Արշավներ` դեպի չբացահայտված բարձունքներ. Հայաստանում լեռնային տուրիզմն ակտիվ զարգանում է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Արշավներ` դեպի չբացահայտված բարձունքներ. Հայաստանում լեռնային տուրիզմն ակտիվ զարգանում է

Հայաստանում զարգանում է լեռնային տուրիզմը: Այդ գործում իր մեծ ներդրումն ունի Հայկական աշխարհագրական նախագիծը (Armenian geographic): Նախագիծն արդեն 5 տարի իրականացնում է «Մերն է» ծրագիրը, որի շրջանակում առաջարկվում են տարբեր արշավներ, այդ թվում լեռնային՝ բացահայտելով հայաստանյան լեռնաշխարհի նոր հնարավորությունները: Նախագծի ղեկավար Տիգրան Շահբազյանը «Արմենպրես»ի հետ զրույցում նշել է, որ Հայկական աշխարհագրական նախագիծը շեշտը դնում է բնական հուշարձանների և աշխարհագրական օբյեկտների հետ ծանոթության վրա: Հայաստանի նման ռելիեֆ ունեցող երկրում մեր բնության հետ ծանոթանալու և ակտիվ հանգստի լավագույն միջոցն են համարում լեռնային տուրիզմը:

«Մեր ծրագրով նպաստում ենք ներքին տուրիզմի զարգացմանը Հայաստանում ու Արցախում: Բազմաթիվ արշավներ ենք իրականացնում, որոնց շրջանակում գնում ենք նաև մինչ այսօր շատերի համար չբացահայտված վայրեր: Այսինքն՝ այդ վայրերը որպես տուրիստական ուղիներ հայտնի չեն եղել: Այնպիսի հրաշալի գագաթներ են լինում, որ մեզնից հետո այլ խմբեր նույնպես սկսում են այցելել: Այսինքն՝ Հայաստանում լեռնային տուրիզմը զարգացնելու մեծ ներուժ կա»,-ասաց Տիգրան Շահբազյանը:

Ծրագիրը ոչ միայն զբոսաշրջային, այլև գիտական նշանակություն ունի: Տիգրան Շահբազյանը նշեց, որ շատ լեռնագագաթների մասին համացանցում կամ տեղեկություններ, լուսանկարներ չկան, կամ քիչ են: Լեռնագագաթների մասին գրքերում էլ հիմնականում խոսվում է 10-ից մի փոքր ավելի լեռան մասին: Այնինչ՝ Հայկական աշխարհագրական նախագիծն արդեն 50-ից ավելի լեռնագագաթների մասին տեղեկություններ է հրապարակել իր կայքում:

«Ծրագրում կա այցելություն Մեղրու լեռնաշղթայի ամենաբարձր կետը՝ Բաղացսարը, այն մի քանի մետրով ավելի բարձր է, քան Խուստուփը, բայց լեռնագնացության, տուրիստական նպատակով ոչ ոք համարյա չի գնում այնտեղ, ինտերնետում ինֆորմացիա չկա: Մենք ցանկանում ենք բացահայտել նոր ուղիներ, որպեսզի այդ ուղղություններով էլ զբոսաշրջությունը զարգանա»,-ասաց Տիգրան Շահբազյանը: Այսինքն՝ արկածներ որոնողներին հատկապես կհետաքրքրի այս ծրագրում տեղ գտած էքսպեդիցիոն բնույթ կրող արշավները: Բարձրանում և ուսումնասիրում են լեռները, որոնց մասին գրեթե տեղեկություն չկա: Բացահայտում են նոր բարձունքներ, ծանոթանում բնաշխարհին, հարակից գյուղերին, բնակչությանը, բնական ու պատմամշակութային հուշարձաններին:

Հայկական աշխարհագրական նախագիծը նախ և առաջ աշխատում է ներքին տուրիզմի ուղղությամբ, փորձում է հայկական բնության հուշարձանները նախ և առաջ ճանաչելի դարձնել տեղացիների համար: Հինգ տարվա գործունեությանը հետ հայացքով նայելով՝ Տիգրան Շահբազյանը նկատեց, որ ներքին տուրիզմը ակտիվ տեմպերով զարգանում է, Հայաստանի բնակիչների մոտ մշակույթ է փոխվել, շատերը նախընտրում են իրենց հանգստյան օրերին կազմակերպված արշավներին մասնակցել: Ուզում են քայլել, լեռներ բարձրանալ, լինել բնության գրկում, նոր բացահայտումներ անել: Տիգրան Շահբազյանը նշեց, որ ակտիվ տուրիզմի զարգացմանը նպաստում են տարբեր խմբեր, որոնք մատչելի առաջարկներ են ներկայացնում:

Տեղացիներից բացի, հայկական լեռների նկատմամբ անտարբեր չեն նաև արտասահմանցիները: Հատկապես Հայաստանում գործող դիվանագիտական ներկայացուցչությունների, միջազգային կազմակերպությունների աշխատակիցները: Նրանց երկրներում ակտիվ հանգիստ կազմակերպելու մշակույթը կա, հետևաբար փորձում են հանգստյան օրերին ներգրավվել նման ծրագրերում: Իրենցից բացի, արշավներին միանում են նաև զբոսաշրջիկներ Տանզանիայից, Ռուսաստանից, Գերմանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Լեհաստանից և այլ երկրներից:

Արշավներին մասնակցելու համար հիմնականում դիմում են 25-35 տարեկան անձինք, սակայն Տիգրան Շահբազյանը նշեց, որ իրենց մոտ եղել են նաև 15, ինչպես նաև 60 տարեկան անձինք: Դա կապված է տվյալ մարդու ֆիզիկական պատրաստվածության հետ: Եթե տվյալ անձը նոր է սկսել արշավներով զբաղվել, ապա առաջարկվում է ավելի հեշտ երթուղիով ծրագրեր:

Տիգրան Շահբազյանը նշեց, որ իրենք պատրաստ են համագործակցել զբոսաշրջային ընկերությունների հետ՝ առաջարկվող ծրագրերը տուրփաթեթներում ներառելու համար:

Լուսանկարները՝  Armenian Geographic-ի

armenpress.am