Վնասակա՞ր են արդյոք փամփերսները փոքրիկների համար
Advertisement 1000 x 90

Վնասակա՞ր են արդյոք փամփերսները փոքրիկների համար

Հազարամյակներ շարունակ մարդիկ ապրել են առանց փամփերսների` բավարարվելով բազմակի օգտագործման տակաշորերով: Մի քանի դար առաջ դրանք պատրաստվում էին քնջութից, վուշից և բրդից: Սկզբում այդ գործվածքները բազմակի օգտագործելու համար չորացնում էին կրակի վրա, հետո սովորեցին օճառով լվանալ, իսկ ավելի ուշ` եռացնելու և արդուկելու միջոցով մանրէազերծել: Նրանց հաջորդեց թանզիվը, որն իր արժանի հատկությունների շնորհիվ (էկոլոգիապես մաքուր, արագ չորացող) սկսեց լայնորեն կիրառվել կենցաղում` նվաճելով օգտագործողների համակրանքը:

Ներկա «տակաշորային» հեղափոխությունը տեղի ունեցավ անցած դարի կեսերին:

«Փրոքթր և Գեմբլ» ընկերության առաջատար քիմիկոս-տեխնոլոգ Վիկտոր Միլզի գլխում հիրավի հանճարեղ գաղափար հղացավ` տակաշորերը պետք չէ լվանալ, պետք է դեն նետել: Ասում են, որ Միլզն առաջին նմուշները մեծ բավականությամբ փորձեց իր թոռների վրա, և ընդհանրապես, նա ամեն ինչ իր ընտանիքի անդամների վրա էր փորձարկում: Տնային հետազոտությունները հաստատեցին գաղափարի հեռանկարայնությունը: Սակայն բնակչությունը ծայր աստիճան բացասական վերաբերմունք ցուցաբերեց փորձարկվող միանվագ օգտագործման տակաշորի հանդեպ, քանի որ նորույթը գործածման էին ներկայացրել ամառվա շոգին: Երեխաների մաշկի գրգռվելու պատճառով ծնողները դադարեցրին փորձարկումը:

Բարեբախտաբար արտադրողները թևաթափ չեղան, և 1959թ. մարտը մարդկության պատմության մեջ նշանավորվեց միանվագ տակաշորերի մասսայական կիրառմամբ: Ստեղծողները հրաժարվեցին կոշտ նյութերից, որոնք քիչ մնաց ձախողեին բարեհաջող սկիզբը: Հետագայում տակաշորերի նյութը դարձրին ավելի փափուկ ու խոնավությունն ավելի լավ ներծծող: Փորձարկմանը մասնակցած ընտանիքների 2/3-ն ընդունեց այն փաստը, որ նոր տակաշորերը բոլորովին էլ վատը չեն բազմակի օգտագործման տակաշորերից, թեև վերջիններիս արդեն ընտելացել էին: Աշխատակիցներից պահանջվեց ևս որոշ ժամանակ, որպեսզի կատարելագործեն արտադրության տեխնոլոգիան: Այդ պահից միանվագ տակաշորերը սկսեցին իրենց հաղթարշավն աշխարհում:

Բազում տարբերակներ քննարկելով` արտադրանքն անվանեցին «pampers», որն անգլերենից թարգմանվում է «երես տալ», «գուրգուրել», «փաղաքշել»: Այդ ժամանակից ի վեր նման ապրանք թողարկող շատ ընկերություններ են հայտնվել, բայց քանի որ փամփերսն առաջինն էր, այդ անունը համընդհանուր տարածում ստացավ:

Արժե նշել, որ ժամանակակից միանվագ տակաշորերի սկզբունքային առանձնահատկությունը ոչ թե հագուստը, անկողինը, գորգերը պահպանելն է, այլ խոնավություն կլանելու և երեխայի մաշկը պաշտպանելու հատկությունը: Այդ տեսանկյունից տակաշորը դիտվում է որպես հիգիենայի միջոց:

doctors.am