Կին տրանսգենդերներին, որոնք տղամարդ են ծնվել, բայց իրենց կին են զգում և սեռափոխության վիրահատություն են կատարել, պետք է հասանելի լինի արգանդի փոխպատվաստման վիրահատությունը, որպեսզի երեխաներ ծննդաբերելու հնարավորություն ունենան: Նման կարծիք են հայտնել Բրիտանիայի Առողջապահության ազգային համակարգի (NHS) առաջատար բժիշկները:
Վերարտադրողաբաններն իրենց հերթին կարծում են, որ նման վիրահատությունները ոչ միայն պետք է կատարվեն, այլև վճարվեն հարկատուների գրպանից, քանի որ օրենքով երաշխավորվում է բոլոր քաղաքացիների հավասարությունը: Փոխպատվաստման պաշտպանների «ճամբարի» հիմնական գործիչներից մեկը Լիվերպուլի համալսարանից իրավաբան Ամել Ալգրանին է: Նրա խոսքով` եթե նման ծրագիրը հաջողություն ունենա, ապա արգանդի փոխպատվաստում կատարել կցանկանան ոչ միայն տանսսեքսուալ կանայք, այլ նաև հոմո- և հետերոսեքսուալ տղամարդիկ, որոնք ցանկանում են զգալ մայրության բերկրանքը:
Այս առաջարկը հանդիպել է քննադատների դիմադրությանը, որոնք պնդում են, որ չի կարելի նման կերպ վատնել դոնորական արժեքավոր նյութը և բյուջեի միջոցները: Ավելին` սա, նրանց խոսքով, խախտում է մայրության հիմքերը:
Այն մասին, որ արգանդի փոխպատվաստումը և տղամարդու կողմից երեխային կրելը հնարավոր են, գինեկոլոգները վաղուց են խոսում: Ճիշտ է, պետք է 10 տարի անցնի, մինչև նման միջամտությունները տարածում գտնեն: Ներկայումս բժիշկները արգանդ են փոխպատվաստել միայն կանանց, որոնք առանց այս օրգանի են ծնվել: Դա իրականացվել է Գյոտեբորգի համալսարանում: 2014 թվականից ի վեր նվազագույնը 5 երեխա լույս աշխարհ է եկել կանանց մոտ, որոնք առանց արգանդի էին ծնվել:
Նշենք, որ տարվա վերջին բրիտանացի բժիշկները պատրաստվում են մեկնարկել առնվազն 3 կանանց դոնորական արգանդ փոխպատվաստելու ծրագիրը: Իսկ Գենտի համալսարանի (Բելգիա) հոսպիտալի պրոֆեսոր Սթիվեն Վեյերսը պատրաստվում է առաջիկայում արգանդ փոխպատվաստել 20 կանանց: Ինչ վերաբերում է տրանսգենդերներին, բժիշկներն արդեն նման մարդկանց կենսաբանական նյութը (ձվաբջիջները, սերմնաբջիջները) պահպանում են այն դեպքի համար, եթե հեռանկարում նրանք ցանկանան գենետիկորեն հարազատ երեխա ունենալ: