Կատարը պատասխանում է…
Advertisement 1000 x 90

Կատարը պատասխանում է…

Արմեն Պետրոսյանը Facebook-յան իր էջում գրել է

Շուրջ 3 շաբաթ շարունակվող լարվածությունը Կատարի և #Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի շարք երկրների միջև(նաև ոչ արաբական), որը հատկապես իր գագաթնակետին հասավ այս շաբաթվա սկզբին՝ դրսևորվելով պաշտոնական Դոհայի դեմ առավել նպատակային քաղաքական, տնտեսական, իրավական, քարոզչական գործողությունների տեսքով, վերջինին կանգնեցրել է ստեղծված իրավիճակում պատասխան քայլերի դիմելու հրամայականի առջև:

Ընդհանուր առմամբ, Կատարի պատասխան վարքագծի հնարավորությունները խիստ սահմանափակ են՝ կա՛մ ընդունել իրեն ուղղված պահանջները և ի կատար ածել դրանք, ինչը կնշանակի փաստացի զենքերը վայր դնել և ընդունել պարտությունը(այս տարբերակն անհավանականների շարքից է՝ հաշվի առնելով Կատարի երիտասարդ և ամբիցիոզ առաջնորդի ու նրա ղեկավարած իշխանության բնույթը), կա՛մ փորձել մանևրել՝ հիմնախնդրի հետագա զարգացումը տեղափոխելով բանակցային հարթություն և այն լուծելով փոխզիջումային տարբերակով. վերջին տարբերակի հետ կապված ամենագործուն մեխանիզմը Քուվեյթի կողմից իրականացվող միջնորդական ձևաչափն է: Բացի նշվածներից, անխոս, հնարավոր է նաև զարգացումների՝ որևէ մեկին ոչ ձեռնտու, բայց նաև ոչ բացառելի՝ լարվածության առավել սրման տարբերակը՝ պայմանավորված հիմնախնդրի կողմերի ոչ ադեկվատ գործողությունների հավանականությամբ:Առաջին հայացքից, այս տարբերակը ևս, կարծես, անհավանականների շարքից է, բայց այն նույնպես չի կարելի բացառել՝ հատկապես հաշվի առնելով հակակատարյան ճակատի համակարգումը փաստացի իրականացնող արաբական երկու առանցքային երկրների՝ Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի արքայատոհմերի բավական անկանխատեսելի ու արկածախնդիր ներկայացուցիչների վարքագիծը(երկու դեպքում էլ գահաժառանգ արքայազներն են):

Վերոնշյալի համատեքստում, չնայած այն իրողությանը, որ ճգնաժամի սկզբնական փուլում Կատարի իշխանությունները փորձում են ստեղծված իրավիճակը հարթել առավելապես խաղաղ, քաղաքական ճանապարհով՝ դրսևորելով զուսպ և հավասարակշռված կեցվածք, այսուհանդերձ, ավելի ուշ փաստացի ականատես ենք լինում նաև Կատարի պատասխան գործողություններին:

Ինչ խոսք, այս մրցակցության հարթակում Դոհայի մանևրելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ընդհանրացնելով դրանք՝ կարելի է ներկայացնել հետևյալ հիմնական ուղեգծերի ներքո՝

1. Տարաբնույթ հարաբերությունների՝ քաղաքական, տնտեսական, ռազմական սերտացում Սաուդյան Արաբիայի մրցակիցների հետ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ դրանից դուրս:

Նշված ուղեգիծն իր հերթին կարող է ունենալ մի քանի բաղադրիչ՝

ա) #Թուրքիա. այս ուղղությամբ արդեն իսկ իրականացվում են հստակ քայլեր: Անկարան իր համակողմանի աջակցությունը հայտնեց Կատարին՝ ցուցաբերելով ինչպես դիվանագիտական, պարենային աջակցություն, այնպես էլ համաձայնելով առավել ամրապնդել դեռևս 2014թ. 2 երկրների միջև ձեռք բերված համաձայնության հիման վրա ստեղծված թուրքական ռազմաբազան, որտեղ, ներկայում ծառայում են, տարբեր տվյալներով, 300-1000 թուրք զինծառայողներ: Կողմերի միջև արդեն թարմացված նոր համաձայնության հիման վրա Սաուդյան Արաբիայի հենց քթի տակ գործուն դերկատարություն է ունենալու տարածաշրջանում և «սուննիական աշխարհում» նրա ամենաառանցքային մրցակիցներից մեկի՝ Թուրքիայի 3 հազարանոց ռազմական կոնտինգենտը:

բ) #Ռուսաստան. այս ուղղությումբ գործողությունները դեռևս մանևրային հարթությունում են: Այսօր՝ հունիսի 10-ին, Մոսկվա ժամանած Կատարի ԱԳ նախարար Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանին տարբեր հարցերի շուրջ բանակցություններ է անցկացնում ՌԴ բարձրագույն իշխանությունների հետ:

գ) #Իրան. այս ուղղությամբ գործողությունները Կատարի պահեստային զինանոցում են և առավել առարկայորեն կկիրառվեն լարվածության սրացման տարբերակի պարագայում: Չնայած Իրանի կողմից առկա է առավել լայնածավալ աջակցության պատրաստակամություն, այսուհանդերձ պաշտոնական Դոհան դեռևս սահմանափակվում է պարենային մատակարարումների ուղղությամբ՝ զգուշանալով «սուննիական ճամբարն» առավել բորբոքելու հնարավորությունից:

2. Միջամտություն հակառակորդ երկրների ներքին գործերին սեփական հովանավորյալ տարաբնույթ խմբավորումների միջոցով. այս ուղղությունը ևս հեռանկարային զինանոցի գործիք է:

3. Քարոզչական դաշտում պատասխան գործողությունները: Չնայած այն հանգամանքին, որ Կատարի մեկուսացման գործընթացին միացած երկրների մեծ մասն արդենիսկ արգելափակել է կատարյան առանցքային քարոզչամեքենայի՝ «Ալ-Ջազիրա» համաարաբական լրատվամիջոցի գործունեություննը, այնուամենայնիվ, այս լրատվամիջոցը շարունակում է ակտիվորեն անդրադառնալ տարբեր արաբական երկրներում ծավալվող գործընթացներին, իսկ նրա հրապարակումները հաճախ մեջբերվում են միջազգային բազմաթիվ ԶԼՄ-ների կողմից:

Վերոնշյալը հաշվի առնելով՝ կարելի է կանխատեսել, որ Մերձավոր Արևելքում բավական ուշագրավ, գուցե նաև անկանխատեսելի զարգացումներ են սպասվում, որոնք մեծ հավանականությամբ հավելյալ բարդություններ կառաջացնեն տարածաշրջանում առկա շատ ավելի խորքային ու վտանգավոր հիմնախնդիրների հանգուցալուծման գործընթացների համար:



Նման նյութեր