Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է Խոսրով Ա-ի կյանքի պատմությունը:
Ամեն ազգ, ժողովուրդ ունի իր աստեղային ժամը: Եթե որսացիր պահը, օգտվեցիր տրված հնարավորությունից՝ ճակատագիրն այլևս բարեհաճ կգտնվի քո հանդեպ, ու դու կլինես նրա տիրակալը…
Բաց թողեցիր վայրկյանը՝ այն այլևս անդարձ կորած է…
Հայության համար աստեղային ժամ էր Խոսրով Ա Մեծ Արշակունի թագավորի կառավարման տարիները….
Խոսրով Ա հայոց արքային (211-256) հայ ժողովուրդը կնքել է Քաջ, Մեծ պատվանուններով: Եվ իրավ, նա վաստակել է այդ պատվանունները:
Խոսրովը հաջորդեց հորը՝ քաջ ու հզոր տիրակալ Վաղարշ Բ արքային, ով այնքան հզորացավ, որ դուրս գալով Հռոմի քաղաքական ազդեցության ոլորտից, իր գահը ժառանգեց որդուն՝ Խոսրով Ա-ին: Մինչ Վաղարշ Բ, հայ Արշակունի արքաները միայն Հռոմի ու Պարթևստանի թողտվությամբ կարող էին բազմել հայոց գահին: Այդպես էր ամրագրված 64 թվականի հայ-պարթևա-հռոմեական եռեկողմ պայմանագրով:
Խոսրով Ա 211 թվականին ժառանգեց հայոց գահը: Մեծ Հայքի թագավորությունը 3-րդ դարի սկզբին ընդարձակ ու հզոր երկիր էր՝ իր ազդեցությամբ երրորդը աշխարհում, Հռոմից ու Պարթևստանից հետո:
Գահ բարձրանալով՝ Խոսրով Ա քայլեր ձեռնարկեց՝ իր պետության հյուսիսային սահմաններն ապահովելու ուղղությամբ: Նա հայոց այրուձիով անցավ Կովկասյան լեռնաշղթան, պատժիչ արշավանքներ ձեռնարկեց խազարների և բասլաց ցեղերի դեմ, որ ասպատակում էին հայոց երկիրը:
215 թվականին Խոսրով Ա բարեկամական այցով մեկնում է Հռոմ: Սակայն նենգ Կարակալա կայսրը խաբեությամբ ձերբակալում է Խոսրով հայոց արքային ու զնդան նետում: Սա հայոց երկրում զայրույթի ալիք բարձրացրեց և հայոց բանակը արշավելով՝ ավերակներ սփռեց Հռոմի արևելյան տիրույթներում: Կարակալա կայսրն ստիպված էր ազատ արձակել հայոց արքային:
Վերադառնալով հայրենիք՝ Խոսրով Ա մեծ բանակով պատժիչ արշավանք ձեռնարկեց Հռոմի դեմ ու դարձյալ ավերեց հռոմեական պրովինցիաները: Կարակալա կայսրը, ով անձամբ էր առաջնորդում հռոմեական լեգեոնները, ստիպված էր նահանջել ու հաշտություն խնդրել:
Հռոմի դեմ վարած պատերազմներում հայոց հավատարիմ դաշնակիցները պարթևներն էին: Պարթևաց հզոր թագավորության գահին էլ Արշակունիներն էին բազմած: Պարթև Արշակունիները ավագ էին համարվում հայ Արշակունիներից: Այս տոհմական մերձեցման արդյունքում 1-3-րդ դարերում Հայաստանը հանձինս Պարթևստանի ուներ հուսալի ու ամուր դաշնակից: Առհասարակ, հայերն ու պարթևները շատ ընդհանրություններ ունեին նաև հոգևոր-մշակութային ոլորտներում:
Շուտով սակայն, Պարթևստանում դարակազմիկ փոփոխություններ կատարվեցին: Պարթև Արշակունիների դեմ ապստամբեց Պարսք նահանգի իշխանը՝ Արտաշիր Պապականը Սասանի ցեղից: Նա կարողացավ հաղթել Արտավան Ե Արշակունի արքային, կոտորել նրա ողջ ընտանիքն ու հաստատվել գահին: Վերանում է պարթև Արշակունիների թագավորությունը և նրա փլատակների վրա առաջանում է պարսից Սասանյանների թագավորությունը, որ հավերժ թշնամի պիտի լիներ Մեծ Հայքի պետությանը:
Արտաշիր Ա Սասանյանը մտադիր էր վերականգնել Աքեմենյան Պարսկաստանի երբեմնի հզորությունն ու փառքը և նրա ճանապարհին կանգնած էր հզոր ուժ՝ Մեծ Հայքի թագավորությունը: Բացի այդ, Խոսրով Ա առաջիկա այս պատերազմում նաև պետք է լուծեր տոհմական վրեժը, քանզի Սասանյանները գահ բարձրանալով կոտորեցին ու հալածական դարձրեցին պարթև Արշակունիներին:
Այս իրավիճակում Արշակունիների մեջ գահի առաջնությունը ստացավ հենց հայոց արքան, քանզի նա էր առաջինն ու հզորը մյուս Արշակունիներից, որ թագավորում էին Կովկասում, Հայաստանում, Միջին Ասիայում…
Եվ ահա Խոսրով Ա համախմբելով Արշակունիների ուժերը՝ մի ամրակուռ դաշնություն է կապում ընդդեմ Սասանյան Պարսկաստանի՝ պատրաստվելով վճռական բախման:
Այս պատերազմը կարող էր վճռորոշ լիներ և փախել պատմության ընթացքը, քանզի հաղթանակի դեպքում Խորսրով Ա ոչ միայն Սասանյաններից կխլեր արքայից-արքա տիտղոսը, այլև նրա տիրակալության ու ազդեցության տակ կանցնեին պարթև Արշակունիների երբեմնի տերության ազդեցության գոտիները՝ մինչև Հնդկաստան ու Միջին Ասիա: Ուրվագծվում էր հայոց հերթական աշխարհակալության քարտեզը…
Կողմերը մի քանի տարի պատրաստվում են պատերազմի: Կռիվն սկսում են պարսիկները, որոնք 230 թվականին մեծ բանակով մտնում են Հայկական Միջագետք:
Խոսրով Ա նախապես դաշինք կապեց նաև Հռոմի Ալեքսանդր Սևերոս կայսեր հետ՝ ապահովելով իրեն թիկունքից և մարտադաշտ դուրս գալով՝ վճռական ճակատամարտում ջախջախեց պարսկական բանակը:
Շարունակելով առաջխաղացումը՝ Խոսրով Ա նախ քանցեց Ճորա պահակը և Ալանանց դուռը՝ հնարավորություն տալով հյուսիսկովկասյան ցեղերին արշավել Պարսկաստան և ասպատակել երկիրը, ապա հայոց բանակով ներխուժեց Պարսկաստանի խորքերը, մի քանի հզոր հարված հասցրեց պարսկական բանակներին: 232 թվականին, ի փառավորումն պարսիկների դեմ տարած հաղթանակի՝ Խոսրովը Ատրպատականում հիմնեց Դավրեժ (Թավրիզ) քաղաքը: Հայոց զորքերը հասան անգամ մայրաքաղաք Տիզբոն, պաշարեցին քաղաքը, բայց գրավել չկարողացան:
Հայ-պարսկական պատերազմը շարունակվեց ավելի, քան տաս տարի: Կողմերից ոչ մեկը չկարողացավ վճռական հաջողության հասնել:
Պատերազմը շարունակվեց նաև Արտաշիրի որդու՝ Շապուհ Ա գահ բարձրանալուց հետո: Պատերազմի ծավալները գնալով մեծացան: Հռոմեական բանակներն էլ մտան ռազմադաշտ ու Հյուսիսային Միջագետքը դարձավ պատերազմական գործողությունների հիմնական թատերաբեմը:
Շուտով հաջողության նժարը թեքվեց պարսիկների կողմը: 244 թվականին Մեսիխեսի ճակատամարտում Գորդիանոս կայսեր վարած ապաշնորհ մարտավարության պատճառով պարսիկները գլխովին ջախջախում են հռոմեացիներին, կայսրն սպանվում է: Նրան փոխարինած Մարկոս Հուլիոս Փիլիպպոսը մեծ ռազմատուգանք վճարեց պարսիկներին, նրանց մեծ տարածքներ զիջեց ու դուրս եկավ պատերազմից՝ պարտավորվելով պատերազմի պարագայում չօգնել Հայաստանին:
Հայաստանը պարսկական բանակների դեմ մնաց մեն-մենակ:
Մինչ հայոց երկրին վճռական հարված հյասցնելը, Շապուհ Ա արքան արշավում է արևելք՝ Միջին Ասիա, քուշանաց երկրի դեմ, որոնք հայոց արքայի դաշնակիցներն էին: Շապուհի արշավանքը ավարտվում է փայլուն հաղթությամբ, և նա վերջապես կարող էր հայացքը հառել Հայաստանին՝ իր գլխավոր ու ոխերիմ ախոյանին:
253 թվականին սկսված պատերազմը հաջողություն չբերեց Շապուհին: Խոսրով Ա հայոց գնդերի գլուխ կանգնած՝ դարձյալ ջախջախեց պարսկական զորքերին:
Շապուհը տեսնելով, որ զինական ուժով չի կարող ընկճել հայերին, մանավանդ, վախենալով Խոսրով Ա-ի հակահարվածից, քանզի հայոց գնդերը պատրաստվում էին դարձյալ ներխուժել Պարսկաստան, դիմեց խարդախության:
Շապուհի խարդավանքով Հայաստան է գալիս Պահլավի ցեղից Անանկ իշխանը: Հայոց արքան գտնվում էր իր տերության հյուսիսում՝ Ուտիք նահանգի Խաղխաղ քաղաքում, որ արքունի զորքերի ձմեռային հավաքատեղին էր: Խոսրով Ա արքան մարզում էր զորքը՝ Շապուհի դեմ գարնանն արշավելու և վճռական հարված հասցնելու նպատակով:
Անանկը ներկայանում է հայոց արքային, ասելով, թե հալածական է եղել պարսիկ Շապուհից: Պարթևները Արշակունիների ազգականներն էին և Խոսրովը սիրով է ընդունում ու հյուրընկալում իր ազգականին: Հայոց արքան մեծ պատիվների է արժանացնում նրան, ապաստան տալիս:
Սակայն նենգ ու ստոր դավադիրը կատարում է իր սև գործը: Վաղարշապատի մոտ Անանկը թիկունքից հարվածում է և սպանում հայոց քաջ Խոսրով Ա թագավորին: Սպանությունից հետո նենգ Անանկը փախուստի է դիմում: Սակայն հայ նախարարները հետապնդելով նրան՝ հասնում են Արտաշատ քաղաքի մատույցներում՝ Մեծամոր գետի վրա գցած կամրջի վրա: Բռնելով ստահակին՝ հայ նախարարները սպանում են նրան ու սրի քաշում նրա ընտանիքը: Փրկվում է միայն մեկ մանուկ՝ Սուրեն անունով, ով հետագայում հրով ու սրով մտավ Հայաստան ու այստեղ քրիստոնեություն տարածեց: Դավաճան ու ստոր Անանկը հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի հայրն էր:
Հայոց Խոսրով Ա արքայի սպանության նախճիրը տեղի ունեցավ 256 թվականին:
Խոսրովից հետո հայոց գահն անցավ Արտավազդ Ե Արշակունի արքային, իսկ 287 թվականին հայոց գահին բազմեց նրա որդին՝ Տրդատ Գ…