Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում պատմական էքսկուրս է անցկացրել, ներկայացնելով հայոց տոնածիսական արարողություններից ամենակարևորի՝ հարսանիքի պատմությունը:
Հայոց տոնածիսական համակարգում առանձնահատուկ տեղ ունի հարսանեկան ծեսը: Ցավոք, մեր օրերում գրեթե վերացել է հայոց ավանդական հարսանիքը, և օտար բարքերի ներխուժումը աղավաղեց նաև թերևս, ամենաավանդականը համարվող ծիսակատարություններից մեկը: Դրա վառ արտահայտություններն են ոչ միայն այսօրվա քաղաքային հարսանիքները՝ կին թամադայով, այլև՝ հայոց մեջ արմատացած, Կարմիր խնձորի մահմեդական սովորույթը…
Հարսանիքն ու նրան նախորդող արարողությունները բնորոշել են հին հայոց սոցիալական, կենցաղային, հարաբերությունները:
Առաջին փուլը, դա աղջկատեսի արարողությունն էր, որ կատարում էին տղայի տոհմի, գերդաստանի ավագ կանայք: Աղջկատեսի ժամանակ տղայի ընտանիքի անդամները չեն մասնակցում: Կանայք հյուր էին գնում, առանց ակնարկելու իրենց առաքելության նպատակը, չնայած, աղջկա ծնողների համար դա ինքնին պարզ էր: Երկրորդ այցը կատարում է տղայի տոհմի պատվարժան այրերից մեկը: Այստեղ նա խոսք է գցում ամուսնության մասին. Սովորաբար, խնամախոսությունն արվում է հետևյալ խոսքերով.
-Տանը լավ սերմ ունենք, ուզում ենք ձեր տնից մի բուռ հող տանենք ցանենք…
– Լսել ենք, որ այստեղ մի կարմիր խնձոր կա: Կուզենք տանենք մեր տղային, որ հոտ քաշի: Թե հոժար եք` նստենք, թե չէ` մենք գնացինք:
Կամ՝
-Եկել ենք մեր հացի համար ձեր տնից աղ տանենք,-նմանատիպ այլ խոսքերով…
Աղջկա ծնողները բնականաբար, սկզբից մերժում են, բերելով բազում պատճառաբանություններ:
Երբ խնամախոսները վերջնական համաձայնության են գալիս հարսի ծնողների հետ, հայրերը հաց կամ լավաշ են կիսում: Սկզբում ուտում են հայրերը, ապա հացը կիսում են նաև խնամախոսության մյուս մասնակիցներն ու հարսի տնեցիները: Այդ ծեսը կոչվում էր Խոսքկապ կամ Փոքր նշան: Նշանդրեքի արարողությունից հետո մինչ հարսանիք, փեսան իրավունք չուներ այցելել, տեսնել իր հարսնացուին:
Սակայն դա չէր խանգառում, որ փեսացուն երբեմն գիշերի հարսնացուի տանը, բնականաբար, գիշերելով առանձին սենյակում:
Խոսքակապի ժամանակ տղան հարսնացուին նվերներ է հանձնում: Հաջորդ օրը՝ խնամիները որպես նվեր գինի կամ օղի են ուղարկում միմյանց: Նորագույն շրջանում նշանադրության արարողությունը առատ սեղանների շուրջ է կատարվել:
Խոսքակապից հետո տղայի ծնողները մեկ-երկու օրից այցելում են խնամիներին՝ Հղե կտրելու: Այս այցելության ժամանակ նրանք պայմանավորվում են հարսանիքի ժամկետը, զրուցում նյութական խնդիրների մասին, հարսի հագուստի, նվերների, օժիտի մասին…
Բուն նշանդրեքի ժամանակ հարսին կանչում էին իր սենյակից: Սովորաբար նրան ուղեկցում էր եղբայրը կամ քույրը, ում փեսայի եղբայրը կամ քույրը պարտադիր նվեր էր տալիս:
Միաժամանակ, տղայի հայրը նվեր էր տալիս աղջկա մորը: Դա սովորաբար լինում է դրամի տեսքով և կոչվում է Կաթի փող: Այսինքն՝ վճարում է հարսին սնուցելու, պահել-մեծացնելու համար:
Ապա նախապատրաստվում են հարսանիքին:
Հարսանիքին նախորդած ուրբաթ օրը տղայի տանը մորթում են մսացու անասունը: Դա արվում է զուռնա-դհոլի նվագի ուղեկցությամբ: Ծեսը պարտադիր արվում է արևածագին: Ցլի գլուխն ուղղվում էր դեպի արևելք և մորթվում: Մորթից հետո փեսայի մայրը սպիտակ թելը թաթախում է ցլի արյան մեջ, կապում տղայի գոտուց, որպեսզի տղան առնական լինի: Ապա բարեկամներից մեկը սկուտեղի վրա լցնում է զանազան մրգեր, բանջարեղեն ու տանը վաճառք-աճուրդ կազմակերպում: Գումարը տալիս են փեսային:
Նույն օրը տեղի է ունենում փեսայի թրաշի արարողությունը: Դա ևս արվում է նվագածուների մասնակցությամբ: Տղայի բարեկամ աղջիկները երգում են փեսա-թագավորին գովերգող երգեր: Վարսավիրը թրաշելու հետ երգում էր փեսա-թագավորի գովքը: Նա նաև հանդերձավորում էր փեսային` ամեն գործողության համար առանձին ընծա վերցնելով քավորից: Ապա քավորը փեսային ու ազապներին բաղնիք է ուղեկցում, ուր փեսային լողացնում են ծիսական կարգով: Իսկ հարսին հանրային բաղնիքում լողացնում են փեսայի տոհմի տարեց կանայք: Ապա ընկերուհիները հինա են դնում հարսի մատերին:
Ալրմաղեքի ժամանակ՝ հարսանիքի նախօրեին, հարսանիքի հացն ու գաթան են թխում:
Հալավօրհնեքի ժամանակ քուրմը կամ քահանան կատարում էին հարսի շորերի, փեսայի գդակի և քավորի սրի օրհնությունը:
Ծառ կապելը կենաց ծառի մանրապատկերը պատրաստելու արարողությունն է: Այս ծեսը կատարվում է թե՛ փեսայի, թե՛ հարսի տանը միաժամանակ:
Հարսանիքից մի օր առաջ փեսայի ընկերները քեֆ են անում ու որոշում ազապբաշուն` ազապների գլխավորին, աճուրդով:
Հաջորդ՝ շաբաթ առավոտյան, հարսանիքից առաջ հարսի տուն են հրավիրում նրա ընկերուհիներին, բարեկամ ազատ աղջիկների, ովքեր հանդերձավորում են հարսին: Ծիսակարգի գլխավորը սակայն, հասու կին պետք է լիներ, ով, երգելով հագցնում է հարսին և սովորույթի համաձայն, կիսատ թողնում գործը, ասելով, թե ինչ-որ տեղս ցավում է… Եվ շարունակում է գործը, երբ քավորկինը փող է տալիս նրան: Մինչ այդ, երբ կարում են հարսի շորերը, կտորի ավելացած մասերը բաժանում են հարսի ընկերուհիների միջև: Այս ծեսը կոչվում է Շորձևեք:
Հարսի կոշիկը պետք է իր կրտսեր եղբայրը կամ քույրը հագցներ:
Հարսին տնից հանելիս, հարսի եղբայրը դանակը խրում է տան դռանը և մինչև փող չտային` չէր հանում դանակը` բացելով մուտքը: Հարսը տնից դուրս գալուց առաջ խոնարհվում է հայրական տան օջախին՝ թոնիրին, դրանով հրաժեշտ տալով իր տոհմին:
Ապա հարսանքավորները հարսի տան սրահում նստում էին խնջույքի՝ ճամփելու հարսին: Սա արվում էր կեսօրին և սովորաբար յոթ կենացից ավել չէր կարելի խմել:
Երեկոյան կողմ հարսանքավորները ուղևորվում են տաճար կամ եկեղեցի, ուր պսակի օրհնությունից հետո ուղևորվում են փեսայի տուն: Տաճար կամ եկեղեցի չլինելու պարագային, քուրմը կամ քահանան ծեսն անում էին թոնիրի մոտ:
Համայնքից դուրս կատարվող հարսանեկան արարողությունը հարսնացուի տանը ավարտելուց հետո, ուշ գիշերին հարսի հյուրերը հյուրընկալվում էին հարսի ազգական-հարևանների տներում, բացի քավորից, փեսայից և նրանից անբաժան ազապբաշուց, ովքեր գիշերում են հարսի հոր տանը: Հարսին հոր տնից հանելու պահին մեջտեղ էին բերում յոթ լավաշ, որոնք մեջտեղից ձգելով կիսում էին հարսի հայրական տան և փեսայի քավորները: Հարսի հայրական տան քավորը իր ձեռքի հացը բաժանում էր հարսի տնեցիներին, իսկ փեսայի քավորը իր բաժինն ուղարկում էր փեսայի տան անդամներին:
Հարսանքավորներից առաջ փեսայի տուն է սուրում Աղվես-սուրհանդակը, ով իր նիզակի ծայրից աղվեսի պոչ էր կապում: Նրան որպես ավետչյա՝ հավ են նվիրում: Եթե աղվեսին փեսայի տանը հավ չեն նվիրում, նա պետք է գողանար այդ հավը:
Երբ հարսանիքը դուրս է գալիս աղջկա համայնքից՝ երեխաները փակում են ճանապարհը հարսանքավորների առաջ և չեն բացում, մինչ ընծա չստանան քավորից:
Իսկ փեսայի համայնքում հարսանիքի թափորին դիմավորում են գյուղի սկզբնամասում՝ ուր քավորին, ազապբաշուն և հարսի տոհմի ներկայացուցիչներին գինի կամ օղի են հրամցնում: Մինչ փեսայի տուն հասնելը, գյուղի բոլոր տների առաջ նման փոքրիկ սեղաններ են բացում՝ հյուրասիրելով հարսանքավորներին:
Երբ հարսանիքը գալիս է փեսայի տուն` հարսը չէր նստում, քանի որ սկեսուրը պետք է նստելու համար նվեր տար: Ապա հարսն ու փեսան Չարը խափանելու համար ափսեներն էին կոտրում և տղայի մայրը լավաշը գցում էր հարս ու փեսայի ուսերին: Ապա նվերներն էին տալիս: Նվերները տալիս էին բոլորի ներկայությամբ:
Ըստ հայ դիցաբանության` հայոց ռազմի աստված Վահագնի և գեղեցկության աստվածուհի Աստղիկի հարսնիքին աստվածների հայր Արամազդը Աստղիկի ուսին լավաշ է դնում: Փեսա Վահագնի տուն գնալու ճանապարհին լավաշն ընկնում է հարս Աստղիկի ուսից: Արամազդը զայրանում է ու ասում. «Հացը գետին ձգողը չի կարող կին ու մայր դառնալ»: Այսպես Վահագնն ու Աստղիկը երբեք չեն ամուսնանում և մնում են հավերժ սիրահարներ: Եվ մինչ այսօր, հարսնիքի ժամանակ, հայ հարսները զգույշ են քայլում, որպեսզի լավաշն իրենց ուսից չընկնի և չունենան Աստղիկի տխուր ճակատագիրը:
Մինչ սեղան նստելը փեսայի պապն ու տատը, երբեմն՝ հայրն ու մայրը կատակով կոխ են բռնում բոլորի ներկայությամբ: Որպես կանոն՝ հաղթում է կինը: Ծեսի իմաստն այն է, որ տան պատերի ներսում ավագն ու կարգադրողը տանտիկինն է:
Իսկ լավաշն առհասարակ, պտղաբերումի խորհուրդն ունի: Փեսայի տանը հարսն առաջին հերթին խոնարհվում է փեսայի տան թոնիր-օջախին, ապա՝ փեսայի ծնողներին՝ հավաստելով, որ այլևս այդ տոհմի աղջիկ է: Ապա հարս ու փեսան երգում էին՝ թոնրի շուրջ պտտվելով: Երգում են` ութ անգամ թոնրի կողքով պտտվելով: Միաժամանակ` քավորկինը ութ բոքոն հաց է պահում հարսի գլխավերևում:
Փեսայի գլուխը զարդարում էին խաղողի վազից կամ ուռենուց պատրաստված պսակով: Պսակը կապելու արարողության ժամանակ հարևանները ներկա են լինում և չիր ու չամիչ են լցնում փեսայի գլխին: Իսկ հարսի գլխին ցորեն են լցնում, որ նա պտղաբեր լինի: Այդ ժամանակ բակում ազապները հրացաններով օդ են կրակում, հարսի և փեսայի պատվին համազարկ տալիս:
Հարսանեկան շատ գեղեցիկ սովորություններ կային: Նրանցից էր Խնամպաչը, երբ փեսայի ու հարսի ազգական պատանիներն ու աղջիկները համբուրում էին միմյանց, ի նշան բարեկամության: Հարսանիքի ժամանակ տղաները խնձոր էին զարդարում հարսի տեսքով (Աստղիկ դիցուհու խորհրդանիշը) և նվիրում իրենց հավանած աղջիկներին: Աղջիկն ընդունում էր ընծան և ի նշան համակրանքի՝ իր թաշկինակն էր նվիրում պատանուն:
Հարսանիքի ամենակարևոր պահը հարսի նվերների մատուցումն էր: Բոլոր նվիրատուները նվագի ուղեկցությամբ պարելով մոտենում են հարսին, մատուցում ընծաները: Ապա պարում է հարսը: Հարսը մենակ է պարում, նրան հերթով մոտենում են, պարում հետը, ապա շաբաշ տալիս:
Վերջում, հարսն ու փեսան պետք է պարեին յոթ մոմերի ուղեկցությամբ: Պարը նույնպես բաղկացած էր յոթ մասից: Պարից հետո տղայի մայրը աղջկան տանում է կերակրելու և խորհուրդներ տալու, իսկ հարսանքավորը շարունակում էր խնջույքը: Հարսանեկան հիմնական պարը գյովանդ վերվերին էր:
Մոմերով կամ ջահերով պարը վերջին շուրջպարն է: Պարելու իրավունք ունեցել են միայն ամուսնացած, բախտավոր մարդիկ:
Հնում հարսանիքները տևել են երեքից յոթ օր, և հարսանեկան խնջույքին մասնակցել են համայնքի բոլոր անձինք: Ավելի ուշ շրջանում հարսանիքները մեկ օր էին անում, իսկ հաջորդ օրը փեսայի տանը խաշի էին հրավիրում համայնքի այն անձանց, ովքեր չեն մասնակցել բուն հարսանեկան խնջույքին:
Իսկ վերջում՝ Կարմիր խնձորի հայկական ավանդույթի մասին: Այն էապես տարբերվում է Արարատյան դաշտում ընդունված, մահմեդական ավանդույթից մնացած սովորույթից:
Հարսն ու փեսան ամուսնական առաջին գիշերից հետո, հաջորդ օրվա լուսաբացին նախ բարձրանում են տան կտուրն ու երկրպագում արևին: Վասպուրականի հայերի մոտ նաև պահպանվել է արևի երկրպագության երգը.
-Էգ /այգ/ բարև, այ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագավորին շատ արև
Վահե, Վահե:
Էգ բարև, այ էգ, բարև,
Էգն արևուն տանք բարև,
Տա թագուհուն շատ արև,
Վահե՛, Վահե՛…
Ապա նորապսակները ազապների ուղեկցությամբ գնում են գերեզմանոց, քանզի արդեն առագաստ մտած հարսը պետք է խոնարհվեր ու երկրպագեր փեսայի նախնիների շիրիմներին:
Այստեղ հետաքրքիր խորհուրդ կա. Չէ՞ որ հարսը հորանց տնից դուրս գալուց առաջ խոնարհվել է հայրական օջախին, հրաժարվել նրանից: Ապա խոնարհվել է տղայի տան օջախին՝ ընդունելով այդ տոհմին իր պատկանելությունը: Եվ ամուսնական առագաստից հետո, իր մեջ կրելով նոր տոհմի սաղմը՝ գնում է խոնարհվելու տղայի նախնյաց գերեզմանին՝ այդկերպ անտես մի պորտալարով ապահովելով սերունդների միջև կապը:
Գերեզմանից հետդարձի ճանապարհին, փեսան նիզակ է խրում հողի մեջ, որի վրա հարսն իր ձեռքով կարմիր խնձոր է ամրացնում: Խնձորի վրա սկզբից կրակում է փեսան: Եթե կրակոցը դիպուկ էր՝ հարսը նրան գոտի է նվիրում: Եթե փեսան խնձորին չի կպչում՝ հերթով կրակում են ազապները: Առաջին դիպուկ նշանառուին հարսը խալաթ է նվիրում՝ որպես բարեկամության նշան: Եվ սովորաբար, հենց նա էլ դառնում է ապագա նորածնի քավորը…