Դաշտադեմի ամրոցը
Advertisement 1000 x 90

Դաշտադեմի ամրոցը

Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Դաշտադեմի ամրոցը:

Դաշտադեմի ամրոցը գտնվում է Արագածոտնի մարզի Դաշտադեմ գյուղում, Երևանից 72 կմ հեռավորության վրա:

Ամրոցները սովորաբար կառուցել են բնական ամուր տեղանքում՝ ժայռերի, բլուրների գագաթին, սարահարթերի բարձրադիր վայրերում, որպեսզի պարիսպներից զատ ամրոցի պաշտպանությանը նպաստի նաև բնական միջավայրը: Դաշտադեմի ամրոցն այդ իմաստով առանձնահատուկ է. Այն չունի բնական պաշտպանվածություն, և ապավինում է միայն իր պարիսպներին: Բայցևայնպես, Դաշտադեմի ամրոցը Հայաստանի հանրապետության տարածքում ամենալավ պահպանված և ամենաերկարակյաց միջնադարյան ամրոցն է: Որպես ամրոց այն գոյություն է ունեցել մինչև քսաներորդ դարը:

Բացի ամրոցի արտաքին պարիսպները, պատմական հուշարձանը կազմված է  ևս երկու եկեղեցիներից` 7-րդ դարի եկեղեցին , որը գտնվում է ամրոցի արտաքին բերդապարսպի հարավ-արևելյան մասում և որի միայն հիմքերն են պահպանվել, և հյուսիսային պատին կից գտնվող, 10-րդ դարի  միանավ Սուրբ Սարգիս թաղածածկ եկեղեցուց, որ կառուցված է սրբատաշ կարմիր տուֆից: Համալիրի կազմի մեջ են մտնում նաև ջրամբարներ, եռահարկ դղյակը, միջնաբերդը, միջնաբերդը շրջապամտող առաջին  և երկրորդ պարսպապատերը: Գլխավոր մուտքը հյուսիսային կիսաշրջանաձև բուրգից է: Գլխավոր մուտքի վերևի մասում քանդկված են հայոց Բագրատունիների թագավորության զինանշան հովազները:

Հետաքրքիր կառուցվածք ու հարդարանք ունի եռահարկ դղյակը: Հատակը սալիկապատ է, ստորին հարկի դահլիճում՝ ջրավազանն է: Դեպի վերին հարկեր ճանապարհն անցնում է նեղ ու գետնուղի հիշեցնող մութ անցումով: Իսկ դղյակի վերին հատվածից հրաշալի տեսարան է բացվում. Մի կողմից Մասիս սարն է և Արարատյան գոգավորությունը, մյուս կողմում՝ Արագածը: Ամրոցն ունի ստորերկրյա գաղտնուղի, որն սկիզբ է առնում պարսպի հարավ-արևմտյան պատի կենտրոնից և հասնում արևմտյան կողմի ձորակը:

Վերջերս Դաշտադեմի ամրոցի տարածքում անցկացրած հնագիտական պեղումների ժամանակ դղյակի հարևանությամբ բացվել է հնագույն դամբարանադաշտ և տաճարի հիմքեր:

Դաշտադեմի ամրոցը կառուցվել է 5-ից 7-րդ դարերում՝ Կամսարական իշխանների կողմից, նախկինում այստեղ եղած ուրարտական շրջանի ամրոցի տեղում: Դաշտադեմի ամրոցը Կամսարականներից ութերորդ դարում անցավ Բագրատունիներին: 11-րդ դարում այն անցավ նախ Բյուզանդիային, ապա՝ սելջուկներին:

Սելջուկները ամրոցը հանձնեցին քրդական ծագումով Շադդադյան տոհմին, որոնցից էլ ամրոցը դարձյալ ազատագրեցին Զաքարյան հայոց արքաները: Դաշտադեմի ամրոցը հետագա դարերում կռվախնձոր դարձավ Հայաստան արշաված մոնղոլ-թաթարների, պարսիկների, Օսմանյան թուրքերի ձեռքին:

Ամրոցն աստիճանաբար ավերվեց և կորցրեց իր նշանակությունը 20-րդ դարասկզբին:



Նման նյութեր