Ամարաս
Advertisement 1000 x 90

Ամարաս

Ներկայացնում ենք պատմաբան Վահե Անթանեսյանի տեսակետը, որը նա շարադրել է իր միկրոբլոգում, հռչակավոր Ամարասի մասին:

Ամարասի վանական համալիրը գտնվում է Արցախի հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի մոտ:

Ամարասի վանքը պատմական Արցախի Մյուս Հաբանդ գավառի կազմում է գտնվում և Արցախի վաղ միջնադարյան պատմության մեջ կարևորագույն դերակատարություն է ունեցել:

Ամարասի վանքի տեղում ժամանակին հեթանոսական տաճար է եղել, որի փլատակների վրա 301 թվականից հետո հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորիչը կառուցեց Ամարասի վանքը: Այն շուտով դարձավ ուխտավորների համար սրբատեղի նաև այն պատճառով, որ այստեղ ամփոփվեց Հայ առաքելական եկեղեցու առաջին նահատակներից մեկի՝ Մանուկ Գրիգորիսի աճյունը: Մանուկ Գրիգորիսը Գրիգոր Լուսավորչի թոռն էր, ում պապը եպիսկոպոս ձեռնադրեց դեռ պատանի հասակում և ուղարկեց Հյուսիսային Կովկաս՝ Մազքութաց երկիրը, որ քրիստոնեություն քարոզի: Մազքութները Գրիգորիսին տանջեցին, կապեցին կատաղած ձիու պոչից և նահատակեցին: Գրիգորիսի մարմինը բերեցին և ամփոփեցին Ամարասի վանքում:

405 թվականին, Մեսրոպ Մաշտոցի ջանքերով Հայաստանում վերականգնվեց հին գրային համակարգը: Մեսրոպ Մաշտոցը հայոց Վռամշապուհ Արշակունի արքայի աջակցությամբ դպրոցներ բացեց Հայաստանի տարբեր վայրերում: Եվ Ամարասում Մեսրոպ Մաշտոցը բացեց առաջին դպրոցներից մեկը, որից հետո վանական համալիրը դարձավ նաև կրթության և գրչության կենտրոն:

Ամարասի վանական համալիրը բարգավաճեց հատկապես 5-րդ դարում: Արցախի կամ Հայոց Աղվանքի թագավոր Վաչագան Բարեպաշտը այստեղ Գրիգորիսի գերեզմանի վրա մատուռ կառուցեց, ավարտին հասցնելով նաև եկեղեցու կառուցման աշխատանքները: Վաչագան Բարեպաշտի հրամանով Ամարասը դարձավ Արցախի հոգևոր կենտրոնը:

Վաչագան Բարեպաշտ թագավորը հայտնի է ոչ միայն իր իմաստությամբ և քաջությամբ: Նա նաև լավ վարչարար էր և օրենսգետ: Վաչագան Բարեպաշտ արքան գրեց իր Կանոնագիրքը, որը փաստորեն իր պետության սահմանադրությունն էր: Սա համաշխարհային պատմության մեջ առաջին սահմանադրությունն է:

Ամարասի վանական համալիրը շատ հարուստ է եղել: Պահպանվել է պատմական վկայություն, որի համաձայն՝ մոնղոլ-թաթարների Բաթու խանը կողոպտում է Ամարասի վանքը և ի թիվս այլ գանձերի՝ այնտեղից որպես ավար տիրանում է 36 ակներով ընդելուզված ոսկեձույլ մի մեծ ու ճոխ խաչի:

Ամարասի վանքը նաև պարսպապատված է, ինչը միջնադարում նպաստեց, որ վանական համալիրը արցախցի զինվորականների ու բնակիչների համար ծառայի նաև որպես ամրոց, երբ նրանք պայքար էին մղում օտար զավթիչների դեմ:

Այդ պատճառով Ամարասի վանքը բազմիցս ենթարկվել է ավերածության թուրք-սելջուկների և թաթար-մոնղոլների կողմից, սակայն միշտ էլ արագորեն վերականգնվել ու շենացել է։ Այս հիմքի վրա ստեղծվել է նույնիսկ ժողովրդական մի հայտնի ավանդություն, ըստ որի հերթական բռնավորը հիմնահատակ կործանում էր գյուղաքաղաքը և, որպեսզի վանքն այլևս չվերականգնվի, իր զորքը շարքով կանգնեցնում էր մինչև Երասխի ափը` զինվորները վանքի քարերն իրար տալով` թափում էին գետը։ Սակայն ամեն անգամ, երբ ասպատակիչները հեռանում էին գավառի սահմաններից, վանքը իր նախկին շուքով վերստին կանգնում էր ավանդական տեղում։

9-րդ դարում այստեղ է գործել հայոց հզոր իշխան Եսայի Աբու Մուսեն՝ Առանշահիկների տոհմից, երբ իր 10 հազարանոց զորքով երկու ամիս շարունակ դիմադրեց արաբ զորավար Բուղայի 200 հազարանոց բանակին: Արաբները չկարողացան ընկճել հայոց իշխանին, այլ միայն խաբեությամբ կալանավորեցին նրան:

Վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սուրբ Գրիգորիս եռանավ բազիլիկն է, որի ավագ խորանի տակ էլ Սուրբ Գրիգորիսի մատուռ-դամբարանն է: Այն զարդարված է բուսական և երկրաչափական պատկերներով:

19-րդ դարում, ռուսական տիրապետության ժամանակաշրջանում, ռուսական կառավարությունը Ամարասի վանքը ծառայեցրեց որպես քարավանատուն և մաքսատուն:



Նման նյութեր