Օրբելյաններ
Advertisement 1000 x 90

Օրբելյաններ

Պատմաբան Վահե Անթանեսյանի ժամանակավորապես խափանված միկրոբլոգը՝ վերականգնվելով, վերջինիս հնարավորություն է տվել կրկին լայն հանրությանը ներկայացնել հայոց պատմության տարբեր անցքերը: Նրա այսօրվա հրապարակումը նվիրված է Օրբելյան իշխանական տոհմին:

Օրբելյանների իշխանական տոհմը հսկայական դերակատարություն է ունեցել ոչ միայն Հայաստանում, այլև՝ հարևան Վրաստանում:

Օրբելյանների տոհմը սերում է Մամիկոնյաններից: Հայոց մատենգրությունը թե՛ Մամիկոնյաններին, թե՛ Օրբելիներին նույնանման ծագում է վերագրում: Ամենայն հավանականությամբ, վաղ միջնադարում տոհմը երկփեղվել է և նրանց մի մասը հաստատվելով Լոռիում՝ քաղկեդոնականություն է ընդունել՝ հայրենական իշխանակենտրոն Օրբեթ ամրոցի անունով կոչվելով Օրբելի:

Վաղ միջնադարում Օրբելիներն արագ ինտեգրվեցին վրաց ռազմաքաղաքական կյանքին, վրաց արքունիքում վարելով թագադիր ասպետի, սպարապետի պատասխանատու պաշտոնները:

11-12-րդ դարերում Օրբելիներն ավելի ամրապնդեցին իրենց դիրքերն ու ազդեցությունը Վրաստանում և Հյուսիսային Հայաստանում: Խնամիական կապեր հաստատելով Լոռվա Կյուրիկյան թագավորների հետ՝ 1118 թվականին, Լոռվա թագավորության անկումից հետո նրանք տիրացան Կյուրիկյանների գրեթե ողջ տիրույթներին:

1177 թվականին Օրբելիները պաշտպանելով անօրինաբար գահազրկված վրաց Դեմետրե արքայազնի շահերը՝ հզոր ապստամբություն բարձրացրին վրաց Գյորգի Գ արքայի դեմ: Օրբելիները մոտ էին հաղթանակին, սակայն վճռական պահին նրանց լքեցին Սարգիս Զաքարյանի գլխավորած հայկական զորքերը: Եվ Գյորգին վճռական հաղթանակ տարավ:

Արքան կալանեց ապստամբության առաջնորդ Իվանե Օրբելուն և կուրացրեց նրան:

Իվանեի եղբոր՝ Լիպարիտի որդիները սկզբից խույս տվեցին Վրաստանից և հաստատվեցին Պարսկաստանում: Տարիներ անց նրանցից ավագը՝ Իվանեն, վերադարձավ Վրաստան և դարձյալ Թամար թագուհուց ստացավ Օրբեթը, սակայն առանց նախկին տոհմային իրավունքների: Իվանեի եղբայր Լիպարիտի մյուս որդին՝ Էլիկումը, ամուսնացավ Սյունաց իշխաններից Աբաս Ճահկեցու քրոջ դստեր՝ Խաթունի հետ և դառնալով Երնջկի բերդատերը՝ հաստատվում է Սյունիքում՝ սկիզբ դնելով Օրբելյանների Սյունաց ճյուղին: Էլիկում Օրբելյանը զոհվեց 1184 թվականին:

Զաքարյան պետության հզորացման շրջանում Էլիկումի որդի Լիպարիտ Օրբելյանին Իվանե Զաքարյանը կալվածքներ շնորհեց Գեղարքունիքում և Վայոց ձորում: Լիպարիտ Օրբելյանը աստիճանաբար ամրապնդեց Օրբելյան իշխանական տան հզորությունը Սյունիքում:

Զաքարյան պետության թուլացման հետ մեկտեղ Օրբելյաններն աստիճանաբար հզորանալով՝ փորձեցին դուրս գալ Զաքարյանների գերագահությունից: Նրանք իրենց նպատակներին հասնելու համար գնացին ամեն քայլի՝ օգտագործելով անգամ մոնղոլներին, ովքեր Հայաստանը պառակտելու համար, բնականաբար, հագուրդ էին տալիս Օրբելյանների ձգտումներին:

Իսկ Զաքարյանների և Օրբելյանների միջև պայքարը գնալով սուր բնույթ էր կրում: Մանավանդ Ավագ Զաքարյանի մահից հետո, Օրբելյաններն իրենց ավելի ազատ զգացին՝ հալածելով Խոշաք իշխանուհուն: Վերջինս Օրբելյաններից պաշտպանվելու համար ստիպված էր ամուսնանալ վրաց արքայազնի հետ ու վրաց գահ բարձրանալով՝ պայքար ծավալել Օրբելյանների դեմ:

1251 թվականին Սմբատ Օրբելյանը մեկնեց մոնղոլների մայրաքաղաք Կարակորում և Մանգու խանից իր տիրույթների համար ստացավ ,,ինջու,, կարգավիճակ՝ անկախանալով Զաքարյաններից: Այս կարգավիճակը Օրբելյանների տիրույթները ոչ միայն հանում էր Զաքարյանների պետության քաղաքական ոլորտից, այլև ներքին լայն անկախություն էր շնորհում: Օրբելյաններն այսուհետ ենթակա էին անմիջապես Մեծ խանին և նրանց տիրույթները մոնղոլ հարկահավաքները մտնելու իրավունք չունեին: Սա իրավունք տվեց Սմբատին՝ կոչվելու նաև արքա, քանզի իրավական առումով, մոնղոլական կայսրության սահմաններում Օրբելյանների տիրույթներն ավելի արտոնյալ կարգավիճակում էին, քան Զաքարյանների տիրույթները:

Ահա, թե ինչպես է բնութագրում Ստեփանոս Օրբելյան պատմիչը իշխանաց իշխան Սմբատին. «…Ապա նրա (այսինքն՝ Էլիկումի) իշխանությանը տիրում է իր եղբայրը՝ ամենօրհնյալ և բոլորից գովելի Սմբատը, որը մեծահանճար էր, ուժեղ մտքով, աննման խելքով, խիստ հնարագետ, խոսքաշեն ու քաղցրախոս, լեզուների իմացությամբ հմուտ և ճարտար: Դատաստանական ատյաններում անպարտելի էր, որովհետև խոսում էր հինգ լեզվով՝ հայրերեն, վրացերեն, ույղուրերեն, պարսկերեն և բուն մոնղոլերեն»:

Օրբելյանների զորությունն աճեց նաև Սմբատի որդու՝ Տերսայիճի իշխանապետության տարիներին: Նրա իշխանությունը տարածվում էր ողջ Սյունիքի, ինչպես նաև՝ Խաչենի վրա: Տերսայիճ Օրբելյանն ամուսնացել էր Խաչենի Հասան-Ջալալ Դոլա իշխանի դստեր՝ Մինախաթունի հետ ու ամրապնդել Խաչենի իշխանության հետ իր դաշինքը:

Տերսայիճը Սյունիքում հաստատեց նաև իր տոհմի հոգևոր իշխանությունը: Սյունաց մետրոպոլ դարձավ նրա որդին՝ միջնադարի հայտնի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը:

Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը վերլուծելով Տարսայիճի գործունեությունը՝ նշում է. «Տարսայիճը հարգված և սիրված էր աշխարհակալների և բոլոր մեծամեծների կողմից: Ահարկու էր բոլոր թշնամիների համար: Կատարել է լայնածավալ շինարարական աշխատանքներ, կառուցել եկեղեցիներ, նորոգել խարխլված վանքեր»:

Նա հայոց և վրաց միասնական պետության աթաբեկն էր:

Տարսայիճ Օրբելյանի կյանքը ընդհատվում է 1290 թվականին: Նրա մահարձանի վրա գրված է. «Այս է հանգիստ արքայաշուք կողմնակալին, հզոր և մեծ գործակալին և քաջապահ մենամարտին»:

Տերսայիճի որդու՝ Էլիկումի օրոք Սյունաց Օրբելյանների իշխանապետությունը պառակտվեց: Նրա գահերեցությամբ Սյունիքում առաջացան ևս երկու իշխանություններ, որոնց գլուխ կանգնած էին Ջալալ և Լիպարիտ Օրբելյանները: Սակայն Էլիկումի որդի Բուրթել Օրբելյանը կրկին կարողացավ միավորել Սյունիքն ու ավելի հզորացնել Օրբելյանների իշխանությունը: Բուլթելի հեղինակությունը մեծ էր մոնղոլական կայսրության մեջ: Նա Մեծ խանի կողմից նշանակվեց Արևելյան իլխանության մայրաքաղաքների՝ Թավրիզի և Սուլթանիեյի ամիրա-քաղաքագլուխ: Նա միաժամանակ հայոց և վրաց զորքերի սպարապետն էր:

Սակայն Բուրթել Օրբելյանից հետո Օրբելյանների իշխանությունը թուլացավ և պառակտվեց՝ նրա զավակների միջև ծգած գահակալական կռիվների պատճառով:

Օրբելյանների իշխանությանը զորեղ հարված հասցրեց Լենկ Թեմուրը: 1386 թվականին Թեմուրի զորքերը պաշարեցին և գրավեցին Օրբելյանների իշխանանիստ Որոտնաբերդը: Թեմուրի արշավանքներից հետո Օրբելյանները կորցրեցին գրեթե ողջ տիրույթները Սյունիքում:

Սյունիքից Օրբելյան իշխանները հայացք ձգեցին դեպի նախնյաց տիրույթներ՝ Լոռի: Մասնավորապես՝ Բեշքեն Օրբելյան իշխանն իր 6000 հպատակների հետ 1437 թվականին հաստատվեց Լոռի բերդում: Բեշքեն Օրբելյանի դուստրը ամուսնացավ վրաց Ալեքսանդր թագավորի որդու  հետ, ապա, տարիներ անց դարձավ վրաց թագուհի: Որդին՝ Ռոստոմ Օրբելյանը, դարձավ կարակոյունլուների առաջնորդ Իսկանդերի խորհրդականն ու մտերիմ զինակիցը: Օրբելյանները փորձեցին վերականգնել իրենց հզորությունն ու ազդեցությունը, սակայն այդ ծրագիրն ի դերև եղավ: Բեշքեն Օրբելյանը դարձավ իր խնամու՝ վրաց թագավորի լարած դավադրության զոհ: Վրաց արքան վախենալով նրա հզորությունից՝ սպանել տվեց Բեշքենին, իսկ որդին՝ Ռուստամը, զոհվեց Լենկ-Թեմուրի թոռ Շահռուխի՝ դեպի արևելք՝ կարակոյունլուների դեմ  կազմակերպած արշավանքների ժամանակ:

Օրբելյանները հայ մշակույթի հովանավորներ էին: Նրանք իրենց իշխանապետության սահմաններում համալսարաններ ու բարձրագույն դպրոցներ բացեցին, ամրոցներ, կամուրջներ, ապարանքներ ու եկեղեցիներ կառուցեցին: Իսկ Օրբելյանների մշակութային մեծագույն ձեռքբերումն ինչ խոսք՝ Նորավանքի վանական համալիրն է, ուր գործել են անվանի ճրտաարապետներ Սիրանեսն ու Մոմիկը:



Նման նյութեր