1918 թվականի մայիսը ամենաօրհասականն էր հայոց բազմահազարամյա պատմության մեջ: Այդ օրերին Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում հայությունը գոյապայքարի էր ելել թուրքական յաթաղանի դեմ: Առաջին երկու դեպքերում հայերը հաղթեցին ու թշնամին նահանջեց: Ղարաքիլիսայում հերոսական ճակատամարտը ողբերգական ավարտ ունեցավ: Բայց հենց Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին խոսելիս թուրք զորահրամանատար Վեհիբ փաշան օրեր անց ասաց.
«Այս պատերազմում Դարդանելից հետո Ղարաքիլիսան ամենալուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի: Ղարաքիլիսայի տակ հայերը ապացուցեցին, որ կարող են աշխարհի ամենալավ զինվորները լինել»:
Անցյալ դարասկզբի հայ քաղաքական, մշակութային գործիչներից մեկը` Ավետիս Ահարոնյանը, Ղարաքիլիսայի ճակատամարտն անվանեց 20-րդ դարի Ավարայր:
Ներխուժելով Արևելյան Հայաստան` թուրքական բանակը երեք մասի բաժանվեց: Առաջին մասը երկաթուղու ուղղությամբ շարժվեց հարավ` Արարատյան դաշտի կողմից մոտենալով Երևանին: Զորքի մյուս մասը Երևանի վրա գրոհեց Բաշ-Ապարանի վրայով: Երրորդ մասի խնդիրն էր Լոռվա վրայով շարժվել հյուսիս և գրավել Թիֆլիսը: Թիֆլիսի նվաճումը թուրքերի կողմից հայությանը կհասցներ անուղղելի հետևանքներ: Նախ Թիֆլիսում և շրջակայքում էին կենտրոնացած Անդրկովկասի հայության շուրջ կեսը, ապա Թիֆլիս հայաքաղաքում էր գտնվում հայոց քաղաքական, մշակութային միտքը:
Թուրքերն իրենք շատ լավ հասկանալով Թիֆլիսի նշանակությունը Անդրկովկասի յուրացման գործում` մեծ ուժեր էին կենտրոնացրել Ղարաքիլիսայի ուղղությամբ: Պետք է նշել, որ Ալեքսանդրապոլի անկումից հետո իսկական շփոթ էր սկսվել Լոռվա ձորում: Տեղացիների խուճապը բազմապատկվում էր գաղթականներիի մեծ հոսքով ու նրանց պատմություններով: Խուճապը երբեմն վեր էր ածվում իսկսկսն քաոսի: Զգացվում էր պարենի պակաս, համաճարակն իր սև գործն էր անում: Ղարաքիլիսայի մատույցներում խմբվել էին ավելի քան կես միլիոն փախստականներ, հիմնականում Կարսի և Ալեքսանդրապոլի գավառներից: Թվում է` օրհասից փրկություն չկար: Թվում էր` թուրքական արշավող ենիչերին այլևս անպարտելի է և ոչ մի ուժ ի զորու չէ նրան կանգնեցնելու: Եվ չհանդիպելով ոչ մի դիմադրության` թուրքական բանակը կրնկակոխ հետապնդելով փախչող հայ գյուղացուն` արդեն մայիսի 19-ին հայտնվեց Ղարաքիլիսայի մատույցներում: Պետք է նշել, որ համատարած այս քաոսին, փախչելու մոլուցքին չենթարկվեց Լոռվա բնակչությունը, որ անդրդվելիորեն մնաց տեղում` պատրաստ դիմագրավելու արհավիրքը: Սակայն կազմակերպված դիմադրություն ցույց տալու համար չկար որևէ զինվորական կամ վարչական մարմին, չկար զորք: Բնակչությունը վատ էր զինված և գրեթե անիմաստ էր թվում դիմադրությունը: Այս պայմաններում թշնամին արագ երթով մոտենում է Համամլուին:
Ղարաքիլիսայի բնակչությունը որոշում է բանակցել թուրքերի հետ. անձնատուր լինել թշնամուն` անձի և ինչքի ապահովության երաշխիք ստանալու դեպքում: Անգամ պատգամավորություն է ընտրվում` Վանո Արսենյանի ղեկավարությամբ: Պատգամավորությունը շարժվեց դեպի Համամլու` դիմավորելու թուրքերին: Արջուտի մոտ նրանց շրջապատեցին շրջակա թուրքական գյուղերի բնակիչները և հայերը վտանգն առնելով` հետ գնացին:
Մի քանի օր Ղարաքիլիսայի հայերը ապրեցին սարսափի ու հուսահատության մեջ: Թվում էր` կործանումն անխուսափելի է: Բայց մայիսի 24-ին եկավ Փրկությունը Դիլիջանի կողմից: Դա Նժդեհն էր իր խմբով, որ Դիլիջանից փութաց Ղարաքիլիսա` փակելու թուրքի ճանապարհը: Լոռեցիները Նժդեհին դիմավորեցին որպես Փրկչի:
Հասնելով Ղարաքիլիսա` Նժդեհն իզուր ժամանակ չկորցրեց: Մինչ այդ ճակատի այս գծի հրամանատարությունը ստանձնել էր գեներալ Արեշյանը, ով սակայն, հրամանատարությունը հանձնելով գնդապետ Ա. Բեյ-Մամիկոնյանին, մեկնեց Թիֆլիս: Բեյ-Մամիկոնյանին պետք է օգներ գնդապետ Նիկոլայ Ղորղանյանը: Նժդեհն ու Բեյ-Մամիկոնյանը կազմակերպեցին հայոց ցաքուցրիվ ուժերի դիմադրությունը: Տեղում կազմած աշխարհազորը բաժանելով իր զորքի վրա` հրամայեց դիրքեր գրավել Ղշլաղ-Դարպաս ուղղությամբ: Թուրքական բանակը Ղարաքիլիսայի ճակատում կենտրոնացրել էր 10000 զինվոր, 70 թնդանոթ և 40 գնդացիր: Մայիսի 25-ին թուրքական բանակը թնդանոթային նախապատրաստությունից հետո հարձակման անցավ: Հայկական ուժերը չընկրկեցին թշնամու առջև և պահեցին պաշտպանական գիծը: Համընդհանուր ոգևորությունը տիրել էր բոլորին: Ընդամենը երկու օր առաջ հուսալքված լոռեցին այլևս բռունցք դարձած հաղթական կռիվ տվեց թուրքական կանոնավոր բանակի դեմ: Հայկական ուժերը ոչ միայն պահեցին գիծը, այլև որոշ վայրերում աշխարհազորը շրջապատման մեջ առավ թուրքական առանձին զորախմբեր: Ամեն դեպքում, եռօրյա մարտերից հետո թուրքական բանակը կարողացավ գրավել Աչաուրթի և Բզովդալի բարձունքները: Հայկական դիրքերը աստիճանաբար օղակվում են թշնամու ուժերի կողմից: Օրհասական պահին փայլում է գնդապետ Սամարցևը, ով մի քանի հարյուրյակներով անակնկալ հարձակումով գրավում է Մայմեխը և ետ շպրտում թշնամուն ճակատի աջ թևից` փրկելով հայերին շրջապատումից: Այնուամենայնիվ, մեկ օր անց թշնամին կարողանում է հետ մղել հայերին և սեղմել օղակը: Ուժեղ մարտեր են ծավալվում Հաջի-Ղարայի դիրքերում: Թշնամուն հաջողվում է այստեղ ևս ընկճել հայերի դիմադրությունն ու չորս կողմից ակցանի մեջ առնել Ղարաքիլիսան:
Օրհասական պահին թվում էր` մեկ հույս կար. թվում էր` միայն մոտակայքում` Դսեղում գտնվող Անդրանիկը կարող էր փրկել հուսահատ պաշարյալներին: Անդրանիկը Դսեղում էր իր մարտունակ զորաբանակով: Դսեղից Ղարաքիլիսա մեկ ժամվա ճանապարհ էր…բայց Անդրանիկը չկար…Անդրանիկը հրաժարվեց կռվի բռնվել…
Մայիսի 28-ին, որբ հայությունը տոնում էր հայոց անկախության հռչակումը, որբ Սարդարապատում և Բաշ-Ապարանում թշնամին ճողոպրում էր… Ղարաքիլիսան ընկավ: Ղարաքիլիսայում սկսվեց թուրքական նախճիրը:
Թշնամին ճիշտ է, հավաստիացրեց քաղաքի անձնատվությունը հաստատող հայ բանբերներին, որ բնակչությունը չի տուժելու, սակայն թուրքի խոսքը ե՞րբ է հավաստի: Անձնատվության օրն իսկ կեսգիշերին թուրքական բանակը Վարդանլու գյուղի խուժանի առաջնորդությամբ Ղարաքիլիսայում սկսեց թալանը, որ ուղեկցվում էր բռնաբարություններով, սպանություններով: Ամբողջ մեկ շաբաթ թշնամին չէր կարողանում հագուրդ տալ արյան ծարավին: Քաղաքից դուրս գնդակահարություններ էին կատարվում: Տեղական թուրքերի մատնությամբ ձերբակալվում էին երևելի հայերը, երիտասարդները և տեղում գնդակահարվում: Ավարի, բռնությունների ու կոտորածների ենթարկվեցին Ղարաքիլիսայի շրջակա բոլոր հայկական բնակավայրերը: Հատկապես գազանաբար էին գործում տեղացի թուրքերը, ովքեր մոռացած հարևանության, հայերի հետ դրկիցության մասին, հագուրդ էին տալիս իրենց գազանային կրքերին: Թուրք խուժանը ուղղակի գերի էր բռնում հայերին, մատնության սպառնալիքով թալանում նրանց ու… հանձնում ասկյարներին:
Ապա թուրքերը խմբում են Ղարաքիլիսայի կենտրոնում գերիներին և նրանց խումբ-խումբ քաղաքից դուրս հանելով` գնդակահարում: Երկու օրվա մեջ հազարավոր գերյալներ են գնդակահարվում գյուղաքաղաքի մատույցներում:
Նախճիրը շարունակվեց մինչև հունիսի 10-ը: Միայն տասն օր անց թուրքական հրամանատարությունը հագենալով հայերի արյունով` վերջ տվեց սպանություններին ու բռնություններին, որոնց զոհ գնացին մոտ 10 000 հայեր:
Սակայն փրկվելով թուրքի յաթաղանից` լոռեցին հայտնվեց սովի ճիրանների տակ: Երկշաբաթյա կռիվն ու թալանը լրիվ քայքայեցին Ղարաքիլիսայի և շրջակա բնակավայրերի բնակչության տնտեսությունը: Թշնամին ու տեղական թուրք ամբոխը այնպես էին թալանել հայերին, որ հիմա էլ սովն սկսեց իր հունձը հայության շրջանում:
Սովին հետևեց համաճարակը: Շոգ ամառը, հաարավոր անթաղ դիակները նպաստեցին համաճարակի արագ տարածմանը: Հազարավորներ զոհ գնացին սովին ու համաճարակին, իսկ թուրքական իշխանությունները, բնականաբար, ոչինչ չէին ձեռնարկում դրանց դեմն առնելու համար:
Այս ամենը բնականաբար չէր լինի, եթե Անդրանիկը ժամանակին օգնության հասներ Ղարաքիլիսայի ճակատին: Ինքը` Անդրանիկը չմասնակցեց Ղարաքիլիսայի ճակատամարտին: Մինչդեռ նրան Ղարաքիլիսայում սպասում էին անհամբեր, որպես փրկչի: Իսկ Անդրանիկը չկար ու չկար: Անգամ գնդապետ Ա.Բեյ-Մամիկոնյանը գրավոր լուր է ուղարկում Անդրանիկին, ուր նկարագրելով իրերի վիճակը, խնդրում է օգնության փութալ: Անդրանիկը զանց առնելով խնդրանքը, հրաժարվում է ճակատ մտնել, պատճառաբանելով, թե հսկում է երկաթգիծը:
Իր զորաբանակով նահանջելով առաջացող թշնամու առջև` նա մայիսի վերջին մտավ Լոռվա դաշտ` Ջալալօղլի: Սակայն չամրանալով այնտեղ` նա շարունակեց նահանջը: Հետևելով Անդրանիկի օրինակին` փախուստի դիմեց նաև Ջալալօղլիի բնակչությունը: Վարդաբլուրում պայթեցնելով զինապահեստը, զորավար Անդրանիկը իջավ Լոռու ձոր ու հաստատվեց Դսեղում:
Առհասարակ, Անդրանիկին չէր վստահում Հայկական կորպուսի հրամանատար գեներալ Նազարբեկովը: Դեռևս Էրզրումի անկումից հետո Անդրանիկը Հայոց Ազգային խորհրդին էր ներկայացրել իր հրաժարականը: Ազգային խորհուրդը մերժեց և զորավարը պայման դրեց, թե պետք է ենթարկվի միայն Նազարբեկովի հրամանատարությանը:
Բավական մութ է այս պատմությունը: Հավանաբար, ճիշտ կլինի Անդրանիկի վարմունքը մեկնաբանել նրա և Ազգային խորհրդի միջև տարաձայնություններով: Համենայնդեպս, Անդրանիկի վարմունքը երբեք չի արդարացվում ոչ մի ռազմավարական պատճառաբանությամբ:
Նախ, Ղարաքիլիսա-Թիֆլիս երկաթուղու հատվածը, որ «հսկում» էր Անդրանիկը, գտնվում էր հայկական ուժերի թիկունքում և երկաթուղուն ոչ ոք չէր սպառնում: Բացի այդ, Լոռու ձորում երկաթուղու հսկողության կարիք էլ չկար. ուղղակի Ղարաքիլիսայի անկումից հետո երկաթուղով թուրքերի շարժը կասեցնելու համար կարելի էր պայթեցնել Դեբեդի վրայի կամուրջներից կամ բազում թունելներից մեկը և երկաթուղու պահպանության համար մարտունակ և մեծաքանակ զորաբանակ Դսեղում նստեցնելն ուղղակի անիմաստ էր: Փաստը ցույց տվեց նաև, որ Ղարաքիլիսայի անկումից հետո ինքն Անդրանիկը նահանջեց նաև Դսեղից, թողնելով թե երկաթուղին, թե առհասարակ ճակատը բախտի քմահաճույքին:
Այս պատմությունը իր միկրոբլոգում ներկայացրել է պատմաբան Վահե Անթանեսյանը