Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է թուրքական պետության հիմքերից՝ Բարձր Դուռը, ինչպես նաև պատմել է հայերի մասին, որոնք մեծ դերակատարություն են ունեցել:
Մինչև 1923 թվականը` Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կողմից Թուրքիայի հանրապետության հռչակումը, Եվրոպական դիվանագիտական պաշտոնական փաստաթղթերում Օսմանյան կայսրությունն անվանում էին Բարձր Դուռ:
Թուրքերեն արտահայտությունը հնչում է որպես Փաշա կափիսի (փաշայի դուռ), արաբերեն` Բաբ-ալ-ալի` (բարձրագույն դուռ): Երբեմն օգտագործվել են նաև Օսմանյան դուռ, Փայլուն դուռ ձևերը:
Սելջուկյան կայսրության թուլացումից ու անկումից հետո, 1299 թվականին թուրքական օղուզ ցեղի ցեղապետերից Օսման Ա իրեն անկախ հռչակեց Իկոնիայի (Ռումի) սուլթանությունից և Փոքր Ասիայում հիմնադրեց Օսմանյան սուլթանությունը` իր համար նստավայր դարձնելով Ենիշեհր քաղաքը:
Նոր ստեղծված պետությունը արագ ծավալվեց արդեն թուլացած և իր հոգեվարքն ապրող բյուզանդական կայսրության հաշվին: 1326 թվականին սուլթան Օրհանը Օսմանյան պետության մայրաքաղաք հռչակվեց Բուրսան, որ օսմանցիները հեշտությամբ գրավել էին Բյուզանդիայից, քիչ անց` Նիկիան, ապա` Նիկոմեդիան: Սուլթան Օրհանը օսմանյան պետության սահմանները հասցրեց մինչև Մարմարա ծով և Դարդանելի նեղուցով սահմանակից դարձավ Եվրոպային: Օրհանը կարողացավ նվաճել նաև Անկարան` ներկայիս թուրքական հանրապետության մայրաքաղաքը:
Սակայն օսմանցիները անմիջապես չշարժվեցին Կոստանդնուպոլսի վրա: Նրանց ուժերը դեռևս անբավարար էին: Արևելքում գտնվող քրիստոնեական երբեմնի հզոր այդ պատվարը դեռևս ամուր դաշնակիցներ ուներ` հանձինս Վենետիկի, Ջենովայի հանրապետությունների:
Սակայն դա չխանգառեց թուրքերին, որ շրջանցելով Պոլիսը, հայտնվեն եվրոպական մայրցամաքում:
Արդեն 1362 թվականին Բալկաններում հիմնավորապես հաստատված օսմանյան թուրքերն իրենց մայրաքաղաք հռչակեցին Ադրիանապոլիս քաղաքը: 1393 թվականին գրավելով Բուլղարիայի մայրաքաղաք Տռնովոն` թուրքերն ամբողջացրին Բուլղարիայի նվաճումը:
Մինչ այդ, 1389 թվականին թուրքերը ներխուժել էին Սերբիա, Կոսովայի ճակատամարտում ջախջախել սերբական բանակն ու հաստատվել Բալկաններում: Այդ ժամանակներից սկսվեց Բալկանների մահմեդականացումը, մասնավորապես, դրա արդյունքում հետագայում Եվրոպայում առաջացավ առաջին մահմեդական պետությունը` Ալբանիան:
Եվրոպական միապետները անհանգստացան թուրքերի առաջխաղացմամբ և անգամ Հունգարիայի թագավոր Սիգուզմունդը 1396 թվականին թուրքերի դեմ խաչակրաց արշավանք կազմակերպեց: Սակայն սուլթան Բայազետ Ա Հաղթողը ջախջախեց եվրոպացիների միասնական բանակը: Նա ցանկացավ գրավել նաև Պոլիսը, սակայն անհաջողության մատնվեց: Նույն ժամանակամիջոցում թուրքական պետության գլխին մեծ վտանգ կախվեց` արևմուտք արշավեց Լենկ-Թեմուրը հսկայական բանակով: 1402 թվականին Անկարայի ճակատամարտում Բայազետ Ա ծանր պարտություն կրեց: Բայց դա անհետևանք մնաց Օսմանյան կայսրության համար, քանզի Լենկ-Թեմուրը շուտով մահացավ և նրա հսկայական տերությունը տրոհվեց:
Սուլթան Մեհմեդ Բ Նվաճողը 1453 թվականի մայիսի 29-ին գրավեց Կոստանդնուպոլիսը և վերջ տվեց հոգեվարք ապրող բյուզանդական կայսրությանը: Նա կարողացավ գրավել նաև Տրապիզոնի կայսրությունը, վերջնականապես ստրկացնել Բալկանները: Սրանով Մեհմեդ Նվաճողը չսահմանափակվեց. նա ոչ միայն ծնկի բերեց Ղրիմը, որի խանը թուրքահպատակ դարձավ, այլև թուրքական բանակները ափ հանեց Իտալիայում: Սակայն Իտալիայում թուրքերին ամրապնդվել չհաջողվեց:
Օսմանյան թուրքերը միայն դեպի արևմուտք չէին արշավում: Դեռևս Բայազետ Ա 14-րդ դարի վերջին գրավեց Փոքր Հայքը և Արևմտյան Հայաստանի մեծ մասը: 16-րդ դարի սկզբին թուրքերին հաջողվեց գրավել Կիլիկիան, ապա շարժվել դեպի արևելք, Պարսկաստանի դեմ ծավալված երկարատև արյունահեղ պատերազմների արդյունքում նվաճել Հայկական լեռնաշխարհի կենտրոնական հատվածները:
16-րդ դարի վերջից Օսմանյան կայսրությունն սկսեց թուլանալ: Արևմուտքում նրա առաջխաղացումը փակեց հզորացած Ավստրիական կայսրությունը, արևելքում` Իրանը, հյուսիսում` Ռուսաստանը: Երկրում ծավալ առան ապստամբական շարժումները, արտահայտվեցին բազում ներքին սոցիալ-տնտեսական խնդիրներ:
Այս ամենը բնականաբար, իր արտահայտությունն էր գտնում նաև օսմանյան արքունիքում, որ աշխարհին հայտնի էր իր բարքերի այլասերվածությամբ ու դաժան ավանդույթներով:
Սուլթանները աշխարհիկ և հոգևոր տերեր էին, Մուհամմեդ մարգարեի հաջորդները: Իշխանությունն անսահմանափակ էր: Սուլթանը կոչվում էր նաև Փադիշահ` արքայից արքա, խալիֆ` քանզի համարվում էր նաև Մուհամմեդ մարգարեի հաջորդը և իր ձեռքում էր կենտրոնացած նաև հոգևոր իշխանությունը: Նրա իշխանությունը սուրբ էր և անձեռնամխելի: Պետական գործերի գերագույն տնօրենը Մեծ վեզիրն էր: Գնալով վեզիրների դերակատարությունն ավելի է ընդգծվում, քանզի օսմանյան սուլթանները իրենց նվաճումներից հետո աստիճանավար հեռանալով բանակից` պարփակվեցին պալատում` իրենց տուրք տալով անբարո և զեխ կյանքին:
Շարունակ մտածելով իշխանության ամրապնդման մասին` նրանք օրենքներ էին կիրառում, որ միտված էին միմիայն իրենց անձնական իշխանության պահպանմանը:
Մուհամմեդ Բ սուլթանը շեյխ ուլ-իսլամի համաձայնությամբ օրենք ընդունեց, համաձայն որի` «Իմ փառավորված որդիներից և թոռներից ով գահ բարձրանա, իրավունք ունի սպանելու իր եղբայրներին, որպեսզի ապահովի աշխարհի հանգստությունը»:
Սելիմ Ա Ահեղը գահին տիրացավ` սպանելով իր հորը, եղբայրներին, տասնյակ ազգականներին: Բայց դա չխանգառեց նրան` բազում նվաճումներ կատարել Ասիայում, Աֆրիկայում և Եվրոպայում:
Սուլթանական պալատում հատուկ դերակատարություն ուներ հարեմը` բաղկացած տասնյակ, երբեմն` հարյուրավոր հարճերից:
Հարեմի կայաք հավասար իրավունքներ ունեին, բայց կային հատուկ սիրեցյալներ:
Հարեմի կանանցից միակը որ պաշտոնական դիրք ուներ և եկամուտ` վալիդեն էր, սուլթանի մայրը:
Սուլեյման Մեծը գտնվում էր իր հարճերից ռուս Ռոքսաննայի ազդեցության տակ, որի դավադրությունները արյունալի աղետների պատճառ դարձան:
Մուրադ Երրորդը սիրում էր Սաֆիե վենետիկցի կնոջը, բայց նրա մայրը` Նուր Բանուն, ատում էր նրան: Նրանց միջև պայքարն ազդում էր անգամ պետական գործերի վրա: Մայրը հարճի ազդեցությունը որդու վրայից վերացնելու համար աշխարհի չորս ծայրերից այնքան շատ հարճեր բերեց, որ հարեմը պահելու համար, թողարկվեցին չափից շատ դրամներ: Զինվորականությունն ապստամբեց, իսկ սուլթանը մոր դրդմամդ ընկղմվեց հեշտամոլության մեջ ու ընկնավոր դարձավ:
Հարեմի գեղեցկուհիները գահ բարձրացրին Մուստաֆա Ապուշին: Շեյխ-ուլ իսլամն ստիպված էր հայտարարել, որ նրա ապուշությունը սուրբ լինելու նշան է:
Հեշտամոլությունից առաջացած ուժասպառության պատճառով Իբրահիմ սուլթանը սպանում էր անգամ ամենամտերիմներին, պաշտոնյաներին: Նա սպանել տվեց ծովական Յուսուֆ փաշային, ով նվաճել էր Կրետեն, բայց սուլթանի հաշվարկով բավարար ավար չէր բերել:
Սա դեռ ամենը չէ. ժամանակակից թուրք գրող և պատմաբան Նեդիմ Գյուրսելը իր ուսումնասիրությունների արդյունքում հայտարարեց, որ սուլթաններ Ֆաթիհն ու Սուլեյմանը բիսեքսուալ են եղել…
18-19-րդ դարերում Թուրքիան կորցրեց գրեթե բոլոր եվրոպական տիրույթները. անկախացան Բալկանները, Ղրիմն անվավ Ռուսաստանին, Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում շարունակ ապստամբում էին հայերը: Եվրոպական երկրներն օգտվելով առիթից` միմյանց միջև մրցակցելով, փորձում էին մասնատել Թուրքիան և նրան տնտեսական կախման մեջ գցել: Հատկապես անհաշտ մրցակցություն էր ծավալվել Անգլիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի միջև:
Հետագայում մրցակցությանը միացավ նաև Գերմանիան:
Թուրքական հասարակարգի ճեղքերն ավելի ընդգծվեցին Աբդուլ-Համիդ Բ օրոք. (1876-1909): Նա փորձեց վերականգնել օսմանյան կայսրության ռազմական հզորությունը և ապստամբական շարժումները խեղդել արյան մեջ. սակայն պատմության անիվը շրջել անկարող էր: 1878 թվականին Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերով Թուրքիան դարձյալ մեծ տարածքային կորուստներ կրեց:
1889 թվականին Պոլսում ստեղծված «Միություն և առաջադիմություն» երիտթուրքերի կուսակցությունը 1909 թվականին վերջնականապես տապալեց սուլթանական գահը Թուրքիայում և Թուրքիան հռչակեց հանրապետություն: Սա Օսմանյան կայսրության ավարտն էր:
Հ.Գ. Հայերը Թուրքիայում ոչ միայն մեծ ներդրում ունեն թուրքական պետության տնտեսության հզորացման գործում, այլև մշակույթի բնագավառում: Մասնավորապես, առաջին թատրոնը Թուրքիայում բացել է Հակոբ Վարդովյանը, օպերայի հիմնադիրը համարվում է Տիգրան Չուխաջյանը, առաջին նվագախումբը բացել է Գրիգոր Սինանյանը: Առաջինների մասին այս շարքը կարելի է երկար շարունակել:
Օսմանյան Թուրքիայում շատ հայտնի էր Պալյան ճարտարապետների ընտանիքը, որի ներկայացուցիչների գլուխգործոցները մինչ օրս զարդարում են թուրքական ճարտարապետական մշակույթի կոթողները:
Թուրքական արվեստում առաջին դիմանկարիչները (իսլամն արգելում է մարդու դեմք նկարել) հայազգի Մանասե ընտանիքի անդամներն են:
Թուրքական քանդակագործական արվեստի հիմնադիրն է համարվում Երվանդ Ոսկանը: