Պատմաբան Վահե Անթանեսյանի ակնարկը Արաբական խալիֆայության մասին:
8-րդ դարում սերտացան նաև Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններն արաբական խալիֆայության հետ: Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին ձգտելով առաջնության՝ համաձայնության եկավ խալիֆայության հետ: Արաբները Հայաստանում պաշտպանում էին հայ եկեղեցու շահերը, քաղկեդոնիկ Բյուզանդիայի ոտնձգություններից, փոխարենը՝ եկեղեցին երաշխավորն էր հայերի՝ արաբներին հպատակության: Եղան դեպքեր անգամ, երբ հայոց կաթողիկոսներն արաբական բանակներ առաջնորդեցին ապստամբ հայության դեմ:
Հայ-արաբական առնչություններն սկսվում են մ.թ.ա. առաջին դարից: Հայերի և արաբների հարաբերությունները բարեկամական են: Սակայն այսօր մենք շատ քիչ բան գիտենք արաբների պատմության, մշակույթի մասին: Պատկերացումները սահմանափակվում են իսլամի մասին սակավ, շատ դեպքերում՝ սխալ տեղեկություններով…
Դեռևս մ.թ.ա. առաջին դարում հայոց արքայից արքա Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա.95-55) նվաճելով Արևելքը՝ հարավային առևտրային ճանապարհների պահպանությունը վստահեց արաբներին, որոնք ոչ միայն պատվով կատարեցին իրենց գործը, այլև՝ հետագայում աջակցեցին հայոց տիրակալին՝ Հռոմի դեմ վարած պատերազմներում:
7-րդ դարում Արաբիայում ձևավորվեց իսլամը: Իսլամի հիմնադիրն ու գաղափարախոսը Մուհամմեդ մարգարեն էր: Նա արաբական Խուռեյշ ցեղից էր: Մուհամմեդը հիվանդ էր, տառապում էր ընկնավորությամբ: Ուներ տարօրինակություններ:
Մուհամմեդը ամուսնանում է հարուստ այրու՝ Խադիջայի հետ, ինչը բարձրացնում է նրա սոցիալական կարգավիճակը; Ստանալով նյութական հնարավորւթյուն՝ նա սկսեց քարոզել իր գաղափարները անապատի արաբներին:
Նա հայտարարեց, որ աստված՝ Ալլահը մեկն է, բայց ունի բազում անուններ, իսկ ինքը աստծու կողմից երկիր առաքված վերջին մարգարեն է:
Ըստ էության՝ Մուհամմեդը քաջ գիտեր տարածաշրջանի իշխող վարդապետությունները. Թե՛ հրեական Թալմուդին էր ծանոթ, թե՝ քրիստոնեությանը:
Նրան սկսեցին հալածել: Սակայն Մուհամմեդն արդեն համակիրների հոծ բազմություն ուներ և նա աստիճանաբար զորեղանալով՝ մեկը մյուսի հետևից քաղաքներ էր նվաճում: Ի վերջո՝ ստեղծեց ընդարձակ ու զորեղ կրոնապետություն, ուր աշխարհիկ ու հոգևոր իշխանությունը կենտրանացած էր իր ձեռքին:
632 թվականին մահացավ Մուհամմեդ մարգարեն և խալիֆայության ժառանգության համար պայքար սկսվեց: Մուհամմեդին խալիֆայության գահին հաջորդում է Մուհամմեդի երկրորդ կնոջ՝ Այիշայի հայր Աբու Բաքրը: Նրան հաջորդեց Օմար իբն Խատտաբին (634-644), ապա՝ Օսմանը:
Օսմանը Մուհամմեդի երկու դուստրերի ամուսինն էր, այդ պատճառով պատմությանը հայտնի է Երկու լույսերի տիրակալ անվամբ: Նրա օրոք հենց գրի առնվեց Ղուրանը և տարածվեց խալիֆայության բոլոր անկյուններում: Օսմանը սպանվում է տարեց հասակում և խալիֆայությունը ժառանգում է Մուհամմեդի հորեղբոր թոռը՝ Ալի իբն Աբի Տալիբը (656-661): Ալի իբն Աբի Տալիբը միաժամանակ նաև Մուհամմեդի կրտսեր դստեր՝ Ֆաթիմայի ամուսինն էր: Ալիի սպանությունից հետո արաբների մի մասը գտնում էր, որ խալիֆայությունը պետք է ժառանգեն Մուհամմեդի թոռները՝ Հուսեյնն ու Հասանը, մյուս մասը գտնում էր, որ խալիֆայի պաշտոնը պետք է ընտրովի լինի: Այսպիսով, իսլամական աշխարհը բաժանվեց երկու մասի: Առաջինները կոչվեցին շիաներ, մյուսները՝ սուննիներ:
Այս պայքարում հաղթող հանդիսացավ արաբ զորավար, Հայոց իշխան Թեոդորոս Ռշտունու հետ հայ-արաբական բարեկամական պայմանագիր կնքած Մուավիան՝ հիմք դնելով Օմայան դինաստիային: Խնդրի հանգուցալուծումը եղավ 657 թվականին՝ Սիֆֆինի ճակատամարտում: Այստեղ շիաները Ալիի առաջնորդությամբ վճռական առավելություն ունեին և կարող էին ջախջախել Մուավիայի ղեկավարած սուննիների բանակը: Սակայն Մուավիան դիմեց խորամանկության. Հրամայեց, որ իր զինվորները նիզակներին անցկացնեն Ղուրանի թերթիկները… Արդյունքում՝ Ալիի կողմնակիցներից շատերը լքեցին նրան, նա բաց թողեց հաղթանակն ու սպանվեց:
Իսկ Մուավիան Դամասկոսը հռչակեց իր մայրաքաղաք և ամրապնդեց իր տոհմի իշխանությունը երկրում:
Մուավիայի սերունդներից Աբդ ալ-Մալիքը (685-705) վերջնականապես նվաճեց նաև Հայաստանը, ձևավորեց Արմինիա ոստիկանությունը:
Առհասարակ, արաբական առաջին արշավանքը դեպի Հայաստան՝ 640 թվականին էր: Դա հետախուզական-ավարառուական բնույթի արշավանք էր: Արաբները անակնկալ ներխուժելով երկիր՝ հարուստ ավարով և բազում գերիներով հեռացան:
642 թվականի արաբները կրկնեցին իրենց արշավանքը, սակայն այս անգամ հայոց բանակը իշխան Թեոդորոս Ռշտունու գլխավորությմբ կազմ ու պատրաստ դիմավորեց թշնամուն, Արծափի ճակատամարտում ջարդ տվեց արաբներին:
Արաբները հասկացան, որ նույնքան հեշտությամբ չեն կարող գրավել Հայաստանը և մանավանդ ոխերիմ թշնամի Բյուզանդիայի դեմ պայքարում պատվար ունենալու նպատակով գերադասեցին հաշտություն կնքել հայերի հետ:
652 թվականին Թեոդորոս Ռշտունին խալիֆի հետ պայմանագիր կնքեց, որի համաձայն Հայաստանը միայն ձևականորեն էր ճանաչում խալիֆայության գերիշխանությունը: Հայաստանը երեք տարի հարկ չէր վճարելու արաբներին, ապա պետք է վճարեր, որքան կամենար: Արաբներն իրենք էին հայոց հեծելազորի 15000-ոց գնդի ռոճիկը վճարում պետական գանձարանից: Արաբները նաև երաշխավորն էին Հայաստանի անվտանգության, որին կարող էր սպառնալ Բյուզանդիան:
Սա ինչ խոսք, մեծ ձեռքբերում էր հայության համար: Բայց ցավոք, պայմանագիրը երկար չգործեց: Հայ առաքելական եկեղեցին այն համարեց «Պայմանագիր կնքած սատանայի հետ» և վիժեցրեց… արդյունքում՝ արաբները համարելով, որ հայերը միակողմանի խախտել են պայմանագիրը՝ սկսեցին հաճախ ասպատակել Հայաստանն ու ի վերջո նվաճեցին:
Ձևավորվեց Արմինիա ոստիկանությունը՝ Դվին կենտրոնով:
Պետք է նշել սակայն, արաբների առանձնահատուկ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Արաբական խալիֆայության տարածքում ոչ մահմեդական բնակչությունը կոչվում էր զիմմի՝ ստրուկ: Զիմմիներն իրավունք չունեիր պետական պաշտոններ զբաղեցնելու: Զիմմի կարգավիճակ չունեին միայն հայերը: Անգամ Հայոց իշխանը երբեմն արաբական փոխարքայի գործառույթներ էր կատարում:
8-րդ դարում սերտացան նաև Հայ առաքելական եկեղեցու հարաբերություններն արաբական խալիֆայության հետ: Պետականության բացակայության պայմաններում եկեղեցին ձգտելով առաջնության՝ համաձայնության եկավ խալիֆայության հետ: Արաբները Հայաստանում պաշտպանում էին հայ եկեղեցու շահերը, քաղկեդոնիկ Բյուզանդիայի ոտնձգություններից, փոխարենը՝ եկեղեցին երաշխավորն էր հայերի՝ արաբներին հպատակության: Եղան դեպքեր անգամ, երբ հայոց կաթողիկոսներն արաբական բանակներ առաջնորդեցին ապստամբ հայության դեմ:
Հայությունը մի քանի անգամ ապստամբեց արաբական տիրակալության դեմ, ի վերջո, 867 թվականին Հայաստանը կրկին անկախացավ Բագրատունիների տոհմի առաջնորդությամբ, իսկ խալիֆան հայոց անկախությունը ճանաչեց 885 թվականին:
Մինչև 8-րդ դարի կեսերը արաբական խալիֆայությունն ընդարձակվեց՝ ընդգրկվելով հսկայական տարածքներ: Արաբները արևելքում նվաճումներով հասան Հնդկաստան, իսկ արևմուտքում՝ Իսպանիա և Պորտուգալիա՝ նվաճելով նաև ողջ Հյուսիսային Աֆրիկան:
Արաբները 642 թվականին Նեհավենդի ճակատամարտում ջախջախեցին պարսկական բանակն ու կործանեցին Սասանյանների թագավորությունը: Նրանք վճռական հարված հասցրեցին նաև Բյուզանդիային և դարձան աշխարհի ամենազորեղ տերությունը, որի տարածքներն ընդգրկում էին երեք աշխարհամասերը:
747 թվականին Օմմայանների դեմ ապստամբեցին Աբբասյանները, ովքեր սերում էին Մուհամմեդի հորեղբայր Աբբասից: 747 թվականին նրանք Իրանի տարածքում ջախջախեցին Օմայանների զորքերը: Ի դեպ, ապստամբության առաջնորդը ազգությամբ պարսիկ Աբու Մուսլիմն էր: Նա հրամայեց, որ իր զինվորները սև դրոշներով մարտի դուրս գան: Այդ ժամանակներից սև դրոշը դարձավ Աբբասյանների խորհրդանիշը: 750 թվականին Զաբի ճակատամարտում Աբբասյանները հաղթեցին և տապալեցին Օմմայանների հարստությունը: Առաջին Աբբասյան խալիֆը Աբու ալ-Աբբասն էր: Նրա որդին՝ Աբու Ջաֆար ալ-Մանսուրին (754-775) կառուցեց Բաղդադ քաղաքը, որը կոչվեց Խաղաղության քաղաք:
Աբբասյանները սրակոտոր արեցին Օմայաններին: Ողջ մնաց միայն մեկը՝ Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան, ով փախչելով Իսպանիա, այստեղ հիմնադրեց Կորդոբայի խալիֆայությունը, որը մեծ ազդեցություն ունեցավ Իսպանիայի և Պորտուգալիայի էթնոմշակութային պատմության վրա:
Արաբական խալիֆայությունը հզորության գագաթնակետին հասավ Հարուն ալ-Ռաշիդ (786-809) խալիֆի կառավարման տարիներին: Սակայն Ռաշիդի սպանությունից հետո խալիֆայությունը բաժանվեց նրա որդիների միջև և տրոհվեց՝ գահավիժելով դեպի անկում:
Արաբական խալիֆայության տարածքում աստիճանաբար մեծ ազդեցություն էր ձեռք բերում թյուրքական տարրը: Միջին Ասիայից բերված թյուրք գերիները որպես ստրուկ՝ ղուլամ էին ծառայում արաբների մոտ: Սակայն հետագայում, թյուրքերին ներգրավեցին նաև բանակում, ինչն ամրապնդեց նրանց դիրքերը խալիֆայության կառավարման համակարգում: Ահավասիկ, 852 թվականին 200 հազարանոց բանակով Հայաստան արշաված զորավար Բուղան, ազգությամբ թյուրք էր:
Ամբողջ իններորդ դարում խալիֆայության տարածքը ցնցվեց ապստամբություններից: Հզոր էր հատկապես Բաբեկի ղեկավարած ապստամբությունը: Ի վերջո, Բաբեկին գերեցին Սյունաց իշխաններն ու հանձնեցին խալիֆին:
10-րդ դարում արաբական խալիֆայությունն այնքան էր թուլացել, և մասնատվել, որ ամփոփվելով միայն Արաբական թերակղզու տարածով և Միջագետքով՝ ռեալ ռազմական և քաղաքական ուժ չէր ներկայացնում այլևս:
945 թվականին երկրում կրկին հեղաշրջում կատարվեց: Բաղդատը գրավվեց ապստամբ Բուիների կողմից: Արաբական խալիֆայությունը դարձավ աշխարհի պետություն: Խալիֆն այսուհետ դարձավ սոսկ հոգևոր առաջնորդ:
Խալիֆայությունն արագ տեմպերով դեպի անդունդ էր գնում: Շուտով պետությունն ընկավ սելջուկյան հարվածներից: Սելջուկները ձևականորեն պահպանեցին Արաբական խալիֆայությունը, քանզի ցանկանում էին խալիֆայի դրոշի և իրենց իշխանության ներքո միավորել իսլամական աշխարհը: Սակայն սելջուկյան աշխարհակալությունն էլ երկար չգոյատևեց:
Արաբական խալիֆայության վերջնական կործանումը 1258 թվականին էր, երբ մոնղոլները գրավեցին արաբների վերջին հենակետը՝ Բաղդադը, ավերեցին այն: Խալիֆայությունը պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ: