ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում սրճարան-ռեստորաններ բացելու գաղափարը շատերին է զայրացրել: Նախարարի նոր առաջարկը ոմանց համար անսպասելի է, ոմանց համար խիստ անընդունելի, իսկ ոմանք էլ փորձում են այս գաղափարի շահավետ կողմերը գտնել: Ամեն դեպքում՝ հասարակության ճնշող մեծամասնությունը դեմ է այդ առաջարկին ու վստահ է՝ մեր երկրում սա կիրառելի չի լինի և աստիճանաբար օպերայի և բալետի շենքում գործող ռեստորաններում կհնչեն ռաբիզ ու կոմերցիոն երաժշտություն:
Թեմայի շրջանաում Life.panorama.am-ը խոսեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանի հետ:
«Կարծում եմ, որ արտասահմանյան օրինակները, որոնք հաճախակի բերվում են այս օրերին, մեր իրականությանն այնքան էլ չեն համապատասխանում, որովհետև արտասահմանյան նման սրճարաններ և ռեստորաններ այցելում են մարդիկ, ովքեր նաև պատրաստ են 50-400 եվրո վճարել ներկայացում նայելու համար, և նման սրճարաններում էլ կարեղ են սրճել և ընթրել համաշխարհային աստղերի հետ: Մեր պարագայում սա մի փոքր ռոմանտիկայի դաշտից է: Հավանական է, որ օպերայի և բալետի շենքում բացվող այդ ռեստորանները շատ արագ կվերածվեն «Պատրոն դաշս կապել եմ» երաժշտությանը համապատասխան վայրերի և հարուստ կլինեն նման կատարումներով, քանի որ միշտ էլ հնչում է այն երաժշտությունը, որի համար պատվիրատուն վճարում է»,- նշեց Ռ. Բաբայանն ու ավելացրեց, որ այս գաղափարը կարելի է մեկ այլ ուղղությամբ զարգացնել.
«Իրականում, կարծում եմ, այս գաղափարի արմատներն ուրիշ տեղից են գալիս: Կարծում եմ արմատները սկսվում են նրանից, որ կրճատվում են մշակութային օջախների ֆինանսավորումը, իսկ ՀՀ-ում չկա օրենք մեկենասության մասին: Արդյունքում փորձ է կատարվում կողմնակի եկամուտներ գտնել, որպեսզի մշակութային օջախները կարողանան գոյատևել: Անձամբ ես առաջարկում եմ այս հարցը լուծել ոչ թե հենց օպերայի շենքում սրճարաններ կամ ռեստորաններ բացելով, այլ շենքի հարևանությամբ գործող սրճարաններից, մանկական խաղահրապարակում գործող ժամանցի կենտրոններից, և վերջապես օպերայի շենքի տակ գործող ավտոկայանատեղիից, որոնք քաղաքապետարանի բյուջե գումարներ են վճարում, այդ գումարները համապատասխանաբար ուղղվեն դեպի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բյուջե, և այդպիսով թատրոնի շատ ու շատ հարցեր լուծելի կդանան՝ առանց դիպչելու բուն շենքին: Սա աշխարհում շատ տարածված երևույթ է, երբ մշակութային օջախներին հարակից գործող ավտոկայանատեղիներից, ռեստորաններից կամ այլ ժամանցի վայրերից տրվում կամ պարտադրվում են գումար վճարել՝ պետական բյուջե վճարումներ կատարելու փոխարեն: Այդպիսով նախատեսված հարկը ուղղում են տվյալ մշակույթի օջախներ՝ այն պահպանելու և զարգացնելու նպատակով: Այնպես որ, կարծում եմ, շատ լավ է, որ բարձրաձայնվել է այս հարցը, սակայն կարելի է մտածել և ընտրել լավագույն տարբերակը»,- ավարտեց ՀՀ վաստակավոր գործիչը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am