Հայերը Պարսկաստանում
Advertisement 1000 x 90

Հայերը Պարսկաստանում

Հայ ժողովրդի պատմությունը Պարսկաստանում՝ պատմաբան Վահե Անթանեսյանի ներկայացմամբ:

Դեռևս վաղնջական շրջանում Իրանի տարածքում ձևավորվել էր Էլամի թագավորությունը, որի հետ հայերը բարեկամական հարաբերություններ ունեին: Էլամի թագավորության կործանումից հետո ձևավորվեց  Մարաստանի հզոր թագավորությունը: Մ.թ.ա. 6-րդ դարում պատերազմ ծագեց հայոց արքա Տիգրան Երվանդյանի և Մարաստանի արքա Աժդահակի միջև: Հայոց արքան ջախջախեց Աժդահակի զորքը, նրան տապալեց մենամարտում: Օգտվելով առիթից՝ Մարաստանի դեմ ապստամբեց Պարսք երկրի կառավարիչ Կյուրոսը և կործանված մարական աշխարհակալության փլատակների վրա ստեղծեց Աքեմենյան Պարսկաստանի հզոր պետությունը: Հայերն ու պարսիկները դարձան դաշնակիցներ:

Աքեմենյանների օրոք ողջ արևելքում ձևավորվել էր համաարիական մեծ աշխարհակալություն, ուր պարսիկներից հետո երկրորդ բարձն ու դիրքը պատկանում էր հայոց Երվանդունի արքաներին: Այս տերության տնտեսական շատ լծակներ գտնվում էին հայերի ձեռքին: Հույն պատմիչ Քսենոֆոնի հավաստամամբ, հայ վաճառականները անարգել առևտուր էին անում մինչև Հնդկաստան և պարսից արքաների համար միաժամանակ կատարում էին ուղեկցողի, թարգմանչական և դիվանագիտական առաքելություններ:

Մ.թ.ա. 522 թվականին Հայաստանն ապստամբեց Դարեհ Ա գերիշխանության դեմ: Երկարատև ծանր պատերազմից հետո միայն պարսիկները կարողացան հաստատել իրենց գերիշխանությունը: Բայց Հայաստանը պահպանեց իր ներքին լիակատար անկախությունը: Այդ շրջանում հայ-պարսկական հարաբերություններն ավելի շատ դաշնակցային էին, քան՝ հարաբերություններ վասալի և գերագահի միջև:

Մ.թ.ա. 331 թվականին հայկական բանակը պարսկական զորքերի կազմում մասնակցեց Գավգամելայի ճակատամարտին: Ինչպես նշում են պատմիչները, մակեդոնական բանակի առաջին հարվածներից հետո պարսկական զորքը խուճապահար փախուստի դիմեց: Միայն հայկական 48000-ոց զինուժը մինչև վերջ դիմադրեց մակեդոնացիներին ու արժանապատիվ նահանջեց մթնշաղին: Պարսկական տերությունը կործանվեց, իսկ Հայաստանը վերագտավ իր լիակատար անկախությունը:

Մ.թ.ա. 247 թվականին Պարսկաստանի տարածքում հաստատվեց Պարթև Արշակունիների թագավորությունը: Նրանց կրտսեր ճյուղը հաստատվեց հայոց գահին 52 թվականին՝ հիմք դնելով հայ Արշակունիների թագավորությանը: Հայերև և պարթև Արշակունիները ոչ միայն խաղաղ դրկիցներ էին, այլև՝ բարեկամներ, դաշնակիցներ, և միշտ միասին էին դիմագրավում հռոմեական զավթիչներին:

224 թվականին Իրանում պարթև Արշակունիների դեմ ապստամբեց պարսիկ Արտաշիր Պապական իշխանը և հաղթելով, կործանեց պարթևական պետությունն ու հիմք դրեց պարսիկ Սասանյան թագավորությանը: Սասանյաններն արդեն զրադաշտական էին: Սկիզբ առավ երկարատև հայ-պարսկական պատերազմ, որն ավարտվեց հայոց Խոսրով արքայի դավադիր սպանությամբ և պարսիկների կողմից Հայաստանի գրավմամբ:

Հետագայում Հայաստանն ազատագրվեց: 301 թվականին Հայաստանը որպես պետական կրոն ընդունեց քրիստոնեությունը: Դա ավելի սրեց հայ-պարսկական հարաբերությունները, քանզի հայոց քաղաքական կյանքում էական դերակատարություն ստանձնած եկեղեցին  հայոց քաղաքական կողմնորոշումը շարունակ թեքում էր դեպի Հռոմ:

Եվ եկեղեցին հանդիսացավ այն հիմնական ուժը, որ ոչ միայն փչացրեց հայ-պարսկական հարաբերությունները, այլև՝ դեպի կործանում տարավ հայոց պետականությունը:

387 թվականին Պարսկաստանն ու Հռոմը միմյանց միջև բաժանեցին Հայաստանը: Եթե բարեկամ ձևացող դավանակից Հռոմն անմիջապես վերացրեց Հայոց թագավորական իշխանությունը Արևմտյան Հայաստանում, պարսիկներն այն պահեցին: Ավելին, երբ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը վերականգնեց հայոց գրային համակարգը, պարսից արքունիքը ոչ միայն չխոչնդոտեց, այլև խրախուսեց Հայաստանում ազգային զարթոնքը:

Պարսիկներին ձեռնտու էր զորեղ Հայաստանի գոյությունը, որպես ապավեն արևելքում Հռոմի ոտնձգությունների:

428 թվականին հայ իշխանների խնդրանքով պարսից արքունիքը վերացրեց հայոց Արշակունիների թագավորությունը: Հայաստանը դարձավ Սասանյան Պարսկաստանի մարզերից մեկը:

5-ից 6-րդ դարերում հայերը պարսիկների դեմ մի քանի ապստամբություններ բարձրացրեցին: Սակայն պարսկական տիրապետությունը պահպանվեց, մինչև արաբների կողմից Իրանի նվաճումն ու Սասանյանների թագավորության կործանումը:

Իրանը երկար ժամանակ զուրկ էր անկախությունից: Մինչև 16-րդ դարը Իրանի և Հայաստանի տարածքը ասպատակում էին մե՛րթ սելջուկները, մե՛րթ մոնղոլները, Լենկ-Թեմուրի հորդաները, Միջին Ասիայից թափանցած ակ-կոյունլու և կարա-կոյունլու թուրքմենական ցեղերը… որոնք էապես տարածաշրջանում փոխեցին ազգագրական պատկերը:

Միայն 1502 թվականին պարսիկներն ազգային պետություն ստեղծեցին՝ Սեֆյան Իրանը, ինչը, պետք է խոստովանել, փրկություն հանդիսացավ նաև հայության համար: Հզորացած Պարսկաստանը փակեց Միջին Ասիայից դեպի արևմուտք թափանցող թյուրքական ցեղախմբերի մուտքը, ինչը ռեալ սպառնալիք էր Հայկական լեռնաշխարհի բնիկ բնակչության համար:

1604 թվականին հայոց Մելիքսեդեկ կաթողիկոսը համոզեց պարսից շահ Աբաս Ա, որ վերջինս կազմակերպի հայերի գաղթը դեպի Իրան: Հայոց կաթողիկոսն այս գաղթից ուներ իր նեղ անձնական շահերը: Այդ մասին անթաքույց գրում է դեպքերի ականատես պատմիչ Առաքել Դավրիժեցին: Իսկ Իրանի շահը դրանով ցանկանում էի հայ բնակչության հաշվին ոտքի կանգնեցնել Իրանի տնտեսությունը: Արարատյան երկրից շուրջ 300.000 հայեր բռնությամբ տեղափոխվում են Պարսկաստան:

Ձևավորվում է Նոր Ջուղա հայաքաղաքը: Հայերը իսկապես մեծ ներդրում ունեցան պարսկական տերության տնտեսական և մշակութային կյանքում: Հայերի ձեռքում կենտրոնացավ միջազգային առևտրի տեսակարար մեծ կշիռ: Շահ Աբասը պարսկական մետաքսը միջազգային շուկա արտահանելու մենաշնորհը տվեց հայերին: Նոր Ջուղայի առևտրական կապիտալն այդ ժամանակներում հավասարը չուներ տարածաշրջանում:

Պետք է նշել, որ Նոր Ջուղան 17-19-րդ դարերում ամենամեծ հայաքաղաքն էր և հայ մշակութային, գիտական մտքի ամենամեծ կենտրոնը, հետագայում աստիճանաբար իր տեղը զիջելով Թիֆլիսին:

1638 թվականին հենց Նոր Ջուղայում բացվեց Մերձավոր Արևելքի առաջին տպարանը:

1881 թվականին մեր հայրենակիցների ջանքերով Իրանում հիմնվում է առաջին թատերասրահը: Կինոյի ասպարեզում առաջին իրանցի կին դերասանուհին Ասյա Գաստանյանն էր, ով նկարահանվել էր «Հաջի աղան կինոյի դերասան» ֆիլմում: Ապա Գաստանյանը նկարահանվել էր նաև «Աբի Ռաբի» ֆիլմում, որի սցենարիստն էր Ավանես Օգանյանցը՝ պարսկական կինոյի առաջատարներից մեկը:

1804-1812 և 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմների արդյունքում Պարսկաստանը պարտություն կրեց և ռուսական կառավարությունը Հյուսիս-արևելյան Հայաստանը բռնակցեց ռուսական կայսրությանը: Ներսես Աշտարակեցի կաթողիկոսի աջակցությամբ կազմակերպեց պարսկահայերի գաղթը դեպի ռուսական տիրակալության տակ գտնվող Հայաստան: Պարսկահայոց ծաղկուն ու զարթոնք ապրող համայնքը կործանման եզրին հայտնվեց:

1905 թվականին Իրանում բռնկված սահմանադրական հեղափոխության առաջնորդ դարձավ Եփրեմ խանը, ով զոհվեց զենքը ձեռքին և ընկավ որպես Իրանի ազգային հերոս:

Հայերը որպես Իրանի քաղաքացիներ, միշտ ակտիվ ներգրավված են եղել երկրի քաղաքական, մշակութային կյանքին:

1980-1988 թվականների պարսկա-իրաքյան պատերազմին շուրջ 20.000 հայեր մասնակցեցին: Նրանցից հարյուրավորներ զոհվեցին Իրանի անկախության համար:

Այսօր Իրանում բնակվում են մոտ 150.000 հազար հայեր:

Իրանի սահմանադրությամբ հայերին տրված են ներքին մշակութային և կրոնական ինքնավարության լայն իրավունքներ։ Իրանական Մեջլիսում պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին, իսկ մեկական տեղ՝ հրեաներին, զրադաշտականներին և ասորիներին։

Սպահանում այսօր կան քսան հայկական եկեղեցիներ, որոնցից 13-ը գործող են։ Թեհրանում կա 8 գործող եկեղեցի։ Հայկական եկեղեցիները պետական հոգածության ներքո են: Երկրում կա շուրջ 45 հայկական դպրոց, որոնցից ավելի քան 15-ը Թեհրանում է։ Իրանում գործում են հայկական մշակութային ընկերություններ, որոնցից խոշորագույնը Թեհրանի Արարատ միությունն է, տպագրվում են բազում հայկական թերթեր: Հնագույնը դաշնակցության ,,Ալիք,, թերթն է, որ սկսվել է տպագրվել 20-րդ դարի սկզբից:

Իսկ բարեկամ ու հզոր հարավային հարևանի՝ Իրանի իսլամական հանրապետության հետ այսօր բարեդրացիական հարաբերություններ ունենալու և սերտ տնտեսական համագործակցության կարևորության մասին խոսելն ինքնին ավելորդ է:

 



Նման նյութեր