Մանկական խնամքի միջոցներ. ինչպես ընտրել անվտանգը բազմազանության մեջ
Advertisement 1000 x 90

Մանկական խնամքի միջոցներ. ինչպես ընտրել անվտանգը բազմազանության մեջ

Արտադրանքի վրա տեսնելով «մանկական» բառը` մենք հաճախ մտածում ենք, որ տվյալ արտադրանքը անվտանգ է, քանի որ նախատեսված է հատուկ երեխաների նուրբ մաշկի համար: Սակայն իրականությունը լիովին այլ է: Մանկական խնամքի միջոցներից շատերի մեջ առկա են բազմաթիվ վտանգավոր նյութեր, որոնք ոչ միայն օգուտ չեն տալիս, այլ կարող են լուրջ վնասել ձեր երեխային: Միլիարդների շահույթ ստացող ընկերությունները հավաստիացնում են, որ իրենց արտադրանքը կօգնի, որ ձեր երեխան ունենա փափուկ մաշկ, այնինչ իրականում որքան քիչ նյութեր եք օգտագործում նորածնի ամենօրյա խնամքում, այնքան ավելի լավ ձեր փոքրիկի համար:

Սկսենք նրանից, որ ծնվելուց անմիջապես հետո երեխային ծննդատանը լողացնել պետք չէ: Դրական միտում է, որ Հայաստանի շատ ծննդատներում արդեն հետևում են այդ խորհրդին: Ծնվելիս նորածնի մաշկը պատված է լինում հատուկ պաշտպանիչ քսուքով, որը շատ կարևոր է երեխայի կյանքի առաջին օրերին նրան շրջակա միջավայրում առկա բակտերիաներից պաշտպանելու համար, մանավանդ որ այդ միջավայրը նրա համար նոր է, իսկ օրգանիզմը դրան սովոր չէ: Այդ պատճառով ծննդատուն գնալիս պետք չէ մի ամբողջ պայուսակ խնամքի միջոցներ տանել: Մեկ հատ որակյալ մանկական օճառը բավարար է: Որքան քիչ շամպուն, գել ու յուղ օգտագործեք ձեր երեխայի մաշկի վրա, այնքան այն ավելի առողջ կլինի:

Նորածին երեխային ցանկալի է լողացնել ամեն օր, սակայն ամեն օր օճառ ու շամպուն օգտագործել պետք չէ, քանի որ դրանք չորացնում են երեխայի նուրբ մաշկը: Բավական է յուրաքանչյուր կեղտոտելուց հետո հոսող ջրով ու մանկական որակյալ օճառով լվանալ հետույքը, իսկ գել ու շամպուն օգտագործել շաբաթական երկու անգամ: Մյուս օրերին բավական է երեխային լողացնել մաքուր ջրով` առանց լրացուցիչ խնամքի միջոցների:

Վտանգավոր նյութեր

Մասսայական արտադրության շատ խնամքի միջոցներ պարունակում են բազմաթիվ վտանգավոր տարրեր ու միացություններ: Այդ պատճառով գնելիս պետք է ուշադրություն դարձնել արտադրանքի բաղադրությանը և ընտրել բնական բաղադրիչներով խնամքի միջոցներ (օրինակ` կոկոսի, նուշի, ձիթապտղի յուղ), որոնք նաև զերծ կլինեն քիմիական բուրավետ նյութերից: Եկեք ուսումնասիրենք այն վտանգավոր նյութերը, որոնք չպետք է լինեն մանկական խնամքի միջոցներում:

Talc

Այս փոշի հանքանյութը լինում է մանկական փոշիների բաղադրության մեջ: Այն օգտագործվում է որպես չորացնող նյութ, սակայն այն քաղցկեղածին է և գրգռում է թոքերը, առաջացնում է շնչառական խնդիրներ, անգամ շնչահեղձություն: Այն պարունակում է մագնեզիումի սիլիկատի հանքային նյութեր, այդ թվում շատ վտանգավոր ասբեստը, որը ամենավտանգավոր քաղցկեղածին նյութերից է:

Մանկական փոշիները հաջողությամբ կարող եք փոխարինել սովորական օսլայով: Օրգանական ապրանքանիշերի մանկական փոշիների բաղադրության մեջ հենց օսլան է օգտագործվում (cornstarch, potato starch, rice starch):

Սինթետիկ բուրավետ նյութեր (Fragrance)

Այս բուրավետ նյութն առկա է գրեթե բոլոր կոսմետիկ միջոցներում` արտադրանքին հաճելի բույր հաղորդելու կամ արտադրանքի մեջ առկա քիմիական նյութերի սուր հոտը վերացնելու համար: Սակայն այդ բուրավետ նյութը ինքն ունի քիմիական բաղադրություն, ստացվում է նավթարդյունաբերության ու ածխահանության արդյունքում ստացված սինթետիկ քիմիական նյութերից, որի մասին արտադրողը պիտակի վրա չի էլ նշում` ամենն ընդհանրացնելով միայն Fragrance բառով: Սովորաբար սինթետիկ բուրավետ նյութեր պարունակող խնամքի միջոցները շատ սուր հոտ ունեն: Դրանք հանդիպում են մանկական տակդիրների, փոշիների, շամպունների, գելերի, օճառների, լոսիոնների մեջ, գրգռում են երեխայի մաշկը, շնչուղիները, աչքերը, առաջացնում ալերգիա, ասթմա ու էկզեմա: Եթե արտադրանքի վրա կարդում եք fragrance, perfume or parfum բառերը, թողեք այն խանութում ու հեռացեք:

Proplyene glycol

Այս նյութը նպաստում է խնամքի միջոցների մեջ առկա այլ նյութերի հեշտ ներծծմանը մաշկի ծակոտիների մեջ` լայնացնելով դրանք: Այս նյութը քաղցկեղածին է և հիմնականում առկա է մանկական թաց անձեռոցիկների մեջ: Պատկերացնելու համար, թե որքան վտանգավոր է այս նյութը, նշեմ, որ այն օգտագործվում է ինքնաթիռները թռիչքից հետո սառույցից ազատելու համար: Ուշադիր եղեք նաև, որ մանկական խնամքի միջոցների բաղադրության մեջ չլինեն polyethylene glycol (PEG) և polypropylene glycol (PPG): Մանկական խոնավ անձեռոցիկները չպետք է պարունակեն նաև alcohol, perfume, chlorine, dioxin:

Աշխատեք ընդհանրապես չօգտագործել խոնավ անձեռոցիկներ: Փոխարենը ամեն անգամ կեղտոտելուց հետո երեխայի հետույքը լվացեք հոսող ջրով կամ սրբեք խոնավ կտորով:

1,4-dioxane և էթիլացված մակերեսային ակտիվ նյութ (ethylated surfactant)

Շուկայում ներկայացված մանկական օճառների 57 տոկոսը պարունակում է 1,4-dioxane, որը քաղցկեղածին նյութ է: Այդ նյութը սովորաբար չի էլ նշվում բաղադրության մեջ, սակայն եթե բաղադրության մեջ տեսնում եք «eth» տառերի համադրությունը բառի ցանկացած հատվածում, նշանակում է, որ արտադրանքը պարունակում է  1,4-dioxane: Խուսափեք այնպիսի նյութերից, ինչպիսին են polyethylene, polyethylene glycol, sodium laureth sulfate, ceteareth, oleth, oxynol, -xynol, sodium lauryl sulfate և PEG:

Triethanolamine (TEA)

Այս բաղադրիչը օգտագործվում է որպես մակերեսային ակտիվ նյութ` արտադրանքի  բաղադրիչների միջև ճնշումը նվազեցնելու և թթվայնության մակարդակը կարգավորելու նպատակով: Սա տոքսիկ նյութ է և գրգռում է մաշկը: Խուսափեք արտադրանքից, եթե պիտակի վրա կարդում եք TEA, DEA, MEA անհասկանալի տառերի համադրությունները:

Հանքային յուղ (mineral oil)

Մանկական յուղերը սովորաբար պատրաստվում են հանքային յուղերի ու սինթետիկ բուրավետ նյութերի համադրությամբ: Հանքային յուղը նավթարդյունաբերության արդյունքում ստացվող նյութ է, որը ծածկելով մաշկի ծակոտիները` թույլ չի տալիս, որ այն ազատվի տոքսիններից: Ուշադիր եղեք, որ մանկական յուղերի բաղադրության մեջ «mineral oil» բառերի փոխարեն լինեն բուսական յուղեր` ձիթապտղի, կոկոսի, նուշի, որոնք հեշտությամբ ներծծվում են երեխայի մաշկի մեջ:

Պարաբեններ և ֆտալատներ (parabens, phtalates)

Դժբախտաբար, պարաբենները գրեթե ամենուրեք են` օճառների, մարմնի գելերի, շամպունների բաղադրության մեջ, և օգտագործվում են որպես կոնսերվանտներ: Դրանք նեյրոտոքսիններ են, որոնք կարող են առաջացնել անգամ հորմոնալ խախտումներ և լուրջ գրգռել մաշկը: Խուսափեք «paraben» և «phtalate» բառերը պարունակող ցանկացած նյութից, ինչպես նաև benzoic acid, propyl ester, DEP, DBP, DEHP, EDTA նյութերից:

Սուլֆատներ (sulfates)

Այս նյութերը պարունակվում են հիմնականում շամպուններում, չորացնում են գլխամաշկը, գրգռում այն: Սուլֆատների օգտագործման նպատակն է ապահովել, որ մազերը լավ մաքրվեն, սակայն դրա հետևանքով գլխամաշկից մաքրվում են նաև օրգանիզմի կողմից բնականորեն արտադրվող նյութերը: Այդ պատճառով նաև մանկական շամպունը չպետք է ուժեղ փրփրի:

Triclosan

Ցանկացած արտադրանք, որի վրա առկա է «հակաբակտերիալ» բառը, պարունակում է Triclosan, որը քաղցկեղածին նյութ է և լուրջ վնաս է հասցնում շրջակա միջավայրին: Ընդհանրապես պետք է խուսափել ցանկացած հակաբակտերիալ խնամքի միջոցներից: Երեխաները ստերիլ միջավայրում մեծանալու կարիք չունեն, քանի որ դրանով մենք չենք նպաստում նրան, որ իրենց օրգանիզմը ստեղծի սեփական պաշտպանիչ միջավայրը: Դրա արդյունքում երեխաների մոտ վաղ տարիքից ի հայտ է գալիս ալերգիա: Խուսափեք ցանկացած հակաբակտերիալ օճառներից ու մարմնի գելերից:

Ֆորմալդեհիդներ

Ֆորմալդեհիդները կոնսերվանտներ են, որոնք ավելացվում են ջրային հիմքով կոսմետիկային: Դրանք քաղցկեղածին են, առաջացնում են ալերգիա, գլխացավ և շնչառական խնդիրներ: Ուշադիր եղեք, որ արտադրանքի բաղադրության մեջ չլինեն formaldehyde, quaternium-15, DMDM hydantoin, imidazolidinyl urea, diazolidinyl urea, polyoxymethylene urea, sodium hydroxymethylglycinate, 2-bromo-2-nitropropane-1,3-diol (bromopol) և glyoxal:

Երեխաների մոտ արցունք չառաջացնող շամպունները պատրաստվում են երեխայի արցունքներին համապատասխան թթվայնության մակարդակով (pH), այդ պատճառով չեն գրգռում աչքերը: Սակայն չեզոք  pH-ը (pH 7) ավելի օգտակար է մաշկի ու գլխամաշկի համար, չի գրգռում դրանք: Առավել նպատակահարմար է օգտագործել քիմիական նյութեր չպարունակող չեզոք  pH-ով շամպուն` իհարկե ուշադիր լինելով, որ այն չլցվի աչքերի մեջ: Ուշադրություն դարձրեք նաև, որ շատ փրփրող շամպունները առավել վտանգավոր են, քանի որ պարունակում են բազմաթիվ քիմիական նյութեր: Ամենավտանգավոր փրփրեցնող նյութը sodium lauryl sulphate (SLS)-ն է:

Մանկական կոսմետիկան չպետք է պարունակի նաև սինթետիկ գունանյութեր: Հետևեք, որ պիտակի վրա նշված լինի «dye free», իսկ բաղադրության մեջ չլինեն «Red, Yellow, Blue» բառերը անհասկանալի թվերի համադրությամբ: Կոսմետիկան վառ գույների փոխարեն պետք է ունենա սպիտակավուն կամ թափանցիկ գույն:

Որպեսզի չխճճվեք շուկայում առկա մեծ տեսականու մեջ և չվտանգեք ձեր երեխայի առողջությունը, ուշադրություն դարձրեք, որ արտադրանքի պիտակի վրա նշված լինի «հակաալերգիկ» բառը, իսկ բաղադրության մեջ վերանշյալ տարրերի փոխարեն լինեն բուսական յուղեր, էքստրակտներ ու օրգանական նյութեր: Օրգանական կոսմետիկայի մասնագիտացված խանութներում վաճառվող տեսականին ավելի թանկ է, սակայն հիմնականում վստահելի է ու անվտանգ:

Գոյություն ունեն մի շարք օրգանական կոսմետիկայի ապրանքանիշեր, որոնց արտադրանքը լիովին բուսական հիմքով է` անկախ նրանից, թե վրան նշված է «մանկական» բառը, թե ոչ:

Վերջում որպես օրինակ ներկայացնեմ լավ ու վատ բաղադրությամբ մանկական շամպունների օրինակ: Տեսեք տարբերությունը ու խուսափեք քիմիական բաղադրությամբ արտադրանք օգտագործելիս, հատկապես, երբ խոսքը գնում է երեխաների մասին:

Լավ շամպունի բաղադրիչներ.

Water (Aqua), Aloe Barbadensis Leaf Juice*, Cocamidopropyl Hydroxysultaine, Sodium Laurylglucosides Hydroxypropylsulfonate, Sodium Methyl Cocoyl Taurate, Leuconostoc/Radish Root Ferment Filtrate, Sodium Lauryl Glucose Carboxylate, Sodium Chloride, Prunus Armeniaca (Apricot) Fruit Extract, Citrus Aurantium Dulcis (Orange) Peel Oil, Citrus Aurantium Dulcis (Orange) Peel Extract, Calendula Officinalis Flower Extract*, Chamomilla Recutita (Matricaria) Flower Extract*, Chenopodium Quinoa Extract, Glycerin, Hydrolyzed Jojoba Protein, Cocos Nucifera (Coconut) Oil*, Mentha Arvensis Oil, Cananga Odorata Flower Oil, Juniperus Virginiana Oil, Pelargonium Graveolens Oil, Betaine, Vanillin, Guar Hydroxypropyltrimonium Chloride, Lauryl Glucoside, Caprylyl Glycol, Triethyl Citrate, Coconut Acid, Sodium Citrate, Caprylhydroxamic Acid, Disodium Coco-Glucoside Citrate, Citric Acid, Anisaldehyde, Benzyl Acetate

Վատ շամպունի բաղադրիչներ.

Water (eau), Cocamidopropyl Betaine, PEG-80 Sorbitan Laurate, Sodium Trideceth Sulfate, PEG-150 Distearate, Phenoxyethanol, Sodium Chloride, Glycerin, Citric Acid, Sodium Benzoate, Tetrasodium EDTA, Polyquaternium-10, Ethylhexylglycerin, Sodium Hydroxide, Potassium Acrylates Copolymer, Yellow 6, Yellow 10, Parfum.

merpoqrike.am