Մարդկանց մասին դատողություններ անելը մեր բնույթի մի մասն է։ Curiousmindmagazine.com-ը գրում է, որ բոլորս էլ դատողություններ ենք անում այն մարդու մասին, ում առաջին անգամ ենք հանդիպում։ Դա է պատճառը, որ առաջին տպավորությունները շատ կարևոր են։ Ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ինչ չափանիշերի վրա են հիմնում մարդիկ իրենց դատողությունները։ Հարվարդի համալսարանի հոգեբանը պնդում է, որ երկու կարևոր չափանիշ կա, որոնց մարդիկ ուշադրություն են դարձնում, երբ առաջին անգամ հանդիպում են որևէ մեկին։ Հարվարդի բիզնես դպրոցի պրոֆեսոր Էմի Քուդին և նրա երկու կոլեգաները՝ հոգեբաններ Սյուզան Ֆիսկն ու Փեթեր Գլիքը, շուրջ 15 տարի ուսումնասիրել են տպավորությունները։ Էմի Քուդին իր գրքում բացատրում է, որ, երբ որևէ մեկն առաջին անգամ հանդիպում է ձեզ, նա ենթագիտակցորեն իրեն երկու հարց է տալիս.
- Կարո՞ղ եմ վստահել այս մարդուն։
- Կարո՞ղ եմ հարգել այս մարդուն։
Մենք ցանկանում ենք տեսնել այս երկու հատկություններն էլ։ Կախված իրավիճակից՝ մարդիկ կարծում են, որ կարևոր է այս երկու հատկություններից որևէ մեկը։ Ըստ Էմի Քուդիի խոսքերի՝ մարդիկ առավել հաճախ կարևորում են հարգելու հնարավորությունը։ Ամեն դեպքում, ըստ մասնագետների՝ այս երկու չափորոշիչները վճռորոշ դեր են խաղում, երբ մարդիկ դատողություններ են անում նրանց մասին, ում առաջին անգամ են հանդիպում։ Քուդիի խոսքով՝ էվոլյուցիայի տեսանկյունից մեզ համար առավել կարևոր է՝ արդյոք տվյալ մարդն արժանի՞ է մեր վստահությանը։
Այս հայտարարությունը հնարավորություն է տալիս հասկանալ, որ հնագույն ժամանակներում քարանձավում ապրող մարդու համար առավել կարևոր էր այն հարցը՝ արդյո՞ք իր կողքին գտնվող անձը կսպանի իրեն և կգողանա այն, ինչ պատկանում է իրեն, քան այն՝ արդյո՞ք նա կկարողանա բավականաչափ փայտ գտնել՝ կրակ վառելու համար։ Եվ չնայած դա անելու կարողությունը դիտարկվում է որպես կարևոր չափանիշ, այն գնահատվում է միայն այն բանից հետո, երբ դիմացինի նկատմամբ վստահություն է հաստատվում։ Ըստ հոգեբանի՝ ձեր ուժը ցույց տալու վրա չափազանց շատ կենտրոնանալը կարող է բացասական արդյունք ունենալ։ Օրինակ՝ բիզնես ղեկավարում սովորող ուսանողները հաճախ ֆիքսված են այն հանգամանքի վրա՝ ինչպես ցույց տալ, որ իրենք խելացի են ու տաղանդավոր. նրանք խուսափում են սոցիալական միջոցառումներից, երբեք օգնություն չեն խնդրում, հազվադեպ են շփվում։ Նրանք կարող են մեծ հույսեր ունենալ, բայց երբեմն մնում են առանց աշխատանքի։
Նրանք աշխատանքի առաջարկ չեն ստանում, որովհետև ներկայանում են՝ որպես անվստահելի մարդիկ, քանի որ մյուսներին թույլ չեն տալիս իրենց ավելի լավ ճանաչել, տեսնել, որ իրենք ջերմ մարդիկ են, վստահել իրենց։ «Եթե նա, ում վրա փորձում եք ազդեցություն գործել, չի վստահում ձեզ, չեք կարող շատ հեռուն գնալ։ Դուք նույնիսկ կարող եք կասկածներ առաջացնել, քանի որ կարող է թվալ, թե ցանկանում եք մանիպուլյացիայի դիմել։ Ջերմ, վստահության արժանի մարդը, ով նաև ուժեղ է, առաջացնում է հիացմունք, բայց միայն այն բանից հետո, երբ վստահություն է հաստատվում, ձեր ուժը դառնում է նվեր, և ոչ թե՝ վախ»,- ասում է Քուդին։
Հիշեք սա, երբ աշխատանքի ընդունվելու համար հարցազրույցի եք գնում կամ որևէ մեկին հանդիպում եք առաջին անգամ։ Նրանց հետ ազատ և բաց խոսեք, թույլ տվեք նրանց ձեր մեջ տեսնել մարդու, ում կարելի է վստահել։ Դա կարող է ձեր կյանքն ավելի լավը դարձնել։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը