Պատմաբան Վահե Անթանեսյանն իր միկրոբլոգում ներկայացրել է ասսասիններին:
Միջնադարյան շատ միաբանություններ են մեծ դերակատարություն ունեցել համաշխարհային պատմության մեջ: Աշխարհին հայտնի են խաչակիր օրդենները. Բայց թերևս քչերը գիտեն, որ նման գաղտնի միաբանություններ գործել են նաև իսլամական աշխարհում, շատերը՝ Հայաստանի տարածքում անգամ… Նրանցից ամենազորեղը թերևս, Ասսասիների ուխտն էր…
Ասսասիների ուխտի կենտրոնը Հյուսիսային Իրանի և Հայաստանի սահմանագլխին գտնվող, լեռներում ծվարած Ալամուտ ամրոցն էր: Ուխտն ստեղծել էր խորհրդավոր մի անձնավորություն՝ Հասան իբն աս-Սաբբախը, ով աշխարհին հայտնի էր Լեռան ծերունի անվամբ:
Լեռան ծերունին ահ ու սարսափն էր ժամանակի բոլոր տիրակալների: Նրա անունն այնքան սարսուռ էր տարածել չորս դին, որ շատ տիրակալներ անգամ տեսած չլինելով Լեռան ծերունուն՝ կամավոր հպատակվում էին նրան՝ հարկատու դառնալով ասսասիներին:
Զարմանալին այն էր, որ Ասսասիների առաջնորդ Հասան իբն աս-Սաբախը չուներ մեծ բանակ, չուներ տիրույթները, նա չուներ պետություն՝ դասական իմաստով. Բայց դրա փոխարեն ողջ աշխարհում նա ուներ հազարավոր նվիրյալ հետևորդներ, ովքեր պատրաստ էին կատարել Լեռան ծերունու հրամանները, ովքեր պատրաստ էին մահվան գնալ նրա ցուցումով:
Նրանց միջոցով Լեռան ծերունու համար աշխարհում գրեթե չկար անհասանելի մարդ: Նա կարող էր մահվան վճիռ կայացնել ու իրականացնել ցանկացած մեկի նկատմամբ՝ իր հավատարիմ ասսասիների միջոցով:
Հասան իբն աս-Սաբբախի հետևորդները տարբերվում էին երկարափեշ սպիտակ զգեստով, որ գոտևորված էր կարմիր գոտով: Այս գույներն առանձին անմեղություն էին խորհրդանշում, միասին՝ ատելության խորհուրդն ունեին:
Ասսասիների ուխտի առաջնորդ Հասան իբն աս-Սաբբախը հետաքրքիր ու վայրիվերումներով լի կյանք ուներ: Նա սելջուկյան արքունիքի մեծ վեզիր, միջնադարյան անվանի գիտնական Նիզամ ալ-Մուլքի հոգեզավակն էր ու դիվանապետը: Պատանեկան հասակում Հասանը գործել է Եգիպտոսի Ֆաթիմյան խալիֆայությունում որպես քարոզիչ, ապա այնտեղից փախել-հաստատվել է Սիրիայի տարածքում, ի վերջո՝ սելջուկյան արքունիքում: Սակայն շուտով Հասանի մի կեղծարարության պատճառով վատանում են հարաբերությունները Նիզամ ալ-Մուլքի և նրա միջև, և Մեծ վեզիրը ունեզրկում ու շնորհազրկում է իր նախկին հովանավորյալին:
Նիզամ ալ-Մուլքը ցանկացավ նաև մահվան դատապարտել Հասանին, և վերջինիս այլ բան չէր մնում անել, քան փախուստի դիմել և ավազակությամբ զբաղվել: Լինելով քաջ, խորամանկ, նա կարողացավ 1080-ական թվականներին մի քանի հոգուց բաղկացած ավազակախումբ հավաքել և սկսել իր գործունեությունը: Հասանը կարողացավ նախ մի ամրոց-ապաստարան ձեռք գցել, ապա նաև՝ հարստություն: Հայաստանի սահմանագլխին գտնվող Ալամուտ ամրոցից զատ Հասանը շուտով ամրոցներ ու բերդաքաղաքներ ձեռք գցեց նաև Հյուսիսային Սիրիայում, Լիբանանում…
Հասանը մոգության արվեստին էլ էր տիրապետում: Քարոզում էր իր գաղափարներն ու ասում, թե Ալլահն իրեն երկիր է ուղարկել, որպեսզի այստեղ ինքը հաստատի Ալլահի կամքը:
Հասանը ընտրում էր մի քանի ազդեցիկ մարդկանց, կանչում իր մոտ ընթրիքի: Նա հավատացնում էր նրանց, թե Ալլահն իրեն զորություն է տվել մի քանի հոգու մինչ մահը մեկ օրով ուղարկել ջեննեթ՝ դրախտ: Եվ հաշիշի ազդեցության տակ նրանց տեղափոխում է գեղեցիկ պարտեզ, ուր բնականաբար կար թե գինի, թե կանայք… մյուս օրը միամիտ հավատացյալները ուշքի են գալիս դարձյալ Հասանի նկուղում և բնականաբար դառնում նրա կամակատարը:
Նա իսկական աճպարար էր. Մի անգամ հարյուրավորների աչքի առաջ ինքնահրկիզվեց Իբն Սաբբախը: Իրականում, ինքնահրկիզվողը նրա նմանակն էր՝ հաշիշի ազդեցության տակ դարձյալ: Բոլորը Լեռան ծերունուն համարեցին նահատակված ու Ալլահի աջ կողմում արդեն բազմած: Բայց ի զարմանս նրանց՝ նա լուսաբացին արդեն ճեմում էր իր պարտեզում…
Հասանն իր պարտեզը հռչակեց դեպի դրախտ տանող առաջին տաճարը…
Շուտով Հասանի խորամանկության արդյունքում դրախտի այցելուների թիվը մեծացավ: Ապա նա հավաքեց դրախտի բոլոր ՙայցելուներին՚ ու հայտնեց, որ նրանք կրկին դրախտ կընկնեն միմիայն իր հրամանները կատարելով ու հանուն Ալլահի իր հրամանով մեռնելով: Եվրոպական դեսպանների վկայությամբ՝ նրա զինվորները Հասանի մատի մի շարժումով իրենց անդունդն էին նետում Ալամուտի պարիսպներից:
Շուտով Հասանը վրեժ լուծեց Նիզամ ալ-Մուլքից. Նրա հրամանով իր զինյալները սեփական պալատում մզկիթի մուտքի մոտ սրախողխող արեցին վեզիրին: Դա կատարեց երիտասարդ ասասի Բութախիր Արրանին: Ապա ասսասիները այրեցին վեզիրի պալատը՝ դրանով աշխարհին հավաստելով իրենց մասին… Դրանից հետո Հասան իբն աս-Սաբբախի զինյալները կոչվեցին ասսասիներ, որ նշանակում է մարդասպան: Չնայած, շատ ուսումնասիրողներ բառի հիմքում որոնում են հաշիշը… ոմանք՝ Հասանի հետնորդներ…
Ասսասիների զոհերը հետագայում պիտի դառնային շատ շեյխեր, վեզիրներ, իշխաններ, անգամ՝ թագավորներ…. Ասսասիների հարվածներից, հարյուր հիսուն տարվա մեջ ընկան երեք խալիֆներ, վեց վեզիրներ, տասնյակ քաղաքային, համայնական ղեկավարներ ու զորավարներ, հոգևորականներ, եվրոպական տիրակալներից՝ Ռայմունդ Բ, Կոնրադ Մոնֆերանցին, Բավարիայի հերցոգը, այլք…
Նա իր պետության մեջ խստականոն օրենքներ սահմանեց՝ արգելելով ամեն տեսակ ճոխություն, շվայտություն… Ասսասին Ալլահի զինվորն էր ու նա պետք է համեստ կենցաղավարությամբ ապրեր: Ի դեպ, Ասսասիների ահեղ առաջնորդն ինքն էլ պահում էր սահմանված կարգն ու համայնքում ամենահամեստն ու ամենաժուժկալն էր: Նա խիստ ու ծանր պատիժ՝ մահվան վճիռ սահմանեց ընդունված կարգուկանոնի խախտողների դեմ:
Հասանը չեղյալ հայտարարեց բոլոր տեսակ պետական տուրքերն ու հարկերը, դրանց փոխարեն Ալամուտի բնակիչներին կոչ արեց վերանորոգել ջրանցքները, ճանապարհները, կամուրջները, ամրոցները…
Հասանը առաջին տիրակալն էր աշխարհում, որ ուներ ամեն ինչ իր պետության ներսում, բայց չուներ… կանոնավոր բանակ: Բայց դրա փոխարեն ուներ այսպես կոչված հատուկ ջոկատայինների հոծ խմբեր, ովքեր աշխարհի ցանկացած վայրում պատրաստ էին խնդիրներ լուծել:
Նա կայուն հետախուզություն ու հետախուզական մեխանիզմներ հիմնեց, որ ժամանակին հավաստի տվյալներ էր փոխանցում թիրախի մասին աշխարհի ցանկացած վայրից:
Բայց նրա հարվածային ուժը ամենայնիվ, մարդասպանների արհեստավարժ բանակն էր, որ աշխարհի ցանկացած ծայրում անգամ կյանքի գնով պատրաստ էր մահացու հարված հասցնել թիրախին:
Նա իր ամրոց-պետություն հրավիրեց ճարտարագետների, բժիշկների, փիլիսոփաների…Հասանը գիտության հովանավոր ու երկրպագու էր: Ամենուր զարկ էր տալիս գիտությանն ու մշակույթին՝ այդ առումով հեռու մնալով իսլամական մոլեռանդությունից:
Լեռան ծերունին ներքին կարգուկանոն հաստստեց ու Ուխտի անդամներին ընտրելու համար հստակ չափորոշիչներ գծեց: Նա Ուխտի անդամ էր ընտրում յուրաքանչյուր քսան թեկնածուից մեկին: Բայց թեկնածուն Ուխտի անդամ դառնում էր ցմահ: Ուխտից հեռանալ կամ դուրս գալ չէր կարելի. Միայն մահը կարող էր ասսասիին հետ պահել ուխտից: Իսկ մինչ ուխտավոր դառնալը նրանց մեծ փորձություններ էին սպասվում՝ ցուրտ, քաղց, ծեծ, կտտանքներ… Ամեն ասսասի պիտի տիրապետեր տարբեր լեզուների, տիրապետեր զենքի բոլոր տեսակներին… նրանք անգամ քրիստոնեական ուսմունքներին էին քաջածանոթ, քանզի շատ դեպքերում թշնամու ճամբար էին ներթափանցում… որպես քրիստոնյա հոգևորական… Իսկ առհասարակ, ասսասիների գլխավոր զենքը համարվում էր իրենց հավատարմությունն ու ծով համբերությունը…
Ասսասիների շարքերում խիստ կարգուկանոն էր և հերարխիկ աստիճանակարգ: Ամենացածում կանգնած էին ֆիդայիները, ովքեր մահապարտ-մահ սփռողներն էին…
Ասսասին նաև ուխտում էր մինչ մահ ամուրի մնալ, չամուսնանալ: Նա չպետք է սոցիալական, ընտանեկան կապանքներ ունենար կյանքում:
Ավելորդ չէ նշել, որ ասսասին նաև պետք է անվերապահ հավատար ու վստահեր Լեռան ծերունուն, պատրաստ լիներ հանուն նրա միշտ մարտի նետվել ու մահվան…
Հասան իբն Սաբբախը մահացավ 1124 թվականին՝ 73 տարեկան հասակում: Նա իր հետևորդներին թողեց ամրակուռ ու պինդ, հստակ աշխարհայացքով մի պետություն:
Ասասիների ուխտը գոյատևեց մինչև 1256 թվականը և այն ընկավ մոնղոլական արշավանքների արդյունքում: Ասսասիների վերջին առաջնորդը՝ Ռուք ադ-Դին Խուրշահը, ով հայտնի էր գինու և կանանց նկատմամբ իր թուլությամբ, ստանալով անձի ապահովության երաշխիք՝ անձնատուր եղավ մոնղոլներին. Սակայն վերջիններս նրան սպանեցին…