Պատմաբան Վահե Անթանեսյանը Ավարայրի ճակատամարտի շուրջը ծավալված անցքերի մասին իր տեսակետը ներկայացրել է միկրոբլոգում:
451 թվականի ապստամբությունը հայ իրականության մեջ կարևորվում է երկու պատճառով. նախ, այն համաշխարհային պատմության մեջ առաջին կրոնական պատերազմն է հանուն հավատի, և ապա` այն ունեցավ դարակազմիկ նշանակություն այն պատճառով, որ պատերազմի հերոսների` Վարդանի ու Վասակի հակադիր կերպարները մինչ օրս հայոց մեջ անհաշտ, երբեմն` ծայրահեղ քննարկումների առարկա են: Եվ որպես կանոն` Վարդանն ընկալվում է որպես հերոս, սուրբ նահատակ, իսկ Վասակը` դավաճան և ուրացող: Բայց, ցավոք, պատմությունը միշտ չէ, որ արդար է դատում…
Վարդանանց պատերազմի մասին սկզբնաղբյուրը Եղիշեի «Վասն Վարդանի և հայոց պատերազմի մասին» մատյանն է:
Վարդանանց պատմությունը հայ ժողովրդի ամենասիրած հերոսապատումներից է և Եղիշեի մատյանը բազմիցս ընդօրինակվել է: Մասնավորապես, մատյանի գրաբար բնագիրը առաջին անգամ լույս է տեսել Կոստանդնուպոլսում 1764 թվականին և մինչ օրս վերահրատարակվել
է 5 անգամ: Երկը թարգմանվել է նաև ռուսերեն, անգլերեն, իտալերեն, ֆրանսերեն լեզուներով:
Եղիշեն մատյանը գրել է Մամիկոնյան Դավիթ երեցի պատվերով, հետևաբար, մեր կարծիքով, ինչպես և միջնադարյան շատ աշխատություններ` նրա մատյանում շատ իրադարձություններ մեկնաբանված են միակողմանի, բայց, ամենայնիվ, դժվար է այսօր գերագնահատել Եղիշեի աշխատությունը:
Բացի Եղիշեին, Վարդանանց պատերազմի մասին կարևոր մանրամասներ է հաղորդել նաև 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցին:
Հարկ է նկատել, որ Եղիշեի մոտ ազգ, հայրենիք, կրոն հասկացությունները հիմնականում միաձուլված են, և դա ժամանակի «պահանջն է» բայց դա երբեմն ծայրահեղ դրսևորումների է հասնում:
Քննարկելով ժամանաշրջանի իրադարձությունները, պետք է նկատել, որ պատերազմն ի սկզբանե տանուլ էր տրված. Սասանյան Իրանը ժամանակի հզոր գերտերությունն էր իր ռազմական հզոր ներուժով, և նրա դեմ կանգնած էր պառակտված, մասերի բաժանված թույլ Հայաստանը: Առհասարակ` ապստամբությունը Հայաստանում չնայած մասսայականությանը` համաժողովրդական բնույթ չէր կրում: Նախ, դրան չէին մասնակցում նախարարների մի ստվար մասը իրենց զինուժով, ապա` Հայաստանի արևմտյան հատվածը գտնվում էր Բյուզանդիայի տիրապետության տակ և չէր մասնակցում շարժմանը:
Պատմիչների հավաստմամբ` ճակատամարտի օրը հայոց զորքը կազմում էր 66 000 կռվող. սրանց մի մասը նախարարական զորագնդերն էրն, մյուս մասը` ժողովրդական աշխարհազորը: Այլ կերպ ասած` գերանդիավոր շինականների բազմությունը կանգնած էր թվաքանակով եռապատիկ ավելի ժամանակի հզորագույն բանակի դեմ:
Իսկապես, 5-րդ դարում Սասանյան Իրանը անպարտելի էր և Հազկերտի զորության դեմ, ընկրկում էր անգամ Բյուզանդիան. այդ մասին Եղիշեն գրում է.
«Իսկ երանելի Թեոդոս կայսրը որովհետև խաղաղասեր քրիստոնյա մարդ էր, չկամեցավ նրա դեմ պատերազմի դուրս գալ, այլ Անատոլ անունով մի մարդու, որ արևելքի նրա սպարապետն էր, շատ գանձերով նրա մոտ ուղարկեց: Եվ բռնեց ու նրա ձեռքը տվեց այն պարսիկ մարդկանց, որոնք քրիստոնյա լինելու պատճառով փախել էին և գտնվում էին կայսեր քաղաքում»:
Ահա այսպիսի քսու և թուլակամ իշխողի էին դիմել հայերը և նման քսու կայսրի վարմունքը փորձում է լավ գույներով ներկայացնել Եղիշեն:
Առհասարակ, Վարդանանց պատերազմը զուտ կրոնական պատերազմ էր և ոչ մի աղերս չուներ համաժողովրդական շարժման, կամ ազգային – ազատագրական շարժման հետ: Իսկ շարժումն սկսեց 450 թվականին, երբ պարսից Հազկերտ Բ արքան հայերից պահանջեց հավատափոխություն:
Զրադաշտականությունը ցանկանում էր հայոց մեջ արմատավորել իր գաղափարախոսությունը. Հազկերտն իր հրամանում նշում է.
«Պետք է կարճվի և արգելվի սուրբ ամուսնության օրենքը, որ ունեին նախնիքներից քրիստոնեության սովորության համաձայն. մեկ կնոջ փոխարեն թող շատ կանայք առնեն, որպեսզի Հայոց ազգն աճի, բազմանա…»: Այսինքն, Հազկերտը նպատակ չէր դրել հայ ազգի կործանման կամ ձուլման. նրա խնդիրը հայերին քրիստոնեությունից հետ պահելն էր:
Մինչ այդ, պարսից արքունիքը Հայաստան է գործուղում Դենշապուհ անունով պաշտոնյայի, որ աշխարհագիր է անցկացնում երկրում:
Եղիշեն ներկայացնում է Դենշապուհի կատարած չարագործությունները.
ա. Եկեղեցու ազատությունը ծառայության տակ դրեց:
բ. Վանքերում բնակվող մենակյաց քրիստոնյաներին նույն աշխարհագրի տակ գցեց:
գ. Երկրի հարկն ավելի ծանրացրեց:
դ. Նախարարներին բանսարկությամբ թշնամացրեց միմյանց հետ և ամեն տան մեջ խռովություն գցեց:
Տեսնում ենք` Եղիշեի բերած փաստարկները հիմնականում դիտվում են կրոնի և եկեղեցու դիրքերի, այլ ոչ ժողովրդի կամ պետության, պետականության պաշտպանության շահերից:
Այսինքն` Դենշապուհի չարագործությունների արդյունքում հայ հոգևոր դասը զրկվում է նախկին արտոնություններից, որ ուներ Արշակունիների թագավորության օրոք և հարկատու է դառնում պետությանը: Սա արդեն բավական էր` հայոց երկրում դժգոհության մեծ ալիք բարձրացնելու համար:
Հազկերտին պատասխանելու համար Արտաշատում հավաքվեցին թվով 18 եպիսկոպոսներ և 18 իշխաններ ու նախարարներ: Բացի նշյալներից, այստեղ հավաքվեցին նաև հոգևոր այլ գործիչներ.երեցներ, վանականներ…
Եղիշեի նկարագրությունից երևում է, որ հայ հոգևոր դասի համար առաջնայինը ոչ թե պետականությունն էր, այլ` հավատը: Պարսից արքունիք ուղարկած նամակում գրված էր.
«…Մեր ամբողջ գույքն ու ստացվածքը քո ձեռքումն են, և մեր մարմինները քո առաջն են. քո կամքի համաձայն արա ինչ ուզում ես: Եթե այս հավատքի մեջ թողնես, ոչ երկրի վրա ուրիշ տեր կընդունենք քո փոխարեն, ոչ էլ երկնքում ուրիշ աստված կընդունենք Հիսուս Քրիստոսի փոխարեն»:
Հայերի պատասխան նամակում իսպառ բացակայում էր դիվանագիտությունը, այստեղ խոսում էր կրոնական մոլեռանդությունն ու ծայրահեղ անհանդուրժողականությունը: Հայ հոգևորները անգամ անցնելով չափը` պատասխան նամակում ծաղրում են պարսից հավատը:
Նամակի թելադրմանը շատ քիչ հայ նախարարներ են մասնակցել: Հիմնականում հոգևոր դասն է հավաքվել: Այդ է վկայում նաև Եղիշեն, քանզի գրում է, որ Հազկերտի հրամանը որ եղավ Տիզբոն գնալու, նախարարներից շատերը իր մոտ էին, շատերը` Հոնա պահակում էին, ոմանք միայն Հայոց երկրում:
Ստանալով հայերի պատասխանը` Հազկերտը զայրացած` հայ նախարարներին ու բարձրաստիճան հոգևորականներին կանչում է Տիզբոն` արքունի դիվան:
Տիզբոնում ծուղակն ընկած հայ նախարարները առերես ուրանում են քրիստոնեությունը և վերադառնում Հայաստան: Այստեղ նրանք ազատված պարսկական գերությունից` դեռ չգիտեին իրենց անելիքը և անկազմակերպ էին:
Հայ նախարարների մեջ առանձնակի դեր ու բարձր դիրք ուներ մարզպան Վասակ Սյունին, որ, փաստորեն, երկրի կառավարիչն էր: Վասակից հետո ազդեցիկ էր սպարապետ Վարդան Մամիկոնյանը: Վերջինս, պետք է նկատել, աչքի էր ընկնում ոչ թե որպես զորաց սպարապետ, այլ որպես Մամիկոնյան տան ավագ և Սահակ Պարթևի թոռ, որով էլ հասել էր նման դիրքի:
Մինչ Ավարայրը, Վարդան Մամիկոնյանը որևէ մեծ պատերազմում կամ ճակատամարտում աչքի չի ընկել, և պարսից արքունիքում նրանից վտանգ չէին սպասում. այլապես, որպես Մամիկոնյան պայազատի, հենց նրանից պատանդներ կառնեին, այլ ոչ Վասակ Սյունուց: Սա էլ վկայում է այն մասին, որ Հազկերտը գիտենալով Վասակի ընդունակություններն ու ձգտումները` հենց նրան է համարել հնարավոր ընդվզման առաջնորդն ու Վասակից է զգուշացել: Հետևաբար, ապստամբների պառակտման գործում հավատալ պատմիչներին սխալ է, քանզի ընդհակառակը, համընդհանուր ոգևորության պայմաններում չէր կարող հայոց նախարարների և զորքի կեսը հետ քաշվել շարժումից: Իսկ պառակտման պատճառը, երևի, Վարդանի տարերային, անկազմակերպ շարժումն էր:
Վարդանն իր ելույթում, արքունիքում ասում է. «Կջանամ, որ եթե մինչ այժմ չեմ կատարել որևէ գործ` արժանի անվան ու գովասանքի, այսուհետ ամենայն զորությամբ և ուժով հնար գտնեմ, աստծո օգնությամբ կատարել այնպիսի մի գործ, որ ոչ միայն ձեր Արյաց, այլև կայսեր արքունիքում և ուրիշ ազգերի մեջ պատմվի նրա համբավը հուր – հավիտյան»:
Վարդանը աչքի էր ընկնում համառ, անկոտռում և անզիջում բնավորությամբ:
Տիզբոնում արքայի առաջ առաջինը խոսք վերցրեց Վարդանը: Նա նշելով իր ծառայությունները արքունիքին` ասաց, որ հանձն է առնում մեռնել, քան ուրանալ:
Իսկ մյուսները արքայից ժամանակ խնդրեցին` խորհրդակցելու և պատասխան տալու համար:
Հետագայում, երբ Վարդանին առաջարկում են կեղծ ուրացություն` պատասխանում է. «Չի կարող պատահել, որ ես խաբեմ իմ արարչին` պատճառաբանություններով կամ ճշմարտությամբ, և անօրեն ու մահկանացու ազգի առաջ չեմ ուրանա նրան…», «Քավ լիցի, որ ես մտածելով կարիքների ու վշտերի, կնոջ ու որդիների, և ազգի մասին, մոռացության տամ ու ուրանամ…»:
Այսինքն` սպարապետի համար, որ կոչված էր զենքով պաշտպանել հայրենին ամեն վտանգից` չկա դիվանագիտություն, չկա կոմպրոմիս, երբ խոսքը հավատին է վերաբերում: Նրա համար եկեղեցին, հավատքը վեր է ամենից, անգամ` հայրենիքից և ընտանիքից:
Ի վերջո` նախարարներին հաջողվում է համոզել Վարդանին. «Դու հո Քրիստոսի սուրբ առաքյալ Պողոսից մեծ չես…»:
Մինչ Ավարայրը Վարդան Մամիկոնյանը չի մասնակցել որևէ մեծ պատերազմի կամ ճակատամարտի, և նա, որպես զորավար ուղղակի աչքի չի ընկել:
Այլ է Վասակ Սյունին, որ Հայոց և Վրաց մարզպան էր և կայացած, հմուտ դիվանագետ էր ու վարչական գործիչ:
Վարդանանք կոմպրոմիսը բացառում էին, հանուն հավատի պատրաստ էին ամեն ինչի: Ապստամբների խորհրդի առաջին վճիռը, ըստ Եղիշեի, հետևյալն էր.
«Հարազատ եղբոր ձեռքը թող բարձրանա այն մերձավորի դեմ, որ դուրս է եկել աստծո պատվիրանի ուխտից. հայրը չխնայի որդուն, և որդին չակնածի հոր պատվից: Կինը կռվի իր ամուսնու դեմ, և ծառան դիմադրի իր տիրոջը» Այսինքն, առաջնորդող հոգևոր դասը պատրաստ էր ոտնատակ տալ և քանդել ժամանակի տիրող օրենքներն ու բարքերը` հանուն իր իշխանության անսասանության:
Հայերը նախահարձակ եղան. շարժումը տարերային էր ու անկազմակերպ. «…ամեն մեկն իր գյուղերով ու ագարակներով, զորքերով ու զորագլուխներով նույն տարին առան ու կործանեցին և տղամարդկանց ու կանանց գերի տարան իրենց գույքերով ու ստացվածքներով, թանկագին գանձերով ու կահ-կարասիով: Տապալում – քանդում էին նրանց շենքերը և հրկիզում էին կրակի պաշտամունքի տեղերը: Գրավում էին ատրուշանների սարք ու կարգը, բերում – դնում էին սուրբ եկեղեցում և սուրբ քահանաների միջոցով նվիրում էին ի ծառայություն տերունական սեղանի…
…առանց հայոց զորքերից հրաման ունենալու` աշխարհի արևելյան կողմից ոմանք հարձակվեցին Ատրպատական աշխարհի վրա և զանազան տեղերում մեծ վնասներ տվին` բազմաթիվ ատրուշաններ առնելով, ավերելով ու կործանելով…» /Եղիշե/:
Իսկ շարժումը սկսվեց հենց Վասակի նախաձեռնությամբ:
Տիզբոնից վերադառնալով` հայ նախարարները տարակուսանքի մեջ էին և չգիտեին էլ ինչ անել. նրանցից ոմանք ուղղակի սպասում էին իրադարձությունների զարգացմանը`չհամարձակվելով ընդդիմանակ կամ միանալ հոգևոր դասի սկսաց իրարանցմանը, ոմանք էլ` հավաքելով իրենց ինչքը` փախուստի դիմեցին երկրից` անցնելով Բյուզանդիա` փաստորեն, այդ կրիտիկական պահին թողնելով երկիրն անտեր ու բախտի քմահաճույքին: Մանավանդ Վարդան Մամիկոնյանը, որ ի կոչումէ պարտավոր էր լինել հայրենյաց պաշտպանը` առաջինն է լքում հայրենիքը և դիմում փախուստի:
Այստեղ սակայն, առաջ է գալիս հմուտ դիվանագետն ու գործիչը` Վասակ Սյունին: Նա կարողանում է համոզել նախարարներին, իմի բերել բոլոր ուժերը, հետ կանչել Վարդանին և կազմակերպել երկիրը պատերազմի:
Իսկ Վարդանը չէր համոզվում.
Փավստոսը գրում է, որ երբ լուր տարածվեց, թե պարսիկները զորք են հավաքել և Աղվանքի կողմից պիտի Հայաստան մտել, <<…Սյունաց Վասակ իշխանը Հայոց երանելի սպարապետ ու Մամիկոնեից տեր Վարդանին ստիպում էր գնալ զորքով և դիմակայել նրան>>: Իսկ Վարդանը պայման է դնում, որ մինչև պատգամավորություն չուղարկես Պոլիս, ինքը չի ապստամբի:
Վասակը դիմում է շրջակա երկրներին, Կազմակերպում և կարգի է բերում երկիրը, անգամ հայոց բանակը, ուխտի մեջ է համախմբում ողջ կարող ուժերին` ցանկանալով ապստամբեցնել և անկախացնել Հայաստանը:
Հետագայում, Տիզբոնում, դատավարության ժամանակ հայ հոգևորականները կմատնեն Վասակին պարսից թագավորի առջև, որ նա վաղուց էր դավում նրան` դաշնակցելով հոների հետ:
Ըստ երևույթին` պարսից արքունիքին հայտնի էին Վասակի նկրտումները: Արյաց արքան գիտեր նրա հմտությունները, ուժը, ունակությունները և անկախանալու ձգտումները:
Այլապես արքունիքը պատանդ չէր վերցնի հենց Վասակի երեխաներին, այլ պատանդներ կվերցներ Մամիկոնյան տոհմից: Բայց Հազկերտը հասկանում էր, որ Վարդանը վտանգ չի ներկայացնում իր համար:
Վարդան Մամիկոնյանը Աղվանքի մատույցներում ջարդում է Սեբուխտի զորաբանակն ու քանդում Ճորա պահակը: Այստեղ նա իմանում է, որ Վասակը ապստամբությունից հրաժարվել է և դուրս է եկել ուխտից: Ինչն էր պատճառը:
Պատմիչի հավաստմամբ` Վարդանի` արևելք եղած ժամանակ Վասակ Սյունուն իր մոտ է հրավիրում պարսից հազարապետ Միհրներսեհն ու համոզում անջատվել շարժումից: Այստեղ իհարկե, պետք չէ միանշանակ հավատալ Եղիշեին: Նախ, արքունիքը Վասակին զսպելու համար կարող էր ուղղակի օգտագործել նրա որդիներին, ապա` չի կարող պատահել, որ Միհրներսեհը չիմանար Վասակի դերակատարության մասին և նրան բռնելուց հետո այլևս բաց չէր թողնի: Միգուցե, ապստամբների պառակտման պատճառը եղել է հենց Վարդանի կողմից հրահրած այդ անկազմակերպ, տարերային շարժումը: Բացի այդ, հարց է առաջանում, թե դեպի Աղվանք ինչու հենց սպարապետը գնաց, այլ չուղարկեց իր զորավարներից մեկին, այն դեպքում, երբ հայոց զորքի մի մասը ճանապարհվեց հարավ` պարսկական սահմանի մոտ, որտեղից կարելի էր սպասել իրական վտանգը:
Մենք տեսնում ենք, որ Վարդանի և Վասակի նպատակներն ու գործելաոճը շատ տարբեր էին: Վարդանանք չունեին հեռուն գնացող նպատակներ, ծրագրեր. նրա նպատակը ոչ թե ապստամբության հաղթանակն է և երկրի անկախության վերականգնումը, այլ` հապշտապ նահատակությունն ու մարտիրոսացումը: Այս իմաստով Վարդանին ձեռնտու էր տարերային, անկազմակերպ շարժումը, ուր քաոսի մեջից նա վեր կհառներ իր հերոսական մարտիրոսությամբ: Այլ էր Վասակի պարագան: Նա հեռուն գնացող նպատակներ ուներ, այն է` երկրի անկախացում և իր թագավորության հռչակում: Սրան հասնելու համար միայն ռազմական հաղթանակը քիչ էր. այստեղ ավելի շատ ճկունություն ու դիվանագիտական հմտություն էր անհրաժեշտ: Սակայն Վարդանանք իրենց ամբոխային մարտավարությամբ լրիվ խառնեցին Վասակի ծրագրերը: Իսկ Վասակը հմուտ դիվանագետ էր և լավ վարչարար: Նա ամենամոտն էր կանգնած պարսից արքունիքին և լավ էր հասկանում, որ այդպես անհնարին է հաջողության հասնել և Վարդանի ուղին կործանարար է:
Եվ քանի որ պարսից արքան հետ էր կանգնել իր ուրացման ծրագրից` ներում էր շնորհել հայերին ապստամբության համար` Վասակը պահը հարմար գտավ` կործանարար շարժումը սառեցնելու, և… Վարդանանց ու հայ հոգևորականների կողմից առժանացավ դավաճանի «լուսապսակի»:
Վասակը փորձում էր տարհամոզել շարժման մասնակիցներին` ցույց տալով արքայի հրովարտակը, որով ներվում էր ապստամբությունն ու հայերին թողնվում էր իրենց նախկին դավանանքին: Վասակը դա անում էր «Հայոց աշխարհը անվնաս պահելու համար»:
Բայց, ապարդյուն, Վարդանանք պատրաստ չէին կոմպրոմիսի, նրանց նպատակը նահատակությունն էր, ոչ երկրի անկախությունը: Դիմենք կրկին Փարպեցուն.
Դատի ժամանակ պարսից արքան մեղադրում է հայ հոգևորականներին.
«Դուք ինչպիսի աներկյուղ համարձակությամբ ձեր այդ թշվառ անձերի վրա այդքան շատ մահապարտության արժան հանցանքներ դիզեցիք. ավերեցիք ատրուշանները, սպանեցիք այն ճոխ կրակները, որ Աստվածներն էին պարգևել Արյաց ճոխ աշխարհին… Կոտորեցիք մոգերին: Ձեր կախարդությամբ կորստի մատնեցիք այնպիսի քաջ մարդուն, ինչպիսին Վարդանն էր»:
Այսինքն, անգամ մեղադրանքում` Վարդանանց գործում գեթ մեկ ակնարկ չկա, թե նրանք ցանկացել են անկախություն վերականգնել:
Ատյանում արյաց արքան անգամ ազատ արձակեց հայոց իշխանների մանուկ զավակներին, որ պատանդ էր տարվել Տիզբոն:
Առհասարակ, Վարդանի գործողությունները տարակուսելի են. Ավարայրում նա փոխանակ ջարդելու մարտին անպատրաստ պարսկական զորքը, հապաղում է, և թույլ տալիս թշնամուն, որ նա ուշքի գա:
«…Հայոց զորքերը եկան, հասան նույն տեղը և անպատրաստ գտան պարսից զորքը. եթե ուզենային, երամակարձակ այն ծույլերին կարող էին մեծ վնաս հասցնել, սակայն հետաձգելով մնացին այն օրը, քանզի նահատակություն փափագողները մտքներում չէին դրել հաղթելը…այլ միշտ և ամեն օր շտապում էին հասնելու կոչման կետին և տենչալի մարտիրոսությանը»:
Ապա Վարդանը փոխանակ պատվար ծառայեցնի Տղմուտ գետը` նախահարձակ է լինում և իր վատ զինված, հիմնականում գյուղացիներով համալրված զորքը տանում է պարսից դեմ` կործանման: Վարդանի նպատակը հաղթանակը չէր, այլ նահատակությունը.
Վարդանի գործողություններում չկար տակտիկա, իսպառ բացակայում էր մարտավարությունը և միակ նպատակը նահատակությունն էր. մեջբերենք Փավստոսին.
«Եվ հայոց երանելի սպարապետ Վարդանը, իր հետ եղած ավագների միաբանությամբ, Ամատունյաց տոհմից մի սեպուհի, որի անունն էր Առանձար,երեք հարյուրի չափ հեծյալներով ուղարկեց հետախուզելու պարսից զորքերի բազմությունը, և եթե հնար լիներ,գրգռելու, որ շուտ գան և մեզ բերեն արքայության պսակներ»:
Ըստ Փավստոսի`Ճակատամարտի հենց սկզբից հայոց զորքի մի մասը փախուստի դիմեց: Բայց դա չվախեցրեց վարդանանց քաջերին, որ գրոհի նետվեցին և մխրճվեցին պարսից զորքերի բազմության մեջ… Նրանք հասան իրենց նպատակին. մարտիրոսության: Ճակատամարտն ավարտվեց հայոց բանակի պարտությամբ:
Ապստամբության ճնշումից հետո նոր մարզպան Ատրոմիզդը ձերբակալեց ապստամբ հայ նախարարներին և ուղարկեց Տիզբոն:
Ճանապարհին Վասակը ոչ մի քեն չպահելով հայ մեծավորների հանդեպ` պատիվների էր արժանացնում նրանց, իսկ վերջիններս ուղղակի մատնությամբ Վասակին տվին Հազկերտի ձեռքը:
Իսկ Փավստոսը նշում է, որ Վասակն ակնկալում էր ի վարձատրություն ստանալ Հայոց թագավորությունը:
Ապստամբության ճնշումից հետո հայ հոգևոր գործիչները դատավարության ժամանակ ապստամբութան ողջ մեղքը գցեցին Վասակի վրա: Նրանք ցուցում տվեցին, որ ապստամբել են միմիայն Վասակի դրդմամբ: Մեջբերեցին Վասակի կնքած նամակները Վրաց և Աղվանից աշխարհներին, Աղնձիքի բդեշխին, հունաց զորավար Անատոլիին, Բյուզանդիայի կայսրին, ասացին, որ պարսիկների կոտորածի հրամանները Վասակն է տվել, նա է յուրացրել արքունի հարկերը:
Ինչևէ, դատեք ինքներդ, որ ուղին էր ճիշտ այս պատերազմում, Վարդանանց նահատակների թե Վասակի: