Լրագրող Իրինա Մկրտչյանի Facebook-յան գրառումը. Ռուբեն Բաբայանիցվերջերս հարցազրույց էի վերցնում: Ընտրություններին մի քանի օր դեռ կար: Պրն. Բաբայանի հետ հանդիպումները որպես կանոն 20 րոպեից դառնում են 40 րոպե ու մի բան էլ ավելի: Ասելու, հատկապես նրանից լսելու շատ բան կա: Այդ վերջին հարցազրույցի վերջում մի բան ասեց՝ դրանով ամեն ինչ ասված էր՝ «Նախորդ և նաև այս ընտրությունների համար ինձ ոչ ոք ո՛չ ուղիղ տեքստով, ո՛չ էլ ենթատեքստով կամ ակնարկով չի դիմել, որ ես՝ որպես պետական թատրոնի ղեկավար, ժողովներ անեմ, հրահանգներ տամ, պարտադրեմ կամ խնդրեմ: Ինձ նման հարցերով չեն դիմում, որ ես էլ ենթարկվեմ կամ ընդդիմանամ՚՚:
Ռուբեն Բաբայանը ՊԵՏԱԿԱՆ թատրոն է ղեկավարում:
Ասածս ինչ է՝ մեզ ստրուկ չեն դարձնում, մենք ենք ընտրում լինել, թե չլինել ստրուկ: Ընտանիք պահելու դժվարությունը գիտեմ ինչ է: Նաև գիտեմ, որ այսօր աշխատանք գտնելը ավելի դժվար է, քան ամուսին գտնելը: Բայց ստրուկի պես մտածելը կապ չունի աշխատանքի կամ աշխատավարձի կարևորության հետ: Կապը ավելի խորքային է՝ ընտանեկան, արյամբ փոխանցված, տեսածը՝ սովորածի:
Վերջին 20 ժամում հայտնի դարձած ձայնագրության ծափ տվողներին, ծափ ակնկալողներին ու այդ ծափերից ոգևորվողներին պարզապես այդպիսին են մեծացրել ու այդպիսի սերունդ էլ իրենք են մեծացնում՝ իրենց օրինակով: Նրանց համար լավ աշխատողի պատկերցումները սկսվում և ավարտվում են / մեղմ ասած/ շեֆերին հաճոյանալու աստիճանով: Եվ այս պատմության մեջ ամենավատն էն է, որ այդ ծափերից ոգևորվածները իրոք ոգևորվել են, մյուս աշխատողների նկատմամբ իրենք իրենց առավել են զգացել, ցույց տվել, ոգևորված տանը պատմել խոստացված պաշտոնի կամ ակնկալվող ուղևորության մասին ու, թերևս, ամոթանքի խոսքեր չեն էլ լսել…
Շեֆերը փոխվում են, ստրուկները միշտ նույնն են։