Փյունիկիա
Advertisement 1000 x 90

Փյունիկիա

Հին աշխարհի հզոր պետություններից՝ Փյունիկյայի մասին է իր միկրոբլոգում պատմել պատմաբան Վահե Անթանեսյանը:

Փյունիկյան գտնվում է Միջերկրական ծովի արևելյան ափին՝ և ընդգրկել է այժմյան Լիբանանի, Սիրիայի տարածքները; Փյունիկիայի բնիկ բնակչության մասին ցավոք, պատմագիտությանը քիչ բան է հայտնի: Նրանք Փյունիկիայի տարածքում եկվորներ էին և այստեղ հաստատվել են Էրիթրեական ծովի ափերից: Փյունիկացիները ծովային ժողովուրդներ էին և Սև, Միջերկրական ծովերի ափերին որոնելով կյանքի համար նպաստավոր պայմաններ՝ հաճախ գաղութներ էին հիմնում:

Ամեն դեպքում՝ նրանք վաչկատուն քոչվորներ չէին, և ուր էլ հաստատվել են փյունիկացիները՝ բարձրաստիճան քաղաքակրթություն են հիմնել: Դեռևս մ.թ.ա. հինգերորդ հազարամյակում նրանք Առաջավոր Ասիայում խոշոր քաղաքներ ու բնակավայրեր էին հիմնել, որոնցից առավոլ նշանավորներն են Բիբլոսը, Սիդոնը, Տյուրոսը, Բերիթը (Բեյրութ), Ակրովը…: Սրանք միաժամանակ ինքնաբավ քաղաք-պետություններ էին:

Փյուիկյան հասարակությունը սակայն միասնական չէր: Փյունիկյան իրենից ներկայացնում էր քաղաք-պետությունների յուրահատուկ դաշնություն, որի բնակչությունն զբաղված էր հիմնականում առևտրով և երկրագործությամբ: Ի դեպ, համաշխարհային պատմության մեջ առաջին դրամները հենց փյունիկացիներն են հատել և շրջանառության մեջ դրել: Այդ իմաստով փյունիկացիներին կարելի է համարել համաշխարհային առևտրի սկզբնավորողները: Փյունիկացիների առևտուրը ծաղկում էր Եգիպտոսի, Հայաստանի, Միջագետքի երկրների հետ: Հենց փյունիկացիներն էին տիրում Միջերկրածովյան առևտրական ուղիներին:

Փյունիկիայի աշխարհագրական դիրքը ոչ միայն նպաստում էր այդ երկրի տնտեսական զարգացմանը, այլև այն հաճախ գրգռում էր հարևանների ախորժակը՝ տիրեու Փյունիկիայի բարեբեր հողերին: Երկար ժամանակ Փյունիկիային տիրելու համար միմյանց միջև պայքարում էին Եգիպտոսն ու Հուրրի-Միտտանիի հայկական թագավորությունը:

Փյունիկիան հզորացավ մ.թ.ա. 10-րդ դարում, երբ հիմնադրվեց Տյուրոս-Սիդոնի միացյալ թագավորությունը, որի ազդեցությունը հասնում էր մինչև Պաղեստին և Իսրայել: Սակայն փյունիկացիների այս պետության հզորությունը շատ կարճ տևեց և այն շուտով մասնատվեց: Այն մերթ ընդ մերթ հայտնվում էր կա՛մ Ասորեստանի, կա՛մ Արարատյան թագավորության քաղաքական ազդեցության ոլորտում:

Մ.թ.ա. 8-ից 7-րդ դարերում փյունիկացիները շարունակական պայքար էին մղում Ասորեստանի գերիշխանության դեմ:

Միաժամանակ, փյունիացիները գաղութներ հիմնեցին Միջերկրական ծովի հարավահին ափերին, Սարդինիայում, Սիցիլիայում, անգամ՝ Իսպանիայի և Պորտուգալիայի ներկայիս տարածքում: Այս առումով, տեղին է փյունիկացիներին նաև համարել համաշխարհային ծովագնացության սկզբնավորողները: Նրանցից նշանավորն ինչ խոսք, Կարթագենն էր: Հետագայում Կարթագենն այնքան հզորացավ, որ լուրջ սպառնալիք էր ստեղծում ոչ միայն Միջերկրական ծովում Հռոմի ազդեցությանը, այլև՝ առհասարակ Հռոմին: Սակայն Պունիկյան պատերազմում Կարթագենի զորավար Հաննիբալ Բարկան հապաղեց և պատերազմում առաջնությունն անցավ Հռոմին: Շատ չանցած՝ Կարթագենը կործանվեց: Սակայն Հռոմը դեռ երկար դարեր հիշում էր փյունիկացիների դեմ մղված երկարատև ու ահեղ պատերազմները, և Կարթագեն անունը հռոմեացիների բառապաշարում հավերժ մնաց որպես զորության և թշնամության խորհրդանիշ: Ի դեպ, Մեծ Հայքի մայրաքաղաք Արտաշատն էլ հռոմեացիները կոչում էին Հայկական Կարթագեն. և ոչ միայն այն պատճառով, որ քաղաքի հատակագծման աշխատանքներում իր դերն է ունեցել Հաննիբալ Բարկան. Արտաշատը Արևելքում Հռոմի ամենազորեղ ու գլխավոր հակառակորդի՝ Մեծ Հայքի մայրաքաղաքն էր:

Փյունիկիայի տարածքը մ.թ.ա. վեցերորդ դարում գրավեց Աքեմենյան Պարսկաստանը:

Մ.թ.ա. չորրորդ դարում Փյունիկիայի տարածքը գրավեց Ալեքսանդր Մակեդոնացին, ով կործանեց փյունիկյան քաղաքակրթությունը: Մակեդոնացուց հետո Փյունիկիան այլևս որպես անկախ պետություն հանդես չեկավ: Ալեքսանդր Մակեդոնացու աշխարհակալության կործանումից հետո Փյունիկիայի տարածքն անցավ նոր կազմված Սելևկյան թագավորության տիրակալության տակ:

Շուտով, մ.թ.ա. առաջին դարում, Փյունիկիան գրավեց հայոց արքայից արքա Տիգրան Մեծը: Սակայն հայոց գերիշխանությունը Փյունիկիայում երկար չտևեց: Մ.թ.ա. 66 թվականից Փյունիկիային տիրեցին հռոմեացիները: Հռոմի գերիշխանությունը կործանեց փյունիկյան քաղաքակրթությունն ու փյունիկացիները ձուլվեցին տեղի մյուս ժողովուրդների՝ հիմնականում ասորիների հետ:

Փյունիկացիները հիրավի, մեծ նավագնացներ էին: Նրանց առևտրական նավերը դեռ 3-4000 տարի առաջ նավարկում էին հազարավոր կիլոմետրեր՝ Միջերկրական ծովի ամբողջ ափերով: Փյունիկացիների նավերը մեծ էին. Նրանց երկարությունը հասնում էր մինչև 30 մետր:

Կա վկայություն, համաձայն որի, դեռևս հազարամյակներ առաջ փյունիկացիների նավատորմը Աֆրիկայի շուրջ պտույտ է կատարել:

Այս նավերը ոչ միայն ռազմանավեր էին, որ հսկում էին Փյունիկիայի առափնյա շրջանը, գաղութներ հիմնում Միջերկրական ծովի ավազանում, ուղեկցում առևտրական նավերին… Փյունիկիայի առևտրական նավատորմը թերևս աշխարհում առաջինն էր: Փյունիկացիները փաստորեն, իրենց ձեռքում էին կենտրոնացրել համաշխարհային ծովային առևտուրը: Նրանք Արևելքից ձեռք բերած ապրանքները նավերով հասցնում էին աֆրիկյան և եվրոպական մայրցամաքներ:

Հենց փյունիկացիները հայտնագործեցին և աշխարհում կիրառության մեջ դրեցին ապակին:

Փյունիկացիների առևտրային գործունեության մասին վկայված է նաև քրիստոնեական Բիբլիայում: Եզեկիելի մարգարեությունում Տյուրոս նավահանգստի մասին  գրված է. «Դու առևտուր էիր անում Իսպանիայում, գնում էիր արծաթ, երկաթ, անագ և վճարում քո ընտիր ապրանքներով»:

Առհասարակ, իսրայելցիները թշնամանքով էին վերաբերվում փյունիկացիներին և շարունակ ավարառուական պատերազմներ էին մղում նրանց դեմ: Եվ փյունիկացիները հաճախ էին հարկ վճարում Իսրայելի և Հուդայի թագավորություններին՝ ազատ առևտրի թույլտվության պայմանով; Փյունիկացիների համար ամենակարևորը անարգել առևտուրն էր:

Փյունիկացիներն անուրանալի ավանդ են ունեցել նաև համաշխարհային գիտության զարգացման գործում: Նրանց գրային համակարգը, այբուբենը ամենահներից է և ամենակատարյալ գրային համակարգերից մեկն է համարվել հին աշխարհում: Փյունիկյան այբուբենից է առաջացել հին հունական այբուբենը:

Փյունիկացիներն էին պապիրուսի հայտնագործողները: Փյունիկյան Բիբլոս քաղաքն էր Փյունիկիայի գիտության և կրթության կենտրոնը: Այնտեղ էին արտադրվում լավագույն պապիրուսներն ու տարածվում տարածաշրջանում: Շատ հնագույն լեզուներում Բիբլոս բառը հոմանիշ դարձավ գիրք բառին, որտեղից էլ գործածության մեջ մտավ Բիբլիա բառը, որպես Գիրք գրոց:

 



Նման նյութեր