Ծխախոտի քաղցկեղածին հատկության մասին բազմաթիվ տվյալներ կան: Հայտնի է, որ ծխախոտը կարող է առաջացնել թոքերի, ըմպանի, կոկորդի, կերակրափողի և այլ օրգանների քաղցկեղներ: Սակայն քիչ է հայտնի, որ ծխախոտը միզապարկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է:
Ճիշտ է` միզապարկի քաղցկեղն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ, սակայն կանանց ծխելու սովորության տարածման հետ մեկտեղ՝ սկսել է հանդիպել հավասարապես: Երբ ծխախոտն այրվում է, առաջանում են բազմաթիվ նյութեր, որոնք ունեն ենթաքիմիական կառուցվածքներ: Այս նյութերն ունեն քաղցկեղածին ազդեցություն օրգանիզմի վրա:
Միզապարկի քաղցկեղի ամենակարևոր ախտանիշն արյունամիզությունն է: Վերջինս որպես ախտանիշ կարող է հանդիպել մի շարք այլ ուրոլոգիական հիվանդությունների ժամանակ ևս, սակայն ցանկացած պարագայում պետք է արյունամիզության ժամանակ կատարել մի շարք գործիքային քննություններ՝ հաստատելու կամ բացառելու համար ուռուցքային հիվանդությունը:
Պետք է հիշել, որ արյունամիզության ախտանիշի անտեսումը կարող է կործանարար հետևանք ունենալ` հատկապես քաղցկեղի դեպքում: Հաստատվում է, որ երբ մարդ ծխում է օրական 20 ծխախոտ` 10 տարի տևողությամբ, միզապարկի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը կրկնակի է, քան չծխողների դեպքում:
Իսկ ծխելու դադարեցման հետ՝ քաղցկեղի և միզապարկի ուռուցքի կրկնակի ռիսկը նվազում է: Հայաստանում ծխախոտամոլության աճի հետ մեկտեղ՝ կան բազմաթիվ ուռուցքային հիվանդություններ, այդ թվում՝ միզապարկի քաղցկեղի շատ դեպքեր:
Հետևաբար, հարկավոր է ուշադրություն դարձնել այս հիվանդության կանխարգելմանը: Մանավանդ որ՝ քաղցկեղի առաջացման հավանական պատճառը, գոնե այս պարագայում, արդեն հայտնի է բոլորիս:
urolog.am