Շենքերը, մարդկանց նման, հոգնում են։ Սկսում են ճլորել, նվնվալ․ պատուհաններս սիրուն չեն, տանիքս բավականաչափ բարձր չի, երբ դուք նոր եկաք իմ մեջ ապրելու, ավելի ուշադիր էիք, հիմա փոխվել եք իմ նկատմամբ։ Ես էլ գայթակղիչ շենք չեմ, հա՞, իմ տուֆերը արդեն ձեզ չե՞ն հետաքրքրում։
Մի ամբողջ գիշեր լուսամուտի և ոչ մի մուգ վարագույր չի օգնի քնել։ Անթարթ կճպճպացնեն, առավոտյան գզգզված մազերով բնակիչներից մեկին կբռնեն ու կհայտարարեն․ ես հասկացա, քո կյանքում ուրիշ շենք կա։ Ավելի բարձրահասակ, մեծ-մեծ ու առաջ տված պատշգամբներով, տանիքն էլ՝ կարմիր ներկած։ Թե չէ ես կոլոտ-լայն հինգհարկանի, ձախ հիմնապատս թեթև ճաք տված, աչքդ ուրիշի վրա կլինի, բա ո՞նց։ Էդ ճաքերը քո պատճառով են առաջացել, ես քեզ երեք-չորս սենյակ եմ նվիրել, անշնորհակալ, իսկ դու ինձնից ստացար ինչ ուզում ես ու փոխեցիր այդ ներկված-փչվածների հետ։ Հիմնայինդ թողած՝ դեկորատիվներով ես բավարարվում։ Ով գիտի՝ մի դուրսընկած հանրակացարան ես գտել, հազար տակ օգտագործած, դու էլ հերթականն ես, թե չէ էլիտար շենքերին աշխատավարձդ չէր հերիքի, երկու ամիս է՝ ջրի ծորակ անգամ չեք կարողանում փոխել։
Հոնքերը վրա են բերում ու նեղանում շենքերը։ Ջուրը սկսում է կտրվել, տանիքը՝ կաթալ, հիմքն էլ կամաց-կամաց իջնում է հողի տակ, պատերի ճաքերը վերածվում են լայն անցքերի։ Մարդիկ արտաքինից երկաթե շինություններ են հենում շենքին, սկսում վերակառուցել։ Հենված տներին երեսուն քայլ հեռվից նայելիս թվում է, թե մեզ հորինողին տվյալ շենքը դուր չի եկել ու շուրջբոլորը խզբզել է։ Լավ է, որ վերակառուցվող շենքերը իրենք իրենց հեռվից չեն տեսնում ու մտածում են, թե միայն կողքիններն այդպիսի տեսք ունեն։ Թե չէ ով գիտի, գուցե հայտարարեին, որ բնակիչներն իրենցից թաքուն փոքրիկ նկուղներ ունեն, և, բնակարանների ականջը խուլ, գուցե նույնիսկ՝ ամառանոցներ։
(с) դեռ անվերնագիրից