Հիպոթիրեոզը վահանաձև գեղձի աշխատանքի խանգարման հետ կապված հիվանդություններից մեկն է։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս գեղձն արտադրում է հորմոններ, որոնք կարգավորում են նյութափոխանակությունը և բազմաթիվ այլ կարևոր գործընթացներ։ Հիվանդությունը շատ հաճախ է հանդիպում, հատկապես՝ կանանց շրջանում։ Հիպոթիրեոզը զարգանում է, երբ վահանաձև գեղձը քիչ հորմոններ է արտադրում։ Արդյունքում՝ խանգարվում են օրգանիզմի մի շարք կարևոր համակարգեր՝ իրենց հետ բերելով մի շարք խնդիրներ։ Այդ պատճառով էլ շատ կարևոր է ժամանակին ուշադրություն դարձնել նշաններին, որոնք ուղարկում է օրգանիզմը։
Հոգնածություն։ Արագ հյուծվածությունն ու թուլությունը բնորոշ են առողջության հետ կապված մի շարք խնդիրների։ Դրանք կարող են նաև վկայել հիպոթիրեոզի առկայության մասին։
Քաշի ավելացում։ Քաշի ավելացումն առաջին հերթին՝ սխալ սնվելու և նստակյաց կենսակերպ վարելու արդյունք է։ Սակայն, եթե սննդակարգը հավասարակշռված է, և անհրաժեշտ ժամանակ եք հատկացնում զբոսանքին, ֆիզիկական վարժություններին, բայց ամեն դեպքում քաշ եք հավաքում, հնարավոր է՝ խնդիրը հիպոթիրեոզն է։ Այս դեպքում նյութափոխանակությունը դանդաղում է, և կալորիաների ծախսումը նվազում է։
Խնդիրներ հիշողության հետ։ Վահանաձև գեղձի վատ աշխատանքի դեպքում տուժում են ճանաչողական գործառույթները։ Վահանաձև գեղձի հորմոնների անբավարար քանակը հանգեցնում է ուղեղի աշխատանքի վատացման և հիշողության հետ կապված խնդիրների։ Հիվանդի համար մտավոր գործունեությամբ զբաղվելը դժվարանում է, նա արագ հոգնում է։
Խոլեստերինի բարձր մակարդակ։ Կարևոր է նկատի ունենալ, որ այս հիվանդության դեպքում տուժում է օրգանիզմից խոլեստերինը դուրս բերելու կարողությունը, ինչի արդյունքում՝ այն կուտակվում է արյան մեջ։
Սեռական ցանկության նվազում։ Այս խնդիրը ևս կարող է կապված լինել վահանաձև գեղձի աշխատանքի հետ։ Սեռական ցանկությունը նվազում է համապատասխան հորմոնների անբավարար քանակի պատճառով, որոնք արտադրվում են վահանաձև գեղձի կողմից։
Տրամադրության կտրուկ փոփոխություններ։ Վահանաձև գեղձի կողմից արտադրվող հորմոնների անբավարար քանակը նաև տրամադրության կտրուկ փոփոխությունների պատճառ է դառնում. ընդ որում, էմոցիոնալ վիճակներից գերակայում են դեպրեսիան և սթրեսը։
Մաշկի չորություն։ Վահանաձև գեղձի աշխատանքի հետ կապված խնդիրները հանգեցնում են նաև մաշկային խնդիրների։ Այն չափազանց չոր է դառնում։ Թուլանում են եղունգները, մարմնի վրա առաջացած վերքերը դժվար են ապաքինվում, նկատելի է դառնում մազաթափությունը։
Հակում փորկապության։ Վահանաձև գեղձը կարգավորում է նյութափոխանակությունը, իսկ դրա գործունեության թուլացումը հանգեցնում է նյութափոխանակության հետ կապված խնդիրների։ Նյութափոխանակության տրակտի մկանները սկսում են ավելի վատ աշխատել, ինչի արդյունքում օրգանիզմի կենսագործունեության արգասիքները կուտակվում են ուղիղ աղիում։
Մկանային լարվածություն։ Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածությունը բացակայում է, սակայն մկանային լարվածություն, ցավ եք զգում, հնարավոր է՝ խնդիրը վահանաձև գեղձի վատ աշխատանքն է։ Նյութափոխանակությունը կարգավորող հորմոնների անբավարար քանակը հանգեցնում է մկանների և հոդերի թուլության։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը