Շուշիի ազատագրումը փոխեց հայերիս ճակատագիրն ու հաստատեց, որ Հայոց բանակն ամենաուժեղն է, ամենահզորը: Այսօր Շուշիում տեղի են ունենում հաղթանակին նվիրված տոնախմբություններ, որին ներկա են ոչ միայն արցախցիները: Այնտեղ է նաև «Կարին» ազգագրական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը, ով Life.panorama.am-ին պատմեց տոնական օրվա և 25 տարի առաջ այս օրվա հետ կապված հիշողությունների մասին:
«Այժմ Շուշիում մեծ տոնախմբություն է կատարվում, մեր դրոշի հետ կապված շատ գեղեցիկ միջոցառում է կազմակերպված` երիտասարդները դրոշի երեք գույների կտորներն են բարձրացնում Ղազանչեցոց վանքի մոտ, որտեղ կմիավորվեն գույները: 25 տարի առաջ այս օրը, Շուշիի ազատագրումից անմիջապես հետո Պարգև Սրբազանը մեծ պատարագ մատուցեց Ղազանչեցոց եկեղեցում և այսօր էլ վանքի վկայությամբ նշվում է հաղթանակի 25-ամյա հոբելյանը: Ի դեպ` քիչ առաջ այստեղ տեսանք նաև Արկադի Տեր-Թադևոսյանին` Կոմանդոսին, ով Շուշիի ազատագրման հիմնական կազմակերպիչն էր և ռազմական գործողության մշակման գլխավոր հեղինակը»,- պատմեց Գագիկ Գինոսյանն ու շարունակեց.
«Այս տոները հայերիս համար շատ կարևոր է և կարծում եմ` այսօր բոլոր հայերն են նշում Շուշիի ազատագրման 25-ամյակը: Քարորդ դար առաջ այս օրը Արցախի հնամենի մայրաքաղաքն ազատագրվեց, ինչը յուարքանչյուր հայի համար մեծ խորհուրդ ունի: Պատմության անիվը այդուհետ ճիշտ ուղի բռնեց, այսօր էլ բոլորս գիտակցում ենք, որ պետք է մեր պապերի հողերը անսասան պահենք: Շուշին ողջ ռազմական գործողությունների նախակարապետն էր, որը փոխեց բոլորիս ճակատագիրը: Վստահ եմ, որ դա ոչ թե վերջակետ էր, այլ նոր դաս մեր սերունդներին` ավելի զորեղ ազատագրական երկիր կերտելու և նոր ռազմավարական պայքարներ մղելու համար: Վստահ եմ, որ Շուշիի ոգին երբևէ չպետք է թույլ տա, որ մենք նահանջողական, պարտվողական հոգեբանություն ունենանք, 25 տարի առաջ ոչ միայն ազատագրվեց հրաշք Շուշին, այլև հայի հոգեբանության միջից արմատախիլ եղավ պարտվողական հոգին, և սկիզբ դրվեց հայրենիքը կտոր առ կտոր հետ բերելու ցանկությանը: Այսօր ոչ մեկ չի կարող խոսել ազատագրված տարածքներից թեկուզ մեկ կտոր հետ տալու մասին, քանի որ դրանք ձեռք են բերվել արյունով ու կյանքերով: Անգամ այսպես կոչված խաղաղության դիմաց մենք չպետք է մտածենք հող զիջելու մասին, քանի որ խաղաղությունը վաստակվում է միայն հաղթանակով»:
Գագիկ Գինոսյանը չի մասնակցել Շուշիի ազատագրմանը, սակայն լավ է հիշում` այդ հաղթանակը տոնում էին բոլորն անխտիր.
«Ցավոք սրտի, լինելով ազատամարտիկ, Շուշիի ազատամարտին բախտ չեմ ունեցել մասնակցելու, սակայն այսօրվա պես հիշում եմ այդ օրը, բոլորը մեծ խանդավառությամբ նշում էին հաղթանակը: Այսօր էլ մենք պատրաստ ենք վճարել հայրենիքի ազատագրման համար և ինչպես ասում էր Գ. Նժդեհը` մենք բավականին մետաղ և արի սրտեր ունենք հայրենիքը ազատագրելու և հայրենիքի արժանապատվությունը բարձր պահելու համար»,- ավարտեց ազատամարտիկը: