Արմեն Մարտիրոսյան. «Լույսի մասին»
Advertisement 1000 x 90

Արմեն Մարտիրոսյան. «Լույսի մասին»

«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի Facebook-յան հրապարակումը.

«Լույսի մասին։

Այս անգամ խոսում եմ ոչ թե որպես հրատարակիչ, այլ քաղաքացի, ով տեսնում է ինչ վտանգ է սպառնում մեր լեզվին ու մշակույթին։

Ինչ ինտելեկտուալ աղետի մեջ է հայտնվել Հայաստանը։

Բացի թարգմանություններից ուրիշ ոչինչ չի զարգացնում մեր լեզուն։ Ոչ գիտություն է մնացել, ոչ արդյունաբերություն։

Հայաստանում այսօր լույսը փայփայելու մեծ կարիք կա։

Հրատարակչությունները հայտնվել են շատ ծանր իրավիճակում։

Գիրքը լույս է տեսնում միայն այլ աղբյուրից ֆինանսավորվելու միջոցով։ Աղբյուրը հրատարակիչների այլ բիզնեսից ստացած շահույթն է, որը նրանք ուղղում են դեպի գիրք լույսընծայելը։ Խոսում եմ առհասարակ գրքի մասին՝ թե՛ էլեկտրոնային, թե՛ աուդիո, թե՛ տպագիր։ Գիրք գնելու, գրախանութ այցելելու մշակույթը վերանում է։ Այո, հայերեն գիրքը թանկ հաճույք է։ Մատչելիություն կարող են ապահովել թե՛ գրադարանները և թե վարձով տալը՝ ինչպես ժամանակին վարձակալում էին տեսաժապավենները։ Ով ուզում էր տեսաժապավենը ունենալ, գնում էր։ Կարծում եմ՝ սա է ելքը։

Ուզում եմ նշել այն հրատարակիչներին, ովքեր մեծ ջանք, եռանդ և ամենակարևորը՝ սեփական փողն են ներդնում գրքի կայացման գործում։

Սարգիս Խաչենց, Փրինթինֆո, Զանգակ, Էդիտ Պրինտ, Արեգ, Բուկինիստ, Գիտանք, Արևիկ, Անահիտ, Միտք և այլ մեծ ու փոքրիկ հրատարակչություններ։

Եթե հանրությունը չպահանջի պետությունից ու համայնքների ղեկավարներից, որ գնվեն գրքեր և համալրվեն գրադարանները, շուտով շատ հրատարակչություններ կկանգնեն փակման շեմին։

Ոչ գիրք կարդացող կլինի, քանի որ գիրքը մատչելի չէ, ոչ էլ գիրք ծնող։

Դիմում եմ տարբեր կարող անհատների և գործարարների՝ եթե պետք է որևէ տպագրական գործ պատվիրեք կամ որևէ բան գնեք, առաջին հերթին հիշեք այս լույսը պահպանող կազմակերպություններին։

Հիշում եմ՝ մի օր Ֆիլիպ Մորիսի տնօրեններից մեկը զանգահարեց և ասաց, որ անգամ եթե 10% թանկ է մեր առաջարկը՝ նրանք ընտրում են մեզ, քանի որ համոզված են, որ նաև այդ հավելյալ գումարն է ծառայելու նոր գրքի լույսընծայմանը։

Պահպանենք Լույսը՝ նա Հույս է ծնում»։



Նման նյութեր