Հայաստանում պատվաստումները պատշաճ ժամանակին կատարվում են հիմնականում 93-94 տոկոսով: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ամփոփելով «Իմունկանխարգելման եվրոպական շաբաթ»-ը` ասաց, որ միջոցառումը կազմակերպվել է, որպեսզի հանրությունը իրազեկ լինի, խոսվի իմունիզացիայի հաջողության մասին: «Մեր հանրապետությունում վերջին տարիներին անցկացված իմունիզացիաները բերեցին նրան, որ մենք արդեն ամենաքիչը 5 տարի է, ինչ կարմրուկի տեղական դեպքեր չենք գրանցում: Այն դեպքերը, որոնք արձանագրվում են Հայաստանում, հիմնականում մեր հարևան երկրներից ներկրված հիվանդություններ են»,- ընդգծեց Խաչատրյանը:
Այսօր ավարտվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական գրասենյակի կողմից հայտարարված իմունիզացիայի շաբաթը: Սերգեյ Խաչատրյանի խոսքով՝ իմունկանխարգելման շաբաթվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել` անց են կացվել քննարկումներ, մադկանց տեղեկացվել է կարևորության մասին, ինչպես նաև հատուկ միջոցառումներ են անցկացվում լրագրողների հետ:
«Իմունիզացիայի լավ արդյունքների հասնելու համար շատ հաճախ պետք է իրականացվեն նման միջոցառումներ: Այս հարցով աշխարհում տարբեր մոտեցումներ կան, օրինակ՝ ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եթե երեխան պատվաստված չէ, ապա նրան չեն թողնի հանրային դպրոց հաճախել: Լատինական Ամերիկայի երկրներից մեկում էլ վակցինացիայից հրաժարումը կարող է հասցնել ծնողների ձերբակալության»,- նշեց Խաչատրյանը:
Պատվաստումներից հետո առաջացող ռեակցիաների վերաբերյալ Առողջապահության նախարարի տեղակալն ասաց, որ վակցինացիայի հետևանքով ջերմություն է առաջանում, դա նորմալ է և դրանից վախենալ պետք չէ:
«Եթե ոչ կանխատեսելի ռեակցիաներ են եղել պատվաստումից հետո, ապա երեխային պետք է տանել բուժհաստատություն: Երկար տարիների ընթացքում Հայաստանում ծանր հետևանքներ ունեցող ռեակցիաների դեպքեր բարեբախտաբար չեն արձանագրվել»,- ասաց Սերգեյ Խաչատրյանին:
Նա ընդգծեց, որ նորակոչիկների պատվաստումը նախկինում իրականացվում էր հավաքակայանում, իսկ հիմա ամբողջությամբ առողջապահության համակարգի ներքո է: