Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է խեթական քաղաքակրթությունը:
Խեթերի պատմության ուսումնասիրությունը հետաքրքիր է ոչ միայն համաշխարհային պատմության ուսումնասիրության տեսանկյունից, այլև՝ հայոց պատմության… առհասարակ, շատ ուսումնասիրողներ խեթերին հայեր են համարում, իսկ Խաթթին՝ հնագույն հայկական պետություններից մեկը…
Խեթերի ծագման երկու վարկած կա շրջանառության մեջ: Պատմագետներից ոմանք կարծում են, թե խեթերը Հալիս գետի ավազանում հայտնվել են Թրակիայից, իսկ մյուսները պնդում են, թե նրանք Հայկական լեռնաշխարհի հյուս-արևելելյան հատվածից և Կովկասից են տեղափոխվել արևմուտք:
Համենայնդեպս, խեթերի մարդաբանական տեսակը Արմենոիդ է եղել և նրանք թե՛ մարդաբանական, թե՛ լեզվաբանական առումներով բավական մեծ ընդհանրություններ են ունեցել մեր նախնիների հետ:
Խեթերը բնակվել են Փոքր Ասիա թերակղզու արևելյան հատվածում՝ ներկայիս Անատոլիական բարձրավանդակի տարածքում՝ Հայկական լեռնաշխարհին հարող՝ արևմտյան մասում:
Խեթական պետությունը մ.թ.ա. երկրորդ հազարամյակում տարածաշրջանում դարձավ հզորագույններից մեկը և հաճախ Առաջավոր Ասիայում առաջնության համար պայքար էր մղում Եգիպտոսի, Ասորեստաանի, ինչպես նաև հայկական պետությունների՝ Միտտանիի և Հայասայի հետ:
Խեթերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի լեզու էր: Այն շատ ընդհանրություններ ուներ հայերենի հետ: Հնագիտական պեղումների և հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել են շուրջ 25.000 կավե սալիկներ՝ արձանագրություններով, որ մեզ կարևոր տեղեկություններ են հաղորդում Խաթթիի քաղաքական, սոցիալական, կրոնական հարաբերությունների մասին:
Խեթական առաջին պետությունը հիմնվել է մ.թ.ա. 18-րդ դարում: Հայտնի է պետության հիմնադրի անունը: Դա Կուսսար քաղաք-պետության թագավոր Անիտտան էր, ով միավորել է խեթական քաղաք-պետությունները՝ Փուրուսխանդան, Անկուվան, Խաթթին, Կուսսարը…: Իսկ շատ չանցած՝ Լաբառնան արդեն հռչակվում է Խաթթիի թագավոր և հիմք դնում Հին հարստությանը: Իսկ Մուրսիլիս Ա օրոք Խաթթին հզորացավ: Զորեղ արքան կարողացավ անգամ գրավել Բաբելոնն ու Միջագետքի մի մասը: Խեթական պետության հզորության հիմքում լավ կազմավորված բանակն էր: Բանակի հարվածային ուժը ռազմակառքերն էին:
Ի դեպ, խեթական աղբյուրները վկայում են, որ համաշխարհային ռազմարվեստի պատմության մեջ հենց հայերն են առաջին անգամ ձին օգտագործել ռազմի նպատակներով: Խեթական բանակում կային հատուկ պաշտոնյաներ, ովքեր զբաղվում էին միայն ձիերի վարժեցմամբ: Եվ այդ պաշտոնյաները բոլորը հրավիրված էին Միտտանի հայոց թագավորությունից:
Խեթերը մեր նախնիներից փոխառան նաև երկաթի կիրառությունը ռազմի նպատակներով: Նրանք հենց հայերից սովորեցին երկաթյա սրեր կռել, ինչը նույնպես նպաստեց խեթական բանակի կայացմանն ու հզորացմանը:
Պահպանվել է եգիպտական փարավոնի նամակն ուղղված Խաթթիի արքային, որով փարավոնը խնդրում էր իրեն նվիրել երկաթյա դաշույն:
Ի դեպ, հենց երկաթի համատարած կիրառությունը զարկ տվեց խեթական պետության հզորացմանը: Այդ ժամանակաշրջանում երկաթը թանկ էր արծաթից 40 անգամ, իսկ ոսկուց՝ 8 անգամ:
Խեթական պետության ամենազորեղ շրջանը մ.թ.ա. 14-րդ դարն էր, Մուրսիլիս Բ կառավարման տարիները, երբ Խաթթիի արևմտյան սահմանները հասնում էին Էգեյան ծովին, իսկ հարավում պետությունն իր սահմանների մեջ էր ընդգրկում Ասորիքը, արևելքում՝ Հայկական լեռնաշխարհի արևմտյան հատվածները: Այս ժամանակահատվածում խեթերը Ասորիքում առաջնության համար պայքարում էին Եգիպտոսի թագավորության, իսկ Արևելքում՝ հայոց պետությունների դեմ:
Ի վերջո՝ խեթական Խաթթուսիսլիս արքան և եգիպտական Ռամզես Բ փարավոնը կնքեցին հաշտության պայմանագիր: Այն ուղղված էր հատկապես Միտտանիի հայոց թագավորության դեմ: Եվ Խաթթին ու Եգիպտոսը միասնական ջանքերով կարողացան կործանել Միտտանին:
Խեթական պետության առաջխաղացումը կանգնեցրին հայերը: Ճիշտ է, խեթերը ժամանակին բախվել էին Միտտանի հայոց պետության հետ և կործանել այն: Ապա նրանք պատերազմեցին խուռիների դեմ, սակայն անարդյունք: Շուտով Միտտանի պետությանը փոխարինելու եկավ Հայասա-Ազզի պետությունը, որ կանգնեցրեց խեթերի առաջխաղացումն արևելքում:
Մ.թ.ա. 14-րդ դարում Հայասայի դեմ ավարառուական , նվաճողական արշավանք ձեռնարկեց Թուդխալիա Գ արքան: Նա մասնակի հաջողություն ունեցավ: Սակայն քիչ անց Հայասայի արքա Աննիասը ինքը նախահարձակ եղավ Խաթթիի դեմ և մեծ վնաս հասցրեց խեթական թագավորությանը: Հայ-խեթական արյունահեղ պատերազմներն ավարտվեցին խեթական արքա Սուպիլուլիումա I-ի և Հայասայի թագավոր Հուկկաննայի միջև կնքված հաշտությամբ:
Խաթթիի մայրաքաղաքը Խաթթուսան էր, ներկյիս Թուրքիայի տարածքում գտնվող Բողազքյոյ հնավայրը՝ մայրաքաղաք Անկարայից 150 կիլոմետր հեռավորության վրա:
Խեթական պետությունը համեմատաբար կարճ կյանք ունեցավ՝ շուրջ կես հազարամյակ, սակայն նա հսկայական հետք է թողել Հին աշխարհի պատմության վրա:
Խաթիի վերջին արքան Սուպիլուլիումաս Բ էր, ով կառավարեց մ.թ.ա. 13-րդ դարի վերջին: Նրա մահից հետո Խաթթին դադարեց գոյություն ունենալ: Իսկ դա կոնկրետ որ թվականին էր՝ պատմագիտությանն անհայտ է:
Շատ ուսումնասիրողներ նույնացնում են Բիբլիայում հիշատակվող քաթերին խեթերի հետ: Ոմանք՝ հերքում են դա: Սա էլ պատմագիտության խրթին հարցերից է:
Պատմագիտությունը գրեթե ամբողջապես վերականգնել է Խաթթիի գահակալների ցանկը: Մասնավորապես, արձանագրություններում հիշտաակվող գահակալներ են. Լաբառնա (Տաբառնայի) (մինչև մ.թ.ա. 1650), Խաթթուսիսլիս Ա (մ.թ.ա. 1650 – 1620), Մուրսիլիս Ա (մ.թ.ա. 1620 – 1590), Խանթիլիս Ա (մ.թ.ա. 1590 – 1560), Ցիդանտաս Ա, Ամմունաս (մ.թ.ա. 1560-1525), Խուցցիյաս Ա, Տելեպինուս (մ.թ.ա. 1525- 1500), Ալլուվամնաս, Տախուրվաիլիս, Խանթիլիս Բ, Ցիդանտաս Բ, Խուցցիյաս Բ, Մուվատալի Ա, Թուդխալիա Ա, Թուդխալիա Բ, Առնուվանդաս Ա, Խաթթուսիսլիս Բ (մ.թ.ա. 1400- 1350), Թուդխալիա Գ, Սուպպիլուլիումաս Ա (մ.թ.ա. 1350 -1322) Առնուվանդաս Բ (մ.թ.ա. 1322-1321), Մուրսիլիս Բ (մ.թ.ա. 1321-1295), Մուվատալի Բ (մ.թ.ա. 1295-1272), Ուրհի-Թեշուբ (մ.թ.ա. 1272-1267) Խաթթուսիսլիս Գ (մ.թ.ա. 1267-1237), Թուդխալիա Դ (մ.թ.ա. 1237-1228), Կուրունտա (մ.թ.ա. 1228-1227), Թուդխալիա Ե (մ.թ.ա. 1227-1209), Առնուվանդաս Գ (1209-1207), Սուպպիլուլիումաս Բ (մ.թ.ա. 1207-):
Հարուստ էր խեթական դիցարանը: Կային թե՛ աստվածներ, թե՛ աստվածուհիներ: Հատկապես հզոր էին դիցարանի գլխավոր՝ ամպրոպի Թեշիբու աստծու պաշտամունքը, որ պատկերված էր՝ ձեռքին կայծակ և կացին, Մայր դիցուհու՝ Մա-ի պաշտամունքը, ինչպես նաև՝ սիրո և գեղեցկության, միաժամանակ՝ ռազմի աստվածուհու պաշտամունքը:
Խեթական տաճարները մեծ էին, կառուցված բարձր պատվանդանի վրա, ինչպես հայոց հեթանոսական տաճարները:
Խեթերն իրենց աստվածներին զոհեր էին մատուցում: Զոհաբերում էին գրեթե բոլոր կենդանիներին, բացի խոզից, որի միսը չէին օգտագործում սննդի մեջ՝ համարելով պիղծ:
Խեթերի մոտ տարածված էր նաև մարդկային, հատկապես՝ մանուկների զոհաբերությունները:
հետ մեկտեղ՝ խեթական հասարակությունը բացարձակապես բևեռացած չէր: Չկար սոցիալական խոշոր բևեռացում, անհարթություն: Կանայք հասարակական բարձր դիրք էին գրավում: Ազնվականանության և հասարակ մարդկանց միջև չկար սոցիալական մեծ շերտավորում:
Ի դեպ. Խաթթիում մահապատիժներ չեն եղել: Ամենածանր պատիժը սահմանվել է դրամական տուգանքների, հարկադիր աշխատանքի և ծեծի միջոցով:
Խաթթիում կային այսպես կոչված Սրբազան քաղաքներ: Սա փոքրիկ կրոնապետություն էր հիշեցնում: Քաղաքի կենտրոնական բարձրադիր մասում տաճարն էր: Քաղաքի առաջնորդը քուրմն էր՝ անսահմանափակ իշխանությամբ: Այս Սրբազան քաղաքներն ու տաճարները միաժամանակ ապաստարաններ էին: Եթե հանցապարտը կարողանար հասնել նման մի քաղաք, ապաստան կստանար և կմնար անպատիժ, բնականաբար, քավելով իր մեղքը հանրային աշխատանքով:
Խեթական պետությունն իրենից ներկայացնում էր յուրատեսակ կոնֆեդերացիա: Պետության մաս կազմող առանձին նահանգներ ունեին ներքին լայն ինքնավարություն: Կենտրոնի հետ կապված էին զինական և հարկային պարտավորություններով: Տեղերում մեծ էր ավագների խորհրդի դերակատարությունը:
Խաթթիում տարածված էր մերձամուսնությունը: Սրբազան ամուսնություն էր կոչվում արքայի զավակների՝ որդու և դստեր ամուսնությունը, որոնց զավակը գահի ժառանգ էր հռչակվում:
Մ.թ.ա. 12-րդ դարի սկզբին խեթական թագավորությունը կործանվեց փռյուգիական ցեղերի և հայերի հարվածներից: Իսկ խեթերը աստիճանաբար ձուլվեցին տեղի հնագույն ժողովուրդներին՝ հայերին, արաբներին և հույներին: