Մենք անկողնում ենք անցկացնում կյանքի մեկ երրորդը, և այն կարող է արագորեն վերածվել «բուսաբանական այգու»՝ լի մանրէներով և սնկերով: Այս մասին Business Insider-ին տված հարցազրույցում հայտարարել է Նյու Յորքի համալսարանից միկրոկենսաբան Ֆիլիպ Տյերնոն:
Մարդկային օրգանիզմը մեկ տարվա ընթացքում շուրջ հարյուր լիտր քրտինք է արտադրում: Անկողնում ստեղծվող տաք և խոնավ միջավայրը կատարյալ է սնկերի բազմացման համար: Վերջերս անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ փետուրե և սինթետիկ բարձերում կարող է մինչև 16 տեսակի սունկ բազմանալ:
Բացի մեզ հարազատ «միկրո-կյանքից»՝ սնկերից և բակտերիաներից, որոնց աղբյուրներն են մեր սեփական քրտինքը, թուքը, մաշկի մեռած բջիջները, հեշտոցի և հետանցքի արտադրությունը, մենք անկողինը կիսում ենք նաև օտարածին մանրէների հետ, որոնք այնտեղ հայտնվում են ընտանի կենդանիների մորթուց, բույսերի ծաղկափոշուց, փոշուց և այլնից:
Այս ամենը կուտակվում է շաբաթվա ընթացքում: Եթե չփոխեք անկողնային սպիտակեղենը, կարող է ալերգիկ մրսածություն և հազ սկսվել, քանի որ մարդը փաստացի շնչում է այն ամեն մանրէներով, որոնք կան անկողնում: Եթե նույնիսկ ալերգիա չունեք, միևնույն է, Տյերնոյի խոսքով, օրգանիզմը կսկսի արձագանքել շնչուղիներում հայտնված օտարածին մանրէներին: Իսկ եթե արդեն ալերգիա կամ ասթմա ունեք, ձեր վիճակը կվատթարանա: