Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է հայոց երևելի իշխաններից Վահրամ Պահլավունու կյանքը:
Վահրամ Պահլավունին միջնադարյան ականավոր ռազմական գործիչ է. Մարդ, ով իրեն փառավորեց հայրենիքին անսահման նվիրվածությամբ, բազում հաղթական ճակատամարտերով և եկեղեցաշինությամբ…
Առհասարակ Պահլավունիների տոհմը հսկայական դերակատարություն է ունեցել միջնադարյան Հայաստանի ռազմաքաղաքական, մշակութային և հոգևոր կյանքում: Բավական է միայն թվել անուններ. Վահրամ Պահլավունի, Գրիգոր Մագիստրոս, Ներսես Շնորհալի, Ներսես Լամբրոնեցի…
Հետագայում Պահլավունիների մի ճյուղը հաստատվելով Եգիպտոսում՝ իր ձեռքում կենտրոնացրեց երկրի իշխանությունը: Նրանք վարում էին Մեծ վեզիրի պաշտոնն ու ստվարաթիվ հայոց զորքով կառավարում երկիրը: Պահլավունիները Եգիպտոսին տվեցին զորավարներ, շինարարներ, անգամ՝ ծովակալներ…
Տոհմը ծագում է վաղ միջնադարյան Հայաստանում ամենամեծ ու ամենաազդեցիկ տոհմերից մեկից՝ Կամսարականներից, ովքեր Ներսեհ Կամսարական իշխանից հետո, վերացան պատմական ասպարեզից 8-րդ դարում: Սակայն նրանց կրտսեր ճյուղը ավելի տոկուն գտնվեց և վեր հառնելով՝ 10-14-րդ դարերում մեծ դերակատարություն ունեցավ հայոց մեջ:
Ինչպես Մարմաշենի արձանագրության մեջ նշում է Վահրամ Պահլավունին՝ նրա զարմը սերում է Գրիգոր Լուսավորչից…
Սրա մեջ ճշմարտության հատիկ կա. Լուսավորչի տոհմը և Կամսարականները պարթևական ծագում ունեն: 226 թվականին, երբ Իրանում Սասանյանները տապալեցին Արշակունիներին, Կարենյան Պահլավի տոհմից Կամսար իշխանը փախչելով Հայաստան՝ Խոսրով Ա Մեծ արքայից ստացավ Շիրակն ու Երասխաձորը, Հայաստանում հիմք դրեց Կամսարականների հզոր նախարարական տոհմին:
9-րդ դարի վերջին Արտակ Կամսարականը վերադարձավ Հայաստան: Աշոտ Ա արքան (862-890) նրան թույլ տվեց հաստատվել հայոց երկրում, առանց նախկին ժառանգության նկատմամբ հավակնությունների: Արտակ Կամսարականն իրեն Պահլավունի կոչեց: Նրա որդին էր Ապումաղրը, իսկ Գրիգոր-Համզեն՝ Վահրամ Պահլավունու հայրը, Ապուղամրի զավակն էր:
Վահրամ Պահլավունին ծնվել է 967 թվականին: Հայրը՝ Գրիգոր Համզան, հայոց պետության ազդեցիկ իշխաններից էր և Աշոտ Գ Ողորմած արքայի (954-977) վստահելի զինակիցներից:
Վահրամ Պահլավունին Սմբատ Բ Տիեզերակալ արքայի (977-990) կողմից ստացավ իշխանաց-իշխանի պաշտոնը, ինչը երկրորդն էր համարվում թագավորական իշխանությունից և սպարապետությունից հետո և ըստ էության, հանդիսանում էր երկրի վարչապետի պաշտոնը: Իշխանաց իշխանի պարտականություններն էին վերահսկողությունը թագավորության ներքին կյանքի, ճանապարհները, առևտուրը, ամրոցների, ռազմավարական օբյեկտների շինարարությունն ու պահպանությունը, ազնվական դասի՝ պետության ծառայության սպասարկումը…
998 թվականին, երբ Ատրպատականի Մամլան ամիրան հարձակվեց հայոց երկրի վրա, Գագիկ Ա արքան (990-1020) զորահավաք հայտարարեց: Հայոց բանակը մարտի առաջնորդեց հենց Վահրամ Պահլավունին, ով սոսկալի ջարդ տվեց ոսոխին Ծումբի ճակատամարտում:
Առհասարակ, Բագրատունյաց Հայաստանի հզորությունը Գագիկ Ա արքայի կառավարման տարիներին մեծ մասով պայմանավորված էր նաև Վահրամ Պահլավունի սպարապետի անվան հետ: Նա վերակազմավորեց, վերաշինեց հայոց բանակը, մեծացրեց նրա թվաքանակը: Միայն Անիի թագավորությունն ի զորու էր Գագիկ Ա կառավարման տարիներին մարտադաշտ հանել 120.000 ռազմիկների: Եթե դրան ավելացնենք նաև հայկական մյուս թագավորությունների և Հայոց տանը ենթակա վրաց Բագրատունիների զինուժը՝ պատկառելի ուժ կկազմի:
1020 թվականին մահացավ Գագիկ Ա արքան: Գահը ժառանգեց նրա ապիկար ու թուլամորթ որդին՝ Հովհաննես-Սմբատ Գ: Նրա և եղբոր՝ Աշոտի միջև գահակալական կռիվներ սկսվեցին: Վահրամ սպարապետը չկարողացավ կանխել եղբայրասպան պատերազմը: Նա հետ քաշեց հայոց բանակը, և եղբայրասպան այս պատերազմում մարտնչում էին երկու արքայազների անձնական գնդերը միայն: Ի վերջո, Վահրամ սպարապետը համախմբելով հայոց իշխաններին՝ կարողանում է հաշտեցնել եղբայրներին: Կնքվում է համաձայնագիր, ըստ որի՝ Անվո և շրջակայքի վրա թագավորում է Հովհաննես-Սմբատ Գ, իսկ հայոց մնացյալ աշխարհի վրա՝ Աշոտ Դ արքան (1021-1041):
Հովհաննես-Սմբատի գահակալության տարիները ծանր էին հայոց երկրի համար: Դավաճան կաթողիկոս Պետրոս Գետադարձը 1021 թվականին արքայի անունից կտակ գրեց բյուզանդական կայսր Վասիլ Բ, որ հայոց արքան իր մահից հետո երկիրը հանձնում է Բյուզանդիային:
1041 թվականին մահանում է թուլամորթ ու անկամ Հովհաննես-Սմբատ Գ արքան: Հայոց կաթողիկոսի հրավերով Անիի պարիսպների տակ է հայտնվում բյուզանդական բանակը՝ տեր կանգնելու իր ժառանգությանը: Սակայն աչալուրջ ու հայրենանվեր սպարապետը հայոց բանակով մի քանի անգամ ջարդ է տալիս բյուզանդացիներին ու արտաքսում երկրից:
Նա նաև ճնշեց Վեստ Սարգսի ապստամբությունը: Վերջինս փորձում էր տիրել հայոց գահին, սակայն հանդիպելով սպարապետի դիմադրությանը՝ թալանեց արքունի գանձարանն ու ամրացավ Սուրմալի բերդում: 1042 թվականին Վեստ Սարգսին ձերբակալեց գահ բարձրացած Գագիկ Բ արքան (1042-1045):
Հենց Վահրամ Պահլավունու նախաձեռնությամբ ու ջանքերով 1042 թվականին հայոց գահ բարձրացավ Աշոտ Դ արքայի պատանի որդին՝ Գագիկ Բ Բագրատունին: Սպարապետը իր շուրջը համախմբելով հայոց իշխաններին՝ գահին բազմեցրեց Գագիկ պատանուն, ինչը կարճ ժամանակով հանդարտություն և կայունություն բերեց Հայաստանին:
Վահրամ Պահլավունին հասկանալով Վեստ Սարգսի և կաթողիկոսի լարած ծուղակը՝ ամեն կերպ ջանաց խոչնդոտել Գագիկ Բ, Կոստանդնուպոլիս այցը, սակայն ցավոք, դա նրան անել չհաջողվեց: Ի դեպ, կարելի է մտածել, անգամ, որ Գագիկ Բ թագավորության տարիներին նրա և արքայի հարաբերությունները սրված էին: Չի բացառվում, որ դրա մեջ իր դերն ուներ սպարապետի եղբորորդին՝ Գրիգոր Մագիստրոսը, ով չէր թաքցնում իր թշնամանքը պատանի թագավորի նկատմամբ: Թագավորի և Գրիգոր Մագիստրոսի միջև առկա թշնամության մեջ սպարապետը որևէ դեր չի կատարել. Նա հավատարիմ էր հայոց գահին: Բայց գուցե պատանի արքան ամենայնիվ, այդ պատճառով չի վստահել նաև ծերունազարդ սպարապետի՞ն… Գուցե թե՝ Գագիկ Բ անհեռատես է գտնվել և պետական, ռազմական գործերից մեկուսացրել է արդան ծերունազարդ զորավարին: Երևի՝ հենց այդ պատճառով Վահրամ Պահլավունին չկարողացավ կանխել արքայի՝ Բյուզանդիա այցելությունը:
Թագավորի՝ Կոստանդնուպոլսում կալանվելուց հետո անեցիներից ոմանք ցանկացան հայոց գահը հանձնել աբխազաց արքային, ոմանք՝ Լոռվա թագավոր Դավիթ Անհողինին (990-1048), ոմանք՝ Դվնո ամիրային: Այս առումով քաղաքում տեսակետները բաժանվեցին: Ի վերջո՝ Անվո ավագանին կանգ առավ աբխազաց Մարիամ թագուհու թեկնածության վրա:
Սակայն բյուզանդական բանակը կրկին հայտնվեց Անվո պարիսպների տակ: Ծերունազարդ արի սպարապետը դարձյալ ջարդ տվեց թշնամուն:
Սակայն, ի վերջո, անեցիները կաթողիկոսի խարդավանքով ստիպված եղան հաշտվել իրողության հետ և անձնատուր լինել:
1045 թվականին բյուզանդացիները չնայած, որ ժամանակին բազմիցս ջարդ էին կերել Վահրամ Պահլավունուց, նրան շնորհեցին անթիպատ պատրիկի կոչում, ինչը բյուզանդական աստիճանակարգում բավական բարձր կոչում էր համարվում:
1047 թվականին Անիի դեմ արշավանքի պատրաստվեց Դվնո Աբուլ-Ասվար ամիրան: Բյուզանդական կառավարիչ Միքայել Իասիտեսը փորձելով կանխել Աբուլ Ասվարի արշավանքը՝ ինքն արշավանք ձեռնարկեց Դվնո վրա՝ փորձելով գրավել քաղաքը: Վահրամ Պահլավունին արդեն որպես բյուզանդական պաշտոնյա՝ հայոց զորքը առաջնորդեց մարտի: Դվինի դաշտում ծանր ճակատամարտ տեղի ունեցավ: Մարտի դաշտում ընկան թե քաջարի սպարապետը, թե իր Գրիգոր որդին…
Սպարապետի դին ամփոփվեց իր կառուցած Մարմաշենի վանքի բակում:
Վահրամ Պահլավունու կինն էր հյայոց մարզպան Տիգրան Անձևացու դուստրը՝ Սոփին, ով հայոց սպարապետին երկու զավակ պարգևեց՝ Ապուղամր և Գրիգոր: Գրիգորը հոր հետ զոհվեց Դվինի ճակատամարտում, իսկ Ապումաղրը հաստատվեց Բյուզանդիայում:
Վահրամ Պահլավունին աչքի է ընկել նաև եկեղեցաշինությամբ: Շիրակում, Վահրամաբերդ գյուղի մոտ կառուցել է Մարմաշենի եկեղեցին, որի շինարարությունը շուրջ 30 տարի տևեց՝ 988-1029 թվականները: Մարմաշենի եկեղեցու ճարտարապետը որքան էլ տարօրինակ է, հենց հայոց սպարապետն է եղել: Մարմաշենում հայոց սպարապետը Գրիգոր Մագիստրոսի փախանցմամբ՝ նաև աշտարակապատ ու ամուր դղյակ է կառուցել, որ, ցավոք, մեզ չի հասել ու հիմնահատակ կործանվել է հետագա դարերի ընթացքում:
1026 թվականին Վահրամ սպարապետը կառուցեց նաև Ամբերդի եկեղեցին: