Ադրբեջանը հասկացել է խոշոր կորուստների հեռանկարը. lragir.am
Advertisement 1000 x 90

Ադրբեջանը հասկացել է խոշոր կորուստների հեռանկարը. lragir.am

lragir.am-ը գրում է. Մոսկվայում եռակողմ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը համաձայն են կատարել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները: Դա նշանակո՞ւմ է, որ Ադրբեջանն էլ է համաձայնվել, նկատի առնելով, որ Ալիեւը հրապարակավ հրաժարվել է դրանցից, մասնավորապես՝ հակամարտության գոտում հետաքննության մեխանիզմի տեղակայումից: Այս հարցը քննարկումների առարկա է դարձել փորձագիտական շրջանակներում: Փաստացի, Ադրբեջանը երկրորդ անգամ է համաձայնություն տալիս, բայց հասկանալի է, որ չի գնա դրան, քանի որ դա իր ռազմա-քաղաքական դիվանագիտության «փաստաթղթավորված» ավարտը կլինի:

Ադրբեջանի հույսը մնում է Ռուսաստանը եւ նրա հովանու ներքո եռակողմ ձեւաչափը: Սա տարածքները ոչնչի դիմաց ստանալու եւ պատերազմի իր «իրավունքը» պահելու ձեւաչափն է: Բնականաբար, Ադրբեջանի հույսը նաեւ այն է, որ Հայաստանի իշխանությունը տեղի կտա Ռուսաստանի հնարավոր ճնշմանը: Կգնա՞ Ռուսաստանը նման քայլի: Սակայն սա էլ չէ կարեւորը, այլ այն, թե արդյոք Հայաստանի իշխանությունը տեղի կտա հնարավոր ճնշմանն ու կհրաժարվի բանակցությունը շարունակելու իր նախապայմաններից՝ հետաքննության մեխանիզմի տեղակայում ու կարգավիճակ: Մինսկի խմբի արեւմտյան համանախագահները՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան, փաստացի աջակցում են Հայաստանի դիրքորոշմանը: Հայաստանին մեծ նվեր արեց նաեւ Իրանը:

Այդ երկրի ԱԳՆ խոսնակը հայտարարեց, որ մեկ երկիր չպետք է լուծի հակամարտությունը, եւ որոշիչը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքն է: Ավելի վաղ, Իրանը հայտարարեց երրորդ կողմի ներկայության բացառման մասին:

Այսպիսով, Հայաստանն ունի միջազգային շահագրգիռ կողմերի նպաստավոր դիրքորոշումը, որը ոչ այլ ինչ է, քան ստատուս քվոյի միջազգային որոշակի ճանաչում: Լուռ է միայն Ռուսաստանը, որը Ադրբեջանին իր կողմը պահելու խնդիր ունի: Ապրիլի պատերազմից հետո Ադրբեջանին զրկվել է պատերազմի «իրավունքից» եւ կարգավորման որոշակի վերջնագիր ստացել երկու պայմանների ձեւով: Դա ակնհայտ դարձավ այս տարվա փետրվարին, երբ Ադրբեջանը փորձեց վերականգնել «պատերազմի իրավունքը» եւ հասկացավ, որ հետաքննության մեխանիզմը փաստացի արդեն տեղակայված է հայկական կողմում: Բաքվում հասկացել են, որ այս իրավիճակը հղի է անկանխատեսելի հետեւանքներով, այդ թվում, ի դեպ, ռազմական, եւ Մոսկվայում տրված համաձայնությունն ընդամենը ժամանակ շահելու նպատակ ունի:

Այդ ժամանակը Բաքուն փորձելու է օգտագործել Վիեննայի օրակարգը չեզոքացնելու եւ Հայաստանին բանակցության «հարկադրելու» համար: Բաքվի ռազմա-քաղաքական փաստարկների «զինանոցը» սպառված է, եւ այս իրավիճակը խորացնելու նպաստավոր միջավայր կա: Եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունը որոշում չկայացնի մասնակցել բանակցությանն առանց իր պայմանները կատարելու: Եռակողմ հանդիպմանը մասնակցելու համաձայնությունը նման մտահոգության տեղիք է տալիս:



Նման նյութեր