Ռուսա Առաջին
Advertisement 1000 x 90

Ռուսա Առաջին

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում շարունակում է ներկայացնել հայ ժողովրդի պատմությունը, նրա թագավորներին և ականավոր գործիչներին: Այս անգամ նա անդրադարձել է հայոց Ռուսա Ա թագավորին:

Ռուսա Ա արքան թոռն է քաջ ու զորեղ Արգիշտի Ա արքայի, որդին՝ Սարդուրի Բ: Նրա ծննդյան թվականն անհայտ է: Ռուսա Ա հայոց գահին հաջորդեց Սարդուրի Բ մ.թ.ա. 735-714 թվականներին: Նա հորից ժառանգեց հզոր ու ընդարձակ մի պետություն, որ Առաջավոր Ասիայում Ասորեստանի հետ պայքարում էր առաջնության համար:

Սակայն Ռուսա Ա հայոց գահ բարձրանալով՝ ստիպված էր շատ դժվարություններ հաղթահարել: Հարավում վերստին հզորացել էր հայոց ոխերիմ թշնամին՝ Ասորեստանի թագավորությունը: Ասորիները դեռևս վաղաժամ համարելով Արարատյան թագավորության դեմ հարձակումը, դավադրությունների միջոցով խարխլում էին հայոց պետությունը՝ այստեղ շարունակ ներքին ըմբոստություններ ու խռովություններ հրահրելով: Գահ բարձրանալով՝ Ռուսա Ա ստիպված էր պայքար մղել ներքին կենտրոնախույս ուժերի դեմ՝ հպատակեցնելով նրանց և հայոց երկրից անջատված ծայրագավառները վերստին միացնելով Արարատյան թագավորությանը:

Ռուսա Ա շինարար արքա էր: Նրա օրոք Հայաստանում կառուցվեցին քաղաքներ, ամրոցներ, տաճարներ, երկիրը պատվեց ջրանցքների խիտ ցանցով: Արքան կառուցեց նաև ջրամբարներ, առուներ գցեց, շտեմարաններ ու ձիաբուծարաններ հիմնեց:

Ռուսա Ա կառուցած քաղաքներից նշանավորը Վանա լճի արևելյան շրջանում կառուցած Ռուսախինիւի բերդաքաղաքն է, այժմյան Թոփրակ–կալա հնավայրը: Վանա լճի հարավային ափին արքան կառուցեց նաև Ուեսի (Ուասի, Ուայաիս) կոչվող արքունի հզոր բերդը, որ հետագայում դարձավ Ռշտունիք գավառի կենտրոն՝ Ոստան քաղաքը։

Ռուսա Ա բարեփոխումների ենթարկեց հայոց երկիրը, շենացրեց այն և ուժեղացրեց  արտաքին քաղաքականությանը: Արքան ընդարձակեց Արարատյան թագավորության սահմանները: Երկրի հյուսիսում՝ Սևանի ավազանում, վանեց թշնամական ցեղախմբերին, երկրամասը միավորեց իր պետությանը:

Հատկապես կարևոր էր Ռուսա Ա արշավանքը հարավային ուղղությամբ: Նա հայոց բանակն առաջնորդեց դեպի Կապուտան լճի ափամերձ շրջան, գրավեց լճի հարավային շրջանները, այնտեղ ամրություններ կառուցեց՝ լուրջ ռազմական հենարան ստեղծելով Ասորեստանի դեմ սպասվող վճռական պատերազմից առաջ:

Ռուսան նաև փորձեց Ասորեստանին մեկուսացնել դիվանագիտական ասպարեզում՝ հարևան երկրներից նրա դեմ կազմելով ռազմաքաղաքական խմբավորումներ: Մասնավորապես, հայոց արքան հակաասրոական դաշինք ստեղծեց Կիլիկիայի տարածքում գտնվող պետությունների, Կապադովկիայի, Փռյուգիայի, Մանայի թագավորության, Մելիդի մասնակցությամբ:

Ասորական թագավորությունը հայտնվեց հայոց արքայի գլխավորած ռազմաքաղաքական ամուր դաշինքի օղակի ներսում, և թվում էր՝ Ռուսա Ա կհաջողվի վճռկան հարված հասցնել ոսոխին և կրկին Առաջավոր Ասիայում հաստատել Արարատյան թագավորության գերազանցությունը:

Եվ իսկապես, իրադարձությունները դասավորվում էին հօգուտ Արարատյան թագավորության: Սակայն հայոց երկրի գլխին պատուհասը եկավ անսպասելի վայրից: Թշնամին էլ ձեռքերը ծալած նստած չէր և Ասորեստանի դրդմամբ հյուսիսից հայոց երկրի վրա մեծաքանակ հորդաներով հարձակվեցին կիմմերները:

Մ.թ.ա. 715 թվականին, վճռական ճակատամարտում հայոց բանակը պարտվեց: Կիմմերներն ասպատակեցին Հայաստանը: Օգտվելով առիթից՝ դարձյալ Ասորեստանի դրդմամբ, հայոց արքայի դեմ ապստամբեցին մի քանի կուսակալներ: Մեծ ջանքերի գնով հայոց արքային հաջողվեց Արարատի երկիրը մաքրել թե՛ վաչկատուն կիմմերներից, թե՛ ճնշել ապստամբ կուսակալներին: Արքան դաժանորեն ճնշեց ապստամբություններն ու մահապատժի ենթարկեց նրանց կազմակերպիչներին:

Օգտվելով առիթից, որ Ռուսա Ա զբաղված է կիմմերների դեմ պատերազմով և ներքին խռովությունները ճնշելով, Ասորեստանի արքա Սարգոն Բ հարձակվեց Մանա թագավորության և  հայոց մյուս դաշնակիցների վրա, երկու վճռական ճակատամարտերում առանձին-առանձին ջախջախեց նրանց և Արարատյան թագավորությունն առավ աքցանի մեջ:

Հաջորդ տարի՝ մ.թ.ա. 714 թվականին, Սարգոն Բ Արարատյան թագավորությանը հասցրեց վճռական հարվածը. Ասորական մեծաքանակ բանակը հարավից մտավ Հայաստան: Սարգոն Բ ամայացրեց հայոց պետության հարավային գավառները: Նա գրավեց ու ավարառեց յոթ գավառներ և 430 բնակավայրեր: Հասկանալով, որ Արարատյան թագավորության ռազմական զորությունը խորտակված չէ՝ Սարգոն Բ  սիրտ չարեց  հարձակվել մայրաքաղաք Վանի վրա, սակայն գրավեց պետության հոգևոր կենտրոնը՝ Արդինիի Մուսասիրի տաճարը, թալանեց և ավերեց այն:

Մուսասիրից Սարգոն Բ գերի տարավ 6000 հայ ռազմիկների: Ասորեստանի արքան  Մուսասիրի տաճարից կողոպտեց հսկայական հարստություն. Ի թիվս այլոց՝  25212 վահան, 30541 սուր, 1514 նիզակ, 607 կաթսա, 108 տոննա ձուլածո բրոնզ, 18 տոննա  արծաթ, 2 տոննա ոսկի:

Զենքերի ու գանձերի առատությունը Մուսասիրի տաճարում վկայում է, որ հայոց տաճարները ոչ միայն միաժամանակ պետության գանձատներն էին համարվում, այլև, որ տաճարները՝ քրմական դասը, ունեցել են իրենց զինված ուժերը, որոնք անհրաժեշտ պահին նեցուկ են կանգնել արքային և բանակին:

Հետագայում, Սարգոն Բ Մուսասիրի ավերումն ու կողոպուտը պատկերել է Դուռ Շաոուկինի պալատում: Այժմ պատմագիտության համար արժեքավոր այդ պատկերաքանդակը պահպանվում է Լուվրի թանգարանում: Շնորհիվ Դուռ Շառուկինի պատկերաքանդակի՝ կարևորագույն սրբագրում պետք է կատաարել համաշխարհային պատմության և ճարտարապետության մեջ մինչ այժմ ընդունված մի կեղծիքի վերաբերյալ:

Մասնավորապես, մինչ օրս Գառնիի տաճարը (առհասարակ նմանատիպ՝ սյունաշար տաճարները) համարվում են հելլենական կամ հունահռոմեական մշակույթի բաղկացուցիչներ: Անտիկ աշխարհում նմանատիպ տաճարներ սկսել են կառուցել սոսկ մ.թ.ա. 7-րդ դարից: Մինչդեռ Սարգոն Բ արդեն մ.թ.ա. 8-րդ դարի վերջում՝ մ.թ.ա. 714 թվականին, Հայաստանում ավերել է Մուսասիրի՝ նույն ոճով կառուցած տաճարը: Բնականաբար, Հայաստանում Արդինիի Մուսասիրի տաճարի ոճով կառուցած այլ տաճարներ էլ են եղել, որոնք սակայն մեզ չեն հասել: Մինչդեռ՝ Մուսասիրը ինչպես որ պատկերված է պատկերաքանդակներում, վստահաբար կարելի է համարել ճարտարապետական սյունաշար կառույցների նախատիպը և այդ ոճի մեզ ավանդված ամենահին կառույցը: Բնականաբար՝ ճարտարապետական այդ ոճը հունահռոմեական համարելը սխալ է: Այն հայկական ճարտարապետության արգասիք է: Ի դեպ, Հայաստանի պատմության ազգային թանգարանում ցուցադրվում են Մեծամորից և Շենգավիթից գտնված անգամ կրկնահարկ, եռահարկ նմանատիպ տաճարների մակետներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. երկրորդ հազարամյակով:

Մուսասիրի տաճարի թալանն ու ավերումը ծանր հարված էր ոչ միայն հայոց պետությանը, այլև՝ հայոց արքայի պատվին ու ինքնասիրությանը: Ռուսա Ա, ով  նաև երկրի քրմապետն էր՝ ստացած հարվածից ու վշտից ինքնասպան եղավ:

Ռուսա Ա հաջորդեց նրա քաջ ու խելամիտ որդին՝ Արգիշտի Բ, ով կարողացավ արագ չեզոքացնել Ասորեստանի սպառնալիքը, վերականգնել ավերված երկիրը, Արարատյան թագավորության ռազմական, տնտեսական զորությունն ու հեղինակությունը: Արգիշտի Բ թագավորեց խաղաղ, և նրա թագավորության օրոք Ասորեստանի ու Արարատյան թագավորության միջև բախումները սահմանափակվեցին փոխադարձ դիվանագիտական նոտաներով և լրտեսական գործունեությամբ:



Նման նյութեր