Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում նկարագրում է 1918 թ. Հայոց բանակի կազմավորումը:
Հայոց բանակը հազարամյակներ ի վեր հայոց ինքնության պահապանն է եղել: Անգամ պետականության բացակայության ժամանակներում հայկական առանձին զինված ստորաբաժանումներ միշտ զսպաշապիկի դեր են կատարել օտարի համար` կատարելով հայոց ինքնության պահապանի դերը: Հայ ռազմիկը իր հուժկու բազկով շատ անգամներ աչքի է ընկել անգամ հայրենիքից հետու` Եգիպտոսում, Բյուզանդիայում, Եվրոպայում, հեռավոր Հնդկաստանում:
Հայության համար ամենապատասխանատու, ամենավճռոռոշ պահին` 1918 թվականին, երբ մեր գլխին կախված էր ոչնչացման սպառնալիքը, իր հուժկու հարվածով կարողացավ հավաստել հայի ապրելու և արարելու իրավունքը:
Հայաստանի առաջին հանրապետության բանակը ձևավորվեց Կովկասում գործող Հայկական կորպուսի և հայ կամավորական խմբերի հիման վրա: Հայկական կորպուսը կազմավորվել էր ռուսական կայսերական իշխանությունների նախաձեռնությամբ` կազմակերպելու հայ կամավորների մասնակցությունը առաջին համաշխարհային պատերազմին թուրքական ճակատում: Կորպուսի հրամանատարը անվանի գեներալ Թովմաս Նազարբեկովն էր:
Կորպուսում առկա էին երկու հրաձգային դիվիզիա, հեծելազորային, հրետանային, հետևակային բրիգադներ, մասնագիտացած այլ ստորաբաժանումներ: Սարդարապատում, հենց Հայկական կորպուսը թուրքերին հասցրեց վճռական հարվածը և արևելահայությանը փրկեց ցեղասպանությունից: Պետք է նշել, որ դա բաց դաշտում առաջին հայ-թուրքական ճակատամարտն էր, որ պսակվեց հայերի փառավոր հաղթանակով: Սարդարապատում հայկական կողմից մարտնչում էին մոտ 12000 զինվոր, իսկ Ապարանի ճակատում Դրոյի հրամանատարության տակ 8000 սվին կար, որի կեսը Հայկական կորպուսի զինվորներն էին, մնացյալը` աշխարհազորայիններ:
Սակայն Բաթումի պայմանագրից հետո Թուրքիայի պարտադրանքով Հայաստանը կարող էր ունենալ ընդամենը մեկ դիվիզիա: Դիվիզիայի հրամանատար նշանակվեց Սարդարապատի հերոսամարտի հրամանատար, գեներալ Մովսես Սիլիկյանը: Իսկ Հայաստանի զինվորական նախարարն էր Հովհաննես Հախվերդյանը:
Հետագայում այդ հիման վրա էլ ձևավորվեց Հայաստանի հանրապետության բանակը: 1918 թվականի ամռանը բանակում հաշվառված էին 17000 զինվորականներ, որոնցից 900-ը` սպա: Պետականության ամրապնդման և առկա մարտահրավերներին դիմակյայելու պայմաններում հայկական բանակի թվաքանակն աճեց. 1919 թվականին արդեն բանակում հաշվառված էին 30000, իսկ հանրապետության կործանման ժամանակ` 1920 թվականի աշնանը` 40000 մարտիկներ:
ՀՀ բանակի ձևավորման գործում մեծ դերակատարում ունեցան ռուսական կայսերական բանակի նախկին սպաները, առանձին հայ ֆիդայիներ: Մասնավորապես, հայոց բանաում ծառայում էին ավելի քան 20 նախկին ռուսական բանակի գեներալներ և տասնյակ բարձրաստիճան այլ սպաներ:
Հայոց բանակի սպառազինությունը այդ տարիներին թույլ էր և կատարվում էր հիմնականում ռուսական բանակի թողած զենք-զինամթերքի հաշվին, ինչպես նաև արտասահմանում բնակվող մեր հայրենակիցների նվիրատվությունների հաշվին: Մասնավորապես, բուլղարական բանակում ծառայած, առաջին հայազգի օդաչուն համարվող Արթուր Ռիլսկին, 1920 թվականին Ֆրանսիայում երկու օդանավ գնեց և ուղարկեց Հայաստան: Հայոց բանակն ուներ ավիոջոկատ և փոքրիկ տորմիղ` Սևանա լճում:
1920 թվականին բանակին որոշ սպառազինություն և հանդերձանք մատակարարեց դաշնակից Անգլիան:
Բանակի ներքին կանոնադրային հարցերը նույնպես կազմակերպվում էին ռուսական կայսերական բանակի կանոնադրության հիման վրա: Նույնպես և կոչումներն ու աստիճանակարգը ներմուծված էին ռուսական բանակից: Հայոց բանակի հրամանատարությունը բնականաբար, միջոցներ ձեռք արավ դրանք բարեփոխելու, սակայն հասկանալի պատճառներով չհասցրեց իրականացնել: Սակայն կարճ ժամանակամիջոցում այնուամենայնիվ, Զինվորական նախարարությունը մեծ աշխատանք իրականացրեց: Առաջնային պետք է համարել Զինապարտության մասին օրենքը, որի համաձայն հայկական բանկում ծառության ժամկետ է սահմանվում 18 տարին, որից երեք տարին գործող բանակում, մնացած մասը` պահեստազորում:
Բանակում ծառայության անցնելու ժամկետ էր սահմանված 18 տարեկանը: Ուսանողների տրված էր տարեկետման հնարավորություն, սակայն ծառայելը բոլորի համար պարտադիր էր:
Հայաստանի արական բնակչության 16-ից 43 տարեկան անձինք համարվում էին զինապարտ:
Այնուհանդերձ, հայկական բանակում բազում խնդիրներ կային: Ապենապրոբլեմատիկ խնդիրը դասալքությունն էր, որ պայմանավորված էր ժամանակի սոցիալ-տնտեսական, քաղաքական իրավիճակով: 1920 թվականի տվյալներով հայկական բանակից ծառայության խուսափողների թիվը հասնում էր 18000-ի: Սրանում պակաս մեղավոր չեն նաև ներքին և արտաքին քայքայիչ ուժերը, հանձինդ բոլշևիկյան կուսակցության, որ ներքին քայքայիչ աշխատանքներ էր տանում բանակը կազմալուծելու և ռուս-թուրքական սև ծրագրերը ի կատար ածելու համար:
Կառավարությունը ծայրահեղ միջոցների դիմեց` դասալքությունը բանակում կանխելու համար: Անգամ դրա համար սահմանվեց պատժի առավելագույն չափը` գնդակահարություն: Պատիժը տարածվում էր ոչ միայն բուն դասալիքների, այլև նրանց թաքցնողների վրա: Այս ծայրահեղ միջոցը փաստում է, թե որքան արդիական էր դասալքության խնդիրը հայկական բանակում:
Հայաստանում պակաս արդիական չէր նաև ապորինի զենքի շրջանառության և մաուզերիզմի խնդիրը: Նոր խաղաղված երկրում կային զինված խմբավորումներ, որ խանգառում էին մարդկանց անդորրը, անգամ զբաղվում էին թալանով ու ավազակությամբ: Մաուզերիզմը իսկական չարիք էր դարձել երկրի համար: Դժվարությունը կայանում էր նրանում, որ ապօրինի զենք-զինամթերքը հիմնականում կենտրոնացած էր նախկին կամավորների, ֆիդայիների ձեռքին: Կառավարության որոշմամբ` մաուզերիզմի դեմ մեծ պայքար սկսեց Դրոն: Պետք է նշել, որ Դրոյի պայքարի մեթոդները խիստ էին, բայց և` արդյունավետ: Դրոյին հաջողվեց կարճ ժամանակամիջոցում հանրապետությունում վերջ տալ մաուզերիզմին:
Չնայած առկա խնդիրներին, բանակը հիմնականում կատարեց իր առաջ դրած խնդիրները: 1918 թվականի դեկտեմբերին, երբ վրացական բանակը գրավեց Լոռին, Դրոն հայոց բանակով կարճ ժամանակամիջոցում ոչ միայն ազատագրեց Լոռին, այլև արշավանք ձեռնարկեց Թիֆլիսի վրա, որը կասեցվեց միայն դաշնակիցների միջամտությամբ: Հայաստանը մշտապես դիմակայության մեջ էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ: 1919 թվականին հայկական բանակը մտավ Կարսի մարզ և այն կցեց Հայաստանի հանրապետությանը:
1920 թվականի մայիսին բոլշևիկյան զինված ապստամբությունը նույնպես արագությամբ ճնշվեց հայկական զինուժի կողմից:
1920 թվականի սեպտեմբերին Թուրքիան պատերազմ հայտարարեց Հայաստանի հանրապետությանը: Թուրքական զորքերը կարճ ժամանակամիջոցում գրավեցին Կարսի մարզը, Սուրմալուն, Ալեքսանդրապոլը,,, հայկական բանակը անկազմակերպ կռիվներով նահանջեց: Պետք է նշել, որ հայոց բանակի այս պարտության մեջ շատ ավելին են օբյեկտիվ պատճառները: Նախ քեմալական Թուրքիան լավ սպառազինված էր, բացի այդ, Հայսատանը Թուրքիայից բացի պատերազմական դրության մեջ էր նաև Ադրբեջանի և Խորհրդային Ռուսաստանի հետ, և երեք ճակատով, բնականաբար չէր կարող դիմակայել ճնշմանը: Պակաս կարևոր չէր նաև հայ բոլշևիկների ազգադավ, քայքայիչ գործունեությունը, որ իրականացնում էին բանակում, Հայաստանի հանրապետությունում առհասարակ: