Տնային փոշին ճարպակալման հավանականությունը մեծացնում է ճարպային բջիջների աճի արագացման հաշվին: Դուք որքան հաճախ եք տանը մաքրություն անում, այնքան ճարպակալման հավանականությունը փոքր է: Նման կարծիք են հայտնել Դյուկի համալսարանի գիտնականները:
Նրանց խոսքով` փոշու բաղադրության մեջ կարող են պարունակվել մանրագույն քիմիական նյութեր, որոնք շնչելիս ընկնում են մարդու օրգանիզմի մեջ կամ ներծծվում մաշկի միջոցով: Այս նյութերը ճարպային բջիջներին ստիպում են կուտակել մեծ քանակությամբ տրիգլիցերիդներ, ինչը մեծացնում է բջիջների չափը և ստիպում կիսվել: Այս հետազոտության արդյունքները անսպասելի են եղել նաև իրենց` գիտնականների համար, քանի որ մշտապես ընդունված էր կարծել, որ ճարպակալման հիմնական պատճառներն են սխալ սնվելը և ֆիզիկական ծանրաբեռնվածության պակասը: Այժմ վտանգի այս գործոնների է ավելացել նաև բնակարանների փոշին:
Խոսքը սինթետիկ կամ բնության մեջ բնական կերպով հանդիպող բաղադրիչների մասին է, որոնք ազդում են էնդոկրին համակարգի վրա և խախտում նրա գործունեությունը (Endocrine-disrupting chemicals (EDC)): Հայտնվելով մարդու օրգանիզմում` դրանք փոխազդեցության մեջ են մտնում հորմոնների հետ կամ կրկնում են նրանց աշխատանքը: Այս բաղադրիչների կարգի մեջ են մտնում հրակայուն նյութերը, ֆտալատները և բիսֆենոլ А-ն: Գիտությունն արդեն ապացուցել է, որ EDC-ն վերարտադրողական համակարգի, նյարդաբանական և իմունային ֆունկցիաների վրա բացասական ազդեցությամբ է օժտված:
Կենդանիների վրա կատարված հետազոտությունը հիմա թույլ է տվել ենթադրել, որ համանման որոշ նյութերի հետ շփվելը կարող է քաշի ավելացում առաջացնել: Մի քանի արտադրողներ իրենց մթերքներում արդեն կրճատում են EDC-ի օգտագործումը, սակայն շատերի մոտ այն դեռևս բավականին լայնորեն կիրառվում է: Ամերիկացի փորձագետները վերջերս հաշվել են, որ միջինվիճակագրական երեխայի օրգանիզմում ամեն օր շնչելու և մաշկի միջոցով 50 մգ տնային փոշի է հայտնվում: