքիան պարտավորվեց հետ քաշել ուժերը նաև Կիլիկիայից: Հետագայում այնտեղ Միհրան Տամատյանը հռչակեց Կիլիկիայի անկախ հանրապետությունը, սակայն ֆրանսիացիների նենգ դավաճանության արդյունքում կիլիկյան հանրապետության ծնունդը վիժեցվեց:

Մուդրուսի զինադադարը ըստ երևույթին արտասովոր էր նրանով, որ հայերն այն չստորագրեցին որպես կողմ, սակայն առանց արյունի ՀՀ ընդարձակեց իր տարածքները…

1920 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի ՍԵՎՐԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

1920 թվականի օգոստոսի 20-ին Ֆրանսիայի Սևր քաղաքում պայմանագիր կնքվեց առաջին աշխարհամարտում հաղթանակած Անտանտի երկրների և պարտված Թուրքիայի միջև: Հայության համար նախադեպը չունեցող բարենպաստ այս պայմանագիրը ՀՀ կողմից ստորագրեց Ավետիս Ահարոնյանը:

Պայմանագրի 88-93-րդ հոդվածները վերաբերվում էին Հայաստանին: Պայմանագրի համաձայն Հայաստանի սահմանները պետք է գծվեին ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով: Վիլսոնի քարտեզով Հայաստանի հանրապետությանը պիտի կցվեին շուրջ 110.000 քառակուսի կիլոմետր տարածք, իսկ ՀՀ վիճելի սահմանագիծը Վրաստանի և Ադրբեջանի միչև պիտի լուծվեր կամ բանակցությունների միկջոցով, կամ՝ Անտանտի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովի վճռով:

Պայմանագրով Հայաստանը ելք էր ստանում դեպի Սև ծով, ՀՀ էին միացվում պատմական հայրենիքի հիմնական մասը և ՀՀ տարածքը կազմելու էր շուրջ 186.000 քառակուսի կիլոմետր:

Սակայն, ցավոք, սույն պայմանաիրը մնաց թղթի վրա, քանզի Թուրքիայում սկիզբ առավ Քեմալական շարժումը, որ դաշնակից ունենալով բոլշևիկյան Ռուսաստանին՝ ոչ միայն խոչնդոտեց Սևրի պայմանագրի կիրառմանը, այլև արյան մեջ խեղդեց Հայաստանի անկախությունը:

1920 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2- Ի ԱԼԵՔՍԱՆԴՐԱՊՈԼԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Խայտառակ ու ստորացուցիչ այս պայմանագիրը 1920 թվականի դեկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ՀՀ անունից ստորագրել է Ալեքսանդր Խատիսյանը, Թուրքիայի կողմից՝ Քյազիմ Կարաբեքիր փաշան: Պայմանագիրը կնքվեց երկու օրինակից՝ հայերեն և թուրքերեն. Այն իր մեջ 18 հոդված է պարունակում:
Պայմանագրի համաձայն Թուրքիային էին անցնում Կարսի մարզն ու Սուրմալուն, իսկ Շարուր-Նախիջևանը ժամանակավորապես անցնում էին Թուրքիայի հովանու տակ, և այդ մարզերի ճակատագիրը պետք է որոշվեր հանրաքվեով:

ՀՀ զինված ուժերը սահմանափակվում էին 1500 զինվորով, իսկ սպառազինությունը՝ 8 թնդանոթ, 20 գնդացիր:

Հայաստանը սույն պայմանագրով հրաժարվում էր Սևրի պայմանագրից:

3-րդ հոդվածում նաև ասված էր, որ այդ տարածքները «անվիճելի պատմական, էթնիկական և իրավական կապ ունեն Թուրքիայի հետ», որով փաստորեն նախապես բացառվում էր հանրաքվեի անհրաժեշտությունը։

Զրկվում էր նաև ընդհանուր զինապարտություն մտցնելու և բանակ պահելու իրավունքից, նա կարող էր ունենալ միայն 1500 զինվոր, 8 թնդանոթ և 20 գնդացիր։ Կարող էր կառուցել ամրություններ և նրանցում տեղադրել անհրաժեշտ ծանր հրետանի, պայմանով, որ չլինեն 15 սմ տրամաչափի ու հեռահար հրանոթներ:

5-րդ հոդվածով Երևանի կառավարությունը հրաժարվում էր Սևրի հաշտության պայմանագրից, պարտավորվում էր Եվրոպայից և ԱՄՆ-ից հետ կանչել իր պատվիրակներին «պետական կառավարումից հեռացնել այն բոլոր անձանց, որոնք հրահրում և հետապնդում են իմպերիալիստական խնդիրներ…»։ Ինչպես նաև անվավեր էր ճանաչում բոլոր այն պայմանագրերը, որ կնքվել են ի վնաս Թուրքիայի կամ շոշափել են նրա շահերը։

Թուրքիան իրավունք էր ստանում վերահսկել Հայաստանի երկաթուղիներն ու հաղորդակցման ճանապարհները, ռազմական միջոցառումներ ձեռնարկել Հայաստանի տարածքում
7-րդ հոդվածով «Թուրքիայի կառավարությունը հրաժարվում է ներկա պատերազմի հետ կապված ծախսերի հատուցումից… պայմանավորվող երկու կողմերը հրաժարվում են նաև համաշխարհային պատերազմի ժամանակ կրած վնասները հատուցելու ամեն տեսակ պահանջներից»։ Դրանով Թուրքիան ազատվում էր ինչպես բնաջնջված, այնպես էլ արտաքսված հայերի ունեցվածքի հատուցումից։

Խայտառակ այս պայմանագիրը իրավական ուժ ունենալ չէր կարող, քանզի նախ այն ինչպես նախատեսված էր, չվավերացվեց մեկ ամիս անց ոչ Թուրքիայի, ոչ Հայաստանի կողմից, ապաև՝ դեռևս 1920 թվականի նոյեմբերի 29-ին ՀՀ կառավարությունը հրաժարվել էր իշխանությունից ու Խատիսյանը իրավական հիմնավորում չուներ, լիազորված չէր կնքելու նման պայմանագիր:

1921 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ՄՈՍԿՎԱՅԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Այս պայմանագրին Հայաստանը չի մասնակցել, բայց այն ուղղակիորեն առնչվում է հայությանը: 1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ՌԽՍՀ և Թուրքիայի միջև կնքվեց բարեկամության պայմանագիր: Պայմանագրի արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Թուրքիայի նվաճումները Հայաստանի նկատմամբ:

Պայմանագրով Թուրքիան հրաժարվում էր Բաթումից, փոխարենը Ռուսաստանը նրան էր զիջում Սուրմալուի գավառը:

Ռուսական կողմից բանակցություններ վարող Գյորգի Չիչերինը ի սկզբանե ունենալով հայանպաստ դիրքորոշում՝ Թուրքիայից պահանջեց հայկական հողերի մի մասը, սակայն Ստալինի և Լենինի ճնշմամբ հրաժարվեց իր պահանջից:

Արդյունքում՝ Կարսի մարզն անցավ Թուրքիային, իսկ Նախիջևանը թուրքերի պնդմամբ միացավ Ադրբեջանին՝ այն երրորդ պետության չզիջելու պայմանով:

Միջազգային իրավունքի տեսակետից՝ Մոսկվայի պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող մասը միջազգային իրավունքի խախտում է, քանի որ «պայմանագրերը կարող են վերաբերել միայն պայմանագիրը ստորագրող կողմերին և որևէ պարտավորություն կամ իրավունք չեն ստեղծում պայմանագրին մաս չկազմող երրորդ կողմի համար առանց վերջինիս համաձայնության»:

1921 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԿԱՐՍԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

Կարսի պայմանագիրը բազմակողմ էր. Այն ստորագրեցին «Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության, Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության և Վրաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետության կառավարությունները մի կողմից և Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը, մյուս կողմից, Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության մասնակցությամբ»:

Կարսի պայմանագրով թուրքերն ամրագրեցին այն, ինչ ձեռք էին բերել դեռևս գարնանը Մոսկվայի պայմանագրով:

Կարսի պայմանագիրը ՀԽՍՀ կողմից ստորագրեցին Ասքանազ Մռավյանն ու Պողոս Մակինցյանը:
Պայմանագիրը միջազգային իրավունքի տեսակետից խոցելի է, քանզի ստորագրման պահին Հայկական ԽՍՀ միջազգային իրավունքի սուբյեկտ չի եղել, բացի այդ՝ պայմանագիրը հետագայում չի վավերացվել կողմերից և ոչ մեկի կողմից: