Եթե հայկական կողմը դուրս գա բանակցություններից, ապա… orer.am
Advertisement 1000 x 90

Եթե հայկական կողմը դուրս գա բանակցություններից, ապա… orer.am

Ապրիլի 24-ին ընդառաջ, ինչպես միշտ, այս տարի ևս հայ-ադրբեջանական սահմանագծին վիճակը օր օրի լարվում է: Թեմայի շուրջ Orer.am-ը զրուցել է քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ:

«Ադրբեջանական կողմը, ինչպես գիտենք, կարևոր իրադարձություններից ու այցերից առաջ սկսում է լարել իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ու արցախա-ադրբեջանական շփման գծում: Ինչ խոսք, պատահական չէ, որ վերջին օրերի վիճակի լարումը պայմանավորված է նրանով, որ ընդամենը մի քանի օրից կլրանա Հայոց ցեղասպանության 102 տարելիցը: Դե ինչպես միշտ ադրբեջանական կողմն այս օրերին պետք է իրեն ցույց տա բացասական կողմով: Պետք է նկատել նաև, որ ադրբեջանական կողմը իրավիճակը լարում է այն ժամանակ, երբ տարածաշրջանում սպասվում են կարևոր այցեր կամ տեղի են ունենալու կարևոր հանդպումներ հայ և ադրբեջանցի պաշտոնյաների միջև՝ դրսում»,- ասաց նա՝ հավելելով, որ մոտակա ժամանակներում հանդիպում չկա, քանի որ հայկական կողմը հայտարարել է, որ չի շարունակի հանդիպումներն այնքան ժամանակ, մինչև ադրբեջանական կողմը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները չիրականացնեն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունները:

Ըստ քաղաքագետի՝ հայկական կողմի որդեգրած քաղաքականությունը ամենաճիշտն է հասկացնելու համար Մինսկի խմբի համանախագահներին, որ նրանց լղոզված, անատամ ու անհասցե հայտարարությունները լիովին ադրբեջանամետ են. «Այդ հայտարարություններից օգտվում է միայն ադրբեջանական կողմը: Վերջիվերջո, Ադրբեջանը պետք է հասկանա, որ հայկական կողմն իրոք կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, եթե տվյալ պետությունը շարունակի նման սանձարձակ ձևով իրեն պահել: Իսկ մենք գիտենք, որ հայկական կողմի՝ բանակցային գործընթացից դուրս գալը տանելու է նրան, որ ՀՀ-ն կճանաչի Արցախի անկախությունը»:

Գագիկ Համբարյանը նաև ընդգծեց, որ հայկական կողմի՝ բանակցություններից դուրս գալուն հասարակությունը պետք է պատրաստ լինի. «Անցած տարվա ապրիլ ամսի կարճատև պատերազմը ցույց տվեց, որ մենք գործ ունենք սանձարձակ ու անմեղսունակ հարևանի հետ, որը կարող է առանց երկար-բարակ մտածելու սկսել ռազմական գործողություններ»:

 



Նման նյութեր