Ազգերի ու ժողովուրդների պայքարը քաղաքակրթությունների պայքար է:
Կապված աշխարհագրական միջավայրի հետ` այն երբեմն դրսևորվել է որպես պայքար արևելքի և արևմուտքի, (Հայաստան-արևմուտք, Իրան-Հռոմ, Արաբական խալիֆայություն-Բյուզանդիա…) երբեմն` պայքար հյուսիսի և հարավի (Ռուսաստան-Իրան, Ռուսաստան-Թուրքիա, քաղաքացիական պատերազմը ԱՄՆ-ում…) միջև:
Այստեղ խոսքը բնականաբար չի վերաբերվում սոսկ պայքարող երկրների բնապատմական կամ աշխարհագրական միջավայրին: Խոսքը մշակույթների և քաղաքակրթությունների պայքարի մասին է, ինչն իր սուր արտացոլանքն ունի նաև այսօր, երբ արևմտյան կեղծ ու հակամարդկային արժեքները աննկատ, երբեմն նաև պարտադրանքով սողոսկում են մեր իրականություն, կենցաղ:
Կարող է ոմանց թվալ, թե արևելյան և արևմտյան արժեհամակարգերի միջև պայքարը նոր է կամ` միայն կենցաղում ու քաղաքականության մեջ է արտահայտվում:
Ոչ. նրա արմատները խոր են: Գալիս են աշխարհընկալումից և դիցաբանությունից: Այլաբանորեն ասած` միմյանց դեմ պայքարել են ոչ միայն մարդիկ, մշակույթները, այլև` Աստվածները:
301 թվականին նոր կրոնը` քրիստոնեությունը (արևմտյան արժեհամակարգ) բռնությամբ մտնելով Հայաստան` ամբողջովին կործանեց հայոց մշակույթն ու արժեհամակարգը: Թե ինչ սոսկալի մշակութային ջարդ եղավ Հայաստանում` դա հատուկ ուսումնասիրության թեմա է:
Սակայն պարզ է մի բան. Հայաստանը կորցրեց իր աստվածների պաշտամունքը, փոխվեց արժեհամակարգը, աշխարհայացքը…. գրեթե ամեն ինչ… պահպանված պատառիկները միայն թույլ են տալիս պատկերացում կազմել հնի` կորսվածի մասին:
Նույնը չարվեց Հունաստանում: Ճիշտ է, քրիստոնեությունը արգելանքի տակ պահեց անտիկ մշակույթը, սակայն այն չվերացվեց, արմատախիլ չարվեց այն դաժանությամբ ինչը Հայաստանում էր…
Ինչո՞ւ:
Պատասխանը մեկն է` Հայաստանում հին հայոց դավանանքը իր արժեհամակարգով շատ ավելի բարձր էր, վեհ… քան նոր մտած հրեա-արևմտյան արժեքները…
Ամեն մի բարբարոս` նվաճելով մի երկիր` նախ և առաջ քանդում ու թալանում է հինը…
Առհասարակ, այսօր շատերը խոսելով նախաքրիստոնեական արժեքներից` միտումնավոր կամ դիտմամբ հայոց հին դիցարանը նմանեցնում, երբեմն` բխեցնում են հին հունականից: Սա չիմացությունից զատ նաև միտում ունի իր մեջ. հունական դիցարանի աստվածները, հունական էպիկական հերոսները, գրեթե բոլորը անբարո են, դաժան, արյունարբու. նրանք չունեն որևէ արժեհամակարգ, բարոյական չափանիշ:
Մինչդեռ Հայաստանը հնուց կոչվել է Սրբազան օրենքների երկիր, Աստվածային արժեքների երկիր: Մարդիկ այստեղ ապրել ու արարել են սրբազան` աստվածային օրենքներով ու արժեքներով: Եվ պայքարը արևելքի ու արևմուտքի միջև մեր տարածաշրջանում եղել է նաև պայքար աշխարհայացքի ու կենցաղավարության համար…
Հիմա փորձենք տեսնել թե ինչ են իրենցից ներկայացրել արևմտյան արժեքներն իրենց մեջ ամփոփող հունական դիցարանի աստվածները, և համեմատության մեջ տեսնենք հայոց աստվածներին….
Սկսենք գլխավորից.
Զևս-հին հունական դիցարանում Զևսը երկնքի, կրակի, ամպրոպի, կայծակի աստվածն էր, Օլիմպոսի գլխավոր աստվածը և աշխարհի տիրակալը: Նա ամուսնացել էր իր իսկ քրոջ` Հերայի հետ…. աստվածների մեծը, գլխավորը…
Ի դեպ, Հերան Զևսի միակ կինը չէր. Զևսի առաջին կինը Մետիսն էր: Ըստ ավանդության Մետիսը շատ խելացի կին էր և Զևսը, երբ տեսավ, որ նա հղիացել է, վախեցավ, թե կծնվի իրենից խելացի ու քաջ զավակ և կտիրի գահին։ Այդ պատճառով կուլ տվեց կնոջը։ Լրանում էր կնոջ հղիության շրջանը, որը և ցավ էր պատճառում Զևսին։ Հեփեստոսը՝ Զևսի որդին, հոր հրամանով ճեղքեց Զևսի գլուխը և հոր գանգից դուրս եկավ զինավառ Աթենասը։
Ահա արևմտյան արժեքները, ահա թե որտեղից է ծագում մերձամուսնությունը, դաժանությունը, սադիզմը…
Այն է դեպ, տարածված ու ընդունված էր նաև հրեաների մոտ, հետևաբար, մերձամուսնությունների արգելքը ամենևին էլ քրիստոնեությունը չմտցրեց Հայաստան և ՙյոթ պորտի՚ քրմարգելքը հայոց կենսակերպի մեջ էր հնուց:
Զևսը ինքն էր բաշխում երկրի վրա բարին ու չարը:
Առհասարակ, հունական դիցարանի աստվածները շատ հեռու էին սուրբ լինելուց և նրանց վարքը օրինակելի չէր:
Այլ էր հայոց մեջ: Արարչապաշտ մեր ազգի դիցարանում աստվածահայր Արան բարի, արարիչ ու հոգատար է, իսկ մեր դիցարանում չկա չար աստված… այն խորհրդանշում է Վիշապը, որ սակայն, արի չէ և հայոց աստվածների դիցարանում չէ:
Աթենաս – Նա իմաստության, պատերազմի, գիտությունների, աշխատանքի հովանավոր աստվածուհին էր:
Հունաստանում ռազմի աստվածուհի, Հայաստանում` Վահագն…անհամեմատելի է…
Վահագնը կռվեց, սպանեց Վիշապին ու երկիրն ազատեց չարի պղծությունից: Վահագնը առնական է, հզոր է, քաջ ու պատերազմիկ է… պատերազմելը տղամարդուն վայել գործ է…
Վահագնի ծնունդը` Հովհաննես Հովհաննիսյանի մշակմամբ:
Երկնեց երկինք և երկիր,
Երկնեց և ծով ծիրանի,
Եվ եղեգնիկը կարմիր
Երկնեց ծովում ծիրանի
Ծուխ է դուրս գալիս եղեգան փողից,
Բոց է դուրս գալիս եղեգան փողից,
Բոցն է պատել կարմիր եղեգնիկ,
Բոց է դարձել և ծով ծիրանի.
Կարմիր բոցիցն ահա մի մանկիկ,
Վահագն ահա՛ – մանուկ գեղանի:
Բոց մորուքով,
Հուր շրթունքով,
Հուր հեր գլխին ― հրեղեն պսակ,
Եվ աչերն են զույգ արեգակ։
Ալեծուփ ծովի ծիրանի ալիք
Գնում են գալիս, ծեծում են ափունք,
Ահեղամռունչ գոռում է մանկիկ,
Սաստում է ալյացն հրավառ շրթունք։
Վահագն ծնավ, լռեցեք ալի՛ք.
Դու ծովահալած, դադար առ մրրի՛կ։
Թևերն ոսկեհուռ, հրահեր բաշով
Նժույգը տակին՝ սլացավ վերև ―
Երեսըդ ծածկի՛ր համեստ շղարշով,
Տե՛ս, ո՞վ է գալիս, և դո՛ւ, հո՛ւր արև.
Գլուխդ ալևոր, քաջածի՛ն Մասիս,
Դու էլ խոնարհի՛ր, Վահագն է գալիս։
Երկինք ու երկիր և ծիրանի ծով
Ավետում են քեզ, ցավերի դու ծո՛վ՝
Ցնծա՛, բյուր վիշապ Հայաստան աշխարհ,
Փրկության արև Վահագնիդ տեսար։
Վահագնը հայոց ամենապաշտելի աստվածությունն է եղել: Նրա ծնունդը մարտի 21-ին էր, երբ ողջ հայությունը տոնել է Ամանորը:
Աթենասի պաշտամունքի հետ ինչ որ տեղ համեմատելի է նաև Անահիտ աստվածամոր պաշտամունքը, քանզի ինչպես Աթենասը Աթենքի, Անահիտը հայոց մայրաքաղաք Արտաշատի պահապան ու հովանավոր աստվածուհին էր: Սակայն Անահիտը նաև խոհեմության աստվածուհի էր, Մեծ մայր, ով չի պատերազմում, արյուն չի թափում:
Սակայն Հունաստանում Աթենասից զատ ռազմի աստված էր համարվում նաև Արեսը: Նա միաժամանակ Աֆրոդիտեի սիրեկանն էր: Արեսին ամենուր ուղեկցում էին Դեյմոսը /Սարսափ/ և Փոբոսը /Երկյուղ/: Դարձյալ անհամատեղելի է Վահագնի հետ, ով երբեք սարսափ ու երկյուղ չի տարածել, այլ հզոր լինելով հանդերձ` թույլերի ու անպաշտպանների ապավենն էր: Մինչդեռ Արիսի պատվին մարդկային զոհաբերություններ էին մատուցվում:
Հայոց դիցարանում սիրո և գեղեցկության աստվածուհին Աստղիկն է, ով բացարձակ որևէ կապ չունի ցոփության, շվայտության հետ: Նա Վահագն աստծո սիրելին էր և Աստղիկին է նվիրված Վարդավառը` վարդատոնը: Աստղիկը նաև խոհեմության աստվածուհի էր… վկան` երբ Աստղիկը լողանում է Արածանի գետում` մշով է պատում ողջ երկիրը, որ իր մերկությունը միայն Վահագնը տեսնի…
Հունական դիցարանում սիրո աստվածուհին Աֆրոդիտեն է, ով ամենևին էլ խոհեմ չէ և առանձնակի ջանք չի թափում` մտածելու պարկեշտության մասին: Նա Հեփեստոսի կինն է, միաժամանակ` Արեսի սիրուհին: Աֆրոդիտեի պատգամն է, որ յուրաքանչյուր կին կյանքում գոնե մեկ անգամ Բաբելոնի իր տաճարում տրվի պատահական այցելուներին… ի դեպ, տարփածուները նաև պարտադիր վճարում էին հույն կանանց: Սա փաստորեն սրբազան պոռնկության սկզբնավորողն էր, ինչը չի եղել երբևէ Հայաստանում: Առհասարակ, Աֆրոդիտեն միայն Արեսին չէ որ տրվում էր. նա շատ անգամ առանց մտորելու դա անում էր ամեն պատահածի հետ…
Առհասարակ հունական դիցարանի աստվածները աչքի չեն ընկել ոչ մի բարոյական արժեքներով: Ահավասիկ` Հեփեստոսը` կրակի ու դարբնության աստվածը: Նրա ծննդից հետո մայրը` Հերան, ցանկանում է սպանել որդուն: Որդին խույս տալով` ինքն է դավ նյութում մոր դեմ…
Արևի աստված Հելիոսի թոռնուհին` Մեդեան… ով սպանում է իր իսկ եղբորը, կտրտում մարմինը և ծովը նետում… հետագայում սպանում է իր իսկ որդիներին:
Պելիասի աղջիկները իրենց հորը կտրտում են ու եփում կաթսայում:
Կրոնոս աստվածը ամուսնանում է հարազատ քրոջ հետ, ապա ուտում սեփական զավակներին:
Ապոոլոնը հայտնի էր իր արյունարբու վարքով: Նույնկերպ` նրա քույր Արտեմիսը…
Շարքը կարելի է անվերջ շարունակել:
Բայց մեր խնդիրն այլ է: Հայոց դիցարանը, հայոց ծիսական համակարգը լիովին արտահայտել են հայի բարոյահոգեբանական չափորոշիչները, հայի կենցաղն ու կեցվածքը: Եվ այսօր արևմտյան կեղծ արժեքներից խույս տալու համար տեղին է նաև քայլ անել` վերադառնալու դեպի հայոց ծիսական համակարգ: Այլապես, եթե քրիստոնեությունը այլափոխելով մոռացության փոշու մեջ թաղեց շատ հայկական տոներ և ծեսեր` այսօր էլ կկորցնենք, եթե աչալուրջ չլինենք. ու տարիներ անց Տրնդեզին, Վարդեվառին կփոխարինեն սուրբ վալենտիններն ու հելոյինները…
Սույն տեսակետը իր միկրոբլոգում ներկայացրել է պատմաբան Վահե Անթանեսյանը: