Հայկական ծիրան. որքան է արտահանվում Ռուսաստան, ինչ գնով և ինչ կշիռ ունի ՌԴ շուկայում. b4b.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Հայկական ծիրան. որքան է արտահանվում Ռուսաստան, ինչ գնով և ինչ կշիռ ունի ՌԴ շուկայում. b4b.am

Ծիրանի բերքահավաքի և արտահանման գործընթացը Հայաստանում արդեն մեկնարկել է։ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանի տեղեկացմամբ՝ արդեն իսկ արտահանվել է մոտ 1000 տոննա ծիրան (հիմնականում՝ Ռուսաստան)։

Ծիրանի սեզոնի հետ մեկտեղ, բնականաբար, ակտիվացել է նաև խնդիրների քննարկումը. ծիրանը դարձել է տնտեսական լրահոսի հիթերից մեկը։ Խնդիրների մի մասը տեղական բնույթ ունի (օրինակ՝ մեծածախ գնման գինը «Սպայկա» ընկերության կողմից), մյուս մասն առնչվում է ռուսաստանյան շուկային։

Նախ՝ լուրեր հայտնվեցին, որ «Սպայկա» ընկերությունը «փակել է» Կրասնոդարի մեծածախ շուկաներից մեկը՝ բոլոր ծիրան արտահանողների համար: Հայաստանից ծիրան արտահանողները գալիս են այդ շուկա, այնտեղ հայտնում են, որ «Սպայկայից» են միայն ծիրան ընդունելու, ինչի դիմաց ընկերությունը մեծ գումարներ է վճարել տնօրինությանը: Այդ լուրերն առավել ակտիվ սկսեցին շրջանառվել հատկապես այն բանից հետո, երբ կառավարությունը որոշեց 160 հեկտար հող նվիրել այս ընկերությանը՝ ներդրումային ծրագրի իրականացման համար։ Հետո տեղեկություններ հայտնվեցին, որ «Սպայկան» այդտեղ կապ չունի։ Խնդիրը ստեղծվել է ադրբեջանցիների կողմից, և չի բացառվում՝ պետական վերահսկողությամբ, Ռուսաստանում ադրբեջանցի շուկայատերերը պարզապես արգելում են հայկական ծիրանի մուտքը։

Թե ինչ է իրականում կատարվում՝ դժվար է ասել։ Փոխարենը, զուտ պաշտոնական տվյալների վրա հիմնվելով՝ փորձենք հասկանալ՝ որքա՞ն ծիրան է Հայաստանից արտահանվում Ռուսաստան, և ի՞նչ կշիռ ունի հայկական ծիրանը՝ ծիրանի ռուսաստանյան շուկայում։

Արտաքին տնտեսական գործունեության դասակարգման 0809 կոդի տակ ներառվում են մրգերի մի քանի տեսակներ՝ ծիրան, դեղձ, սալոր և այլն։ Ծիրանի առանձին կոդը 080910-ն է։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքը մրգերի արտահանման վիճակագրությունը ներկայացնում է քառանիշ կոդով՝ ամբողջացված։ Սակայն Comtrade.un. org կայքում հնարավոր է գտնել առանձին վերցրած ծիրանի վիճակագրությունը։

Եվ այսպես, ըստ Comtrade.un.org-ի՝ 2016-ին Ռուսաստանը ներմուծել է ընդհանուր առմամբ 32.7 հազար տոննա ծիրան՝ 18.3 մլն դոլար արժեքով։ Ծիրան ներկրվել է մոտ 2 տասնյակ երկրներից։

Համեմատության համար նշենք, որ 2015 թվականին ներկրվել էր 43.2 հազար տոննա՝ 36.3 մլն դոլար արժեքով։ Իսկ 2013 թվականին Ռուսաստանը ներկրել էր ավելի քան 68 հազար տոննա ծիրան՝ 70 մլն դոլար մաքսային արժեքով։ Նվազել է թե՛ Ռուսաստանի կողմից ներկրվող ծիրանի բնեղեն ծավալը, թե՛ գինը։ Փաստորեն, ծիրանի ռուսաստանյան շուկան այնքան մեծ չէ, որքան կարող է թվալ շատերին, և գնալով փոքրանում է։

Ըստ նույն՝ Comtrade.un.org կայքի տվյալների՝ 2016 թվականին Ռուսաստանը Հայաստանից ներկրել է 3.14 հազար տոննա ծիրան։ Դա ընդհանուր ներկրման 10%-ից էլ քիչ է։

Ռուսաստանի ծիրանի թիվ 1 մատակարարը 2016 թվականին եղել է Ուզբեկստանը։ Այս երկրից ՌԴ է մատակարարվել 16.7 հազար տոննա (ընդհանուր ներկրման կեսից ավելին)։

Ուզբեկստանին հաջորդում է Մոլդովան (4.8 հազար տոննա), հետո գալիս է Ղազախստանը՝ 4.2 հազար տոննա։ Հայաստանն այս ցուցանիշով չորրորդ տեղում է։ Եթե հիմք ենք վերցնում ոչ թե ծիրանի քաշը, այլ արժեքը, ապա մեկ հորիզանականով առաջ ենք՝ երրորդ տեղում, քանի որ ղազախական ծիրանի մաքսային արժեքը շատ ցածր է։

Ինչո՞ւ է հայկական ծիրանն իր ծավալներով զիջում ուզբեկականին։ Դժվար է ասել։ Սակայն դատելով առևտրի պաշտոնական տվյալներից՝ պատճառը գինը չէ։ Ըստ Comtrade.un.org-ի տվյալների՝ Ռուսաստանի կողմից ներկրված ուզբեկական ծիրանի 1 կգ-ի մաքսային արժեքը 2016-ին կազմել է 63 սենթ։ Հայաստանից ներկրված ծիրանի 1 կգ-ի արժեքը եղել է 56 սենթ, մոլդովականինը՝ 57 սենթ։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականի ընթացքում Ռուսաստանի կողմից ներկրված ծիրանի 1 կգ-ի միջին արժեքը կազմել է 56 սենթ։

Կարծում ենք՝ հետաքրքիր կլինի տեսնել նաև նախորդ տարիների տվյալները։
Գծապատկեր 2-ում ներկայացված է Ռուսաստանի կողմից ներկրվող ծիրանի ընդհանուր ծավալը և Հայաստանից ներկրված ծիրանի ծավալը վերջին 5 տարիների կտրվածքով։

Ինչպես տեսնում եք, 2012 և հատկապես 2013 թվականներին Հայաստանից Ռուսաստան ծիրանի արտահանման ծավալները տպավորիչ են եղել։

Օրինակ՝ 2013թ. Ռուսաստանը Հայաստանից ստացել է 19.6 հազար տոննա ծիրան՝ մոտ 15 մլն դոլար մաքսային արժեքով։ Հայկական ծիրանի կշիռը ՌԴ ներկրման մեջ կազմել է մոտ 29%։ Մեզանից շատ ծիրան ռուսաստանյան շուկային 2013թ. մատակարարել է միայն Թուրքան՝ 22.5 հազար տոննա, իսկ Ուզբեկստանից ներկրվել է 15.7 հազար տոննա։

Պատճառների մասին, ինչպես նշեցինք, չենք գրի՝ դա այլ թեմա է։ Հնարավոր է, որ ծիրանի արտահանման կտրուկ նվազման վրա ազդել է Լարսի անցակետի փլուզումը կամ մեկ այլ գործոն։

Սակայն փաստն այն է, որ մինչև ԵԱՏՄ մտնելը հայկական ծիրանի արտահանումը դեպի Ռուսաստան շատ ավելի մեծ էր, քան դրանից հետո։
Իհարկե, եթե ասենք, որ ԵԱՏՄ-ն է բացասաբար ազդել ծիրանի արտահանման վրա, և այս անկումային ցուցանիշները ներկայացնենք՝ որպես ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետևանք, ոչ միայն սխալ կլինի, այլև՝ պարզ մանիպուլյացիա։

Սակայն նույն կերպ, երբ որոշ ապրանքատեսակների գծով արտահանման աճը ներկայացվում է՝ որպես ԵԱՏՄ-ին անդամակցության տված օգուտ՝ առանց հաշվի առնելու մյուս գործոնները, ոչ պակաս մանիպուլյացիա է։

b4b.am