Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի Facebook-յան հրապարակումը:
Կումուրդո գյուղը գտնվում է Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթիի Ախալքալաքի ենթաշրջանում, շրջկենտրոն Ախալքալաք քաղաքից 9 կմ արևմուտք պատմական Մեծ Հայքի Գուգարք նահանգի Ջավախք գավառում):
Գյուղը հայտնի է՝ 964 թ. այստեղ կառուցված Սբ. Համբարձման եկեղեցով: Ժամանակաշրջան, երբ հզոր Բյուզանդիայի և դավանակից Վրաստանի քաղաքական գերիշխանության պայմաններում ոչ թե համայնքներով, այլ երբեմն ամբողջ գավառներով ու նույնիսկ երկրամասերով քաղկեդոնականություն էին ընդունում Հայաստանի հոծ և զուտ հայաբնակ բազմաթիվ գավառների բնակիչները, սակայն դավանաբանական այս ուղղության հոգևոր ազգային գերակա կառույցի բացակայության պայմաններում (ինչպիսին ունեինք օրինակ՝ Է դարում ընդունած քաղկեդոնականության ժամանակ) քաղկեդոնականացող բոլոր գավառները միացվում էին վրաց եկեղեցու թեմերին:
Կումուրդոի եկեղեցին թեմական առաջնորդանիստ էր, եպիսկոպոսանիստ և նրա հիմնադրման նպատակն էլ քաղկեդոնականացած գավառում նոր կրոնի հոգևոր կենտրոն ունենալու խնդրի լուծումն էր:
Ինչպես քաղկեդոնականացած հայկական այլ տարածաշրջաններում, այնպես էլ Կումուրդոյի Սբ. Համբարձման եկեղեցու որմերին առկա բոլոր վիմագրերը վրացերեն են, որ ինքնին ներկայանում և գնահատվում են որպես վրաց դպրության հուշարձաններ, սակայն նույն ժամանակ վերջիններս արտացոլում են տարածաշրջանում քրիստոնեության նոր ուղղության հետևորդ դարձած հայերի պատմությունը:
Պայմանավորված քաղկեդոնականության ջահակիր երկրների՝ Բյուզանդիայի անկումով և Վրաստանի թուլացումով (վերջինս տրոհվել էր մի քանի մանր ու թույլ թագավորությունների), ոչ միայն Կումուրդոյում, այլև ողջ քաղկեդոնացած հայ միջավայրում համատարած կերպով տեղի է ունենում հրաժարում դավանանքի այդ ուղղությունից և դարձ՝ դեպի առաքելադավանություն: Արդյունքում հայկական միջավայրում գտնվող գրեթե բոլոր այն եկեղեցիները, որոնք Ժ-ԺԳ դարերում կառուցվել էին որպես քաղկեդոնական ուղղության պաշտամունքի կենտրոններ (նաև նրանք, որ կառուցվել էին ավելի վաղ, սակայն նշյալ ժամանակահատվածում վերաօծվել էին որպես քաղկեդոնական) փաստորեն զանգվածաբար վերաօծվեցին որպես առաքելական: Այս գործընթացը սկիզբ էր առել արդեն ԺԳ դարավերջից և ծավալվելով ԺԴ-ԺԵ դարերում փաստացի տարածվել էր հայկական միջավայրում գտնվող կարելի է ասել բոլոր նախկին քաղկեդոնադավան եկեղեցիների վրա: Արդյունքում դրանք բոլորն էլ վերաօծվում են որպես առաքելադավան պաշտանունքի կենտրոններ:
Կումուրդոյի եկեղեցու շուրջ գոյացած և ԺԴ-ԺԶ դարերին վերաբերող խաչքարերով գերեզմանոցի գոյությունը ասվածի վառ ապացուցներից է, քանի որ առաքելադավան հայոց գերեզմանոց կարող էր գոյանալ միայն առաքելադավան եկեղեցու շուրջ: Այս գերեզմանոցի առկայությունը անվերապահորեն հուշում է, որ արդեն ԺԴ դարում Սբ. Համբարձման եկեղեցին ևս վերաօծված էր հայ առաքելական եկեղեցու ծեսով և ծառայում էր տեղի առաքելադավանությանը վերադարձած հայ ազգաբնակչությանը:
Այն, որ գյուղը զուտ հայաբնակ էր օրինակ 1595 թ. փաստում են թուրքական հարկամատյանները, որտեղ նշյալ թվականի համար թեկուզ անուղղակիորեն, այնուամենայնիվ վկայված է, որ 20 տնից բաղկացած գյուղն ունեցել է առաքելադավան բնակչություն (բնակիչների անձնանունները կամ հայկական են և կամ տվյալ ժամանակաշրջանում հայկական միջավայրում տարածված օտար անձնանուններ. Ամիրխանի որդի Մկրտիչ, նրա եղբայր Պապա, Կիրակոս՝ Յարալի որդի, Մանուկ, Լաշքար՝ Մանուկի եղբայր, Միրզա, Սմբատի որդի Ղումաթ և այլն):
Հակառակ ԺԹ դարասկզբին իրար հաջորդած ռուս-թուրքական պատերազմների հասցրած բազում արհավիրքներին ու դրան հետևած երկրամասի ամայացմանը, այնուամենայնիվ, տակավին 1829-1830 թթ., երբ գյուղում բնակություն հաստատեցին Բարձր Հայքի Շակավ գյուղից փոխադրված հայերը Կումուրդոն դեռևս ուներ տեղաբնիկ հայ բնակչություն: Վերջիններիս (երլականներ) մինչև հիմա էլ գյուղաբնակները լավ ճանաչում և մատնանշում են (Համազասպյաններ, Մաթևոսյաններ, Մղդեսյաններ, Սարյաններ, Քոչկանյաններ և Քևնաքսզյաններ):
1830-ական թթ. եկեղեցին ամենասուղ միջոցներով նորոգվում է, որն էլ շարունակում է արդեն առնվազն կես հազարամյակ որպես հայ առաքելական եկեղեցի ծառայել տեղի հայ ազգաբնակչությանը: Սակայն արդեն 1860-ական թթ. վրաց հոգևորականությունը վեճ է հարուցում հայերի դեմ՝ իբր վրացական եկեղեցին յուրացնելու պատճառով:
Ինչ վերաբերում է եկեղեցու շուրջ եղած գերեզմանոցին, ապա այդտեղ թաղումները շարունակվել են նաև խորհրդային տարիներին:
Մեր օրերում Վրաստանի պատկան կառույցներն իրականացնում են եկեղեցու վերականգնման աշխատանքներ, որն ինքնին ողջունելի է, սակայն այդ ընթացքում ոչ միայն ամբողջությամբ ավերվել-հեռացվել է 1830-ական թթ. եկեղեցու արևմտյան խաչաթևի նորոգության ժամանակ կառուցված փայտածածկը (անշուշտ՝ սա, որպես հետագայի հավելում ենթակա էր հեռացման, բայց հաշվի առնելով իր արժեքը անհրաժեշտ էր այլ վայր փոխադրել՝ քանդման-վերաշարման սկզբունքով, այլ ոչ որպես անպետքություն շինաղբի հետ խառնել ու կորստյան մատնել), այլև ավերվել ու չեզոքացվել է եկեղեցամերձ հայոց գերեզմանոցը, որտեղ սկսած ԺԴ դարից և մինչև խորհրդային տասնամյակներն ամփոփվել են գյուղաբնակ հայերի բազում սերունդների հանգուցյալները:
Ահա, հատկապես այս վերջին գործողություններն են, որ առաջ են բերել տեղացիների արդարացի զայրույթը, ովքեր այս ամենից հետո ընդամենը պահանջել են, որ տակնուվրա արված գերեզմանոցից դուրս բերված և պարկերով իրենց փոխանցված խառնիխուռն ոսկորները կրկին եկեղեցու մոտերքում ամփոփեն ու ի հիշատակ նախնյաց նաև այդ ընդհանուր գերեզմանի վրա թույլատրեն մի խաչքար կանգնեցնեն: Այս խնդրանքի մերժումն արդեն կարելի է ասել գյուղացիների համբերությունը սպառել է և պատճառ է դարձել բոլոր այն բողոք-նամակներին, որոնց հասցեատերերն են Վրաստանի և Հայաստանի հանրապետությունների նախագահները, վարչապետները և պատկան կառույցների պատասխանատուները:
Գրությանս կցում եմ 1988 թ. կատարածս լուսանկարներից. Կումուրդոյի Սբ. Համբարձման եկեղեցին, եկեղեցու արևմտյան խաչաթևի այն հատվածը, որը փայտամածով նորոգել էին գյուղաբնակները 1830-ական թթ.-ին և որն արդեն ոչնչացվել է, ԺԵ-ԺԶ դարերի խաչքարեր եկեղեցու շուրջ եղած և արդեն ոչնչացված գերեզմանոցից