Դեղին մարմնի կամ լյուտեինային փուլը դաշտանային ցիկլի երկրորդ փուլն է, սկսվում է ձվազատումից անմիջապես հետո։ Պայթած ֆոլիկուլի տեղում կազմավորվում է դեղին մարմին, որը հղիության համար խիստ կարևոր հորմոն է արտադրում՝ պրոգեստերոն։ Վերջինիս պակասի դեպքում դժվարանում է պտղաձվի իմպլանտացիան արգանդի պատին, հաճախ անհնար է լինում հղիանալ։
Այդ իրավիճակներում սաղմն ստանում է անբավարար քանակությամբ սննդանյութեր և հղիության ընդհտման սպառնալիք է առաջանում։ Այդ ախտաբանությունն էլ հենց կոչվում է դեղին մարմնի անբավարարություն կամ լյուտեինային փուլի խանգարում։ Սովորաբար ցիկլի լյուտեինային փուլը տևում է 12-16 օր։
Տևողությունը հնարավոր է պարզել հիմքային ջերմաստիճանի գրաֆիկին հետևելով կամ ձվազատման թեստեր անելով։ Եթե այն տևում է 10 օր կամ ավելի քիչ, ապա կարելի է կասկածել, որ դեղին մարմնի պակաս կա։ Պետք է նկատի ունենալ, որ հստակ ախտորոշվում է միայն համակողմանի հետազոտությունից հետո։
Կատարվում է պրոգեստերոնի հետազոտություն, էնդոմետրիումի բիոպսիա, ձվազատման շարունակաբար վերահսկում ՈւՁՀ-ի միջոցով։ Արյան մեջ պրոգեստերոնի մակարդակի որոշման հետազոտությունը կատարվում է ձվազատումից մեկ շաբաթ անց։ Եթե դաշտանն սկսվել է ավելի ուշ, քան անալիզի հանձնումից 10 օր հետո, ապա այդ ցիկլի արդյունքները հավաստի չեն համարվի։ Ուստի ցանկալի է անալիզը մի քանի անգամ հանձնել դեղին մարմնի փուլի մեջտեղում։
Էնդոմետրիումի բիոպսիան էնդոմետրիումի մասնիկի հետազոտումն է միկրոսկոպով։ Նմուշը վեցվում է արգանդից, դաշտանից 2-3 օր առաջ։ Այն օգնում է հայտնաբերել էնդոմետրիումի փոխակերպման շեղումները։
Դեղին մարմնի անբավարարության բուժման համար սովորաբար նշանակվում է հորմոնային թերապիա պրոգեստերոնային դեղամիջոցներով, սակայն այդ բավական չէ։ Հարկավոր է պարզել սկզբնապատճառը և վերացնել այն։
Ամենատարածված պատճառները հորմոնային տարատեսկ խանգարումներն են՝ հիպերպրոլակտինեմիա և հիպերանդրոգենիա, ցիկլի առաջին փուլում ֆոլիկուլախթանիչ և լյուտեինիզացնող հորմոնների ցածր մակարդակ, հիպերթիրեոզ և հիպոթիրեոզ։
Հնարավոր այլ պատճառներից են՝ արգանդի հավելումների բորբոքում, դեղին մարմնի ախտաբանական փոփոխություններ, ինչպես նաև սրտի, լյարդի և երիկամների քրոնիական հիվանդություններ։