Հայկականը փնտրելու, գտնելու, հայրենապաշտությունը հիմնավորելու սկզբունքով է պատմաբան Վահե Անթանեսյանը կազմակերպում հրապարակումներն իր միկրոբլոգում: Այս անգամ՝ հետաքրքիր անդրադարձով՝ Թաջ Մահալից:
Հայ ճարտարապետական միտքը շատ գանձեր է արարել: Առհասարակ, շատ անվանի մասնագետներ գոթական ճարտարապետությանը հիմքերը որոնում են Հայաստանում: Տեղին է հիշել Կոստանդին Վեսելովսկու խոսքը. «Տասներորդ դարից սկսած աշխարհով մեկ ճչում է անիական ոճը: Այսօր ավերակների մեջից է լսվում այդ ճիչը…»:
Սակայն հայ ճարտարապետական միտքը փայլել է ոչ միայն արևմուտքում: Արևելյան երկրներում էլ հայերը արարել են արժեքներ, որ մինչ օրս մարդկության մշակութային գանձերի թվին են դասվում:
Նրանց թվին է պատկանում Թաջ Մահալը, որ գտնվում է Հնդկաստանի Ագրա քաղաքում: Ճիշտ է, այն իր ոճով ու ոգով ավել շատ իրանական ճարտարապետության դպրոցին է պատկանում և անգամ թևավոր խոսք կա, թե` «Թաջ Մահալն Իրանի ոգին է` կերտված Հնդկաստանի սրտում», սակայն նրա կառուցման տխուր ու գեղեցիկ պատմության հիմքում հայն է` ավելի ճիշտ` չքնաղ մի հայուհի` Հեղինե անունով, ով Հնդկաստանում հաստատված հայ ազնվական Ասաֆ խանի դուստրն էր և ծնվել է 1597 թվականին: Հեղինեն գեղեցկուհի իշխանադստեր հայկական անունն էր, նրան կոչում էին նաև Արջոմանդ Բանո Բեգում: 1614 թվականին նա ամուսնանում է Մողոլների թագաժառանգ Խորամի խանի` ապագա Շահ Ջահանի հետ:
Թաջ Մահալ նշանակում է արքունիքի թագ: Իսկապես այն թագ է` իր անկրկնելի գեղեցկությամբ ու հմայքով:
Ավանդույթը պատմում է, որ դամբարանի կառուցող ճարտարապետին պատվիրատուն` Շահ Ջահանը կանչում է և առատ վարձատրելով, կտրում է նրա ձեռքը, որպեսզի նա այլևս ոչ ոքի համար նման հրաշք չարարի:
Թաջ Մահալը ոչ միայն գեղեցիկ է իր ճարտարապետությամբ, ուրույն ոճով ու եզակիությամբ: Նրա կառուցման ակունքներում հուզիչ պատմություն է թաքնված:
Այն իրենից ներկայացնում է հայուհու դամբարան: Թաջ Մահալը կառուցել է Հնդկաստանում իշխող Մեծ Մողոլների արքայատան տիրակալ Շահ Ջահանը իր սիրելի կնոջ` հայուհի Մումթազ Մահալի հիշատակին: Մումթազ Մահալ շահն անձանբ է անվանակոչել կնոջը, ինչը նշանակում է Արքունիքի զարդ: Մումթազ Մահալը ոչ միայն շահի սիրելին էր, այլև խորհրդատուն: Աչքի էր ընկնում խելքով ու նուրբ դիվանագիտությամբ և ամուսնուն ամենուր ուղեկցում էր` անգամ պատերազմական արշավանքների ժամանակ:
Մումթազ Մահալը Շահ Ջահանի առաջին տիկինն էր և թագուհին: Նա Շահ Ջահանի բազում կանանցից մեկը լինելով` նաև ամենասիրելին էր և համատեղ ամուսնության 14 տարիների ընթացքում ամուսնուն պարգևել է ութ որդի և վեց դուստր: Նա աչքի է ընկել իր նվիրվածությամբ, հավատարմությամբ, խելքով:
Վերջին զավակի լույս աշխարհ գալու ժամանակ մահանում է Մումթազ Մահալը: Շահն այդ ժամանակ արշավանքի մեջ էր և նրան ուղեկցող կինը ծննդաբերեց Բուրհան Նուրե բնակավայրում` վրանում` դաշտային պայմաններում, ինչն էլ հանդիսացավ Մումթազ Մահալի մահվան պատճառը: Նա մահից առաջ խնդրում է ամուսնուն իր շիրիմին գեղեցիկ դամբարան կառուցել, որ արժանի լինի իրենց սիրուն և… այլևս չամուսնանալ: Նույն գիշերն իսկ վշտից սպիտակում են Շահ Ջահանի մազերը: Նա տեղում հողին է հանձնում կնոջ մարմինը, սակայն շատ չանցած տեղափոխում է մայրաքաղաք` ի կատար ածելու նրա վերջին կամքը:
Այնքան մեծ էր Շահ Ջահանի վիշտը, որ նա կնոջ մահվան կապակցությամբ երկրում երկու տարով սուգ է հայտարարում: Ամբողջ երկու տարի Շահ Ջահանի ընդարձակ կայսրության մեջ արգելված էին ուրախությունը, երգ ու պարը:
Ապա Շահ Ջահանը ձեռնամուխ է լինում իր մայրաքաղաք Ագրայում Թաջ Մահալի շինարարությանը, որ տևում է ամբողջ քսաներկու տարի` 1632-1653 թվականներին:
Շինարարությանը մասնակցում է ավելի քան քսան հազար մարդ` այդ թվում աշխարհի տարբեր ծայրերից հրավիրված լավագույն ճարտարապետներ: Իսկ այդ ճարտարապետների մեջ առանձնանում էր մեկը` հայազգի Գրիգորը, որ կոչվում էր Մեծ Վարպետ-կառուցող, իսկ շինարարության ղեկավարի անունը որոշ աղբյուրների փոխանցմամբ Ուստա Իսայի էր կամ` Ուստա Իսսին:
Շինարարության համար անհրաժեշտ սպիտակ մարմարը բերվում էր Ջայկոտի քարհանքերից, իսկ անհրաժեշտ գունավոր քարերը` Չինաստանից, Տիբեթից և Հեջաբից:
Հետագայում Գրիգորը Թաջ Մահալից զատ այլ նշանավոր կառույցեր ևս ստեղծեց Շահ Ջահանի համար:
Թաջ Մահալը ժամանակին աշխարհի բարձրագույն շինություններից է եղել. նրա բարձրությունը հասնում է 74 մետրի. 42 մետր բարձրություն ունեն չորս մինարեները: Բուն դամբարանի մարմարե գույնը ընդգծելու համար շրջակա շինությունները կառուցված են վարդագույն քարից:
Դամբարանը կառուցված է սպիտակ մամարով, որ ավելի վեհ ու հիասքանչ տեսք է հաղորդում կառույցին:
Դամբարանի պատերն ամբողջովին զարդարված են նկարներով, Ղուրանի սուրաթներով:
Դամբարանի կառուցումը հսկայական միջոցներ տարավ պետական գանձարանից: Բացի դրանից` շահն ամեն տարի մեծ միջոցներ էր ծախսում` հանգուցյալ կնոջ պատվին համաժողովրդական տոնախմբություններ կազմակերպելու համար:
Շահ Ջահանը նպատակ ուներ Թաջ Մահալի դիմաց` Յամունա գետի ձախ ափին իր համար էլ դամբարան կառուցել` սև մարմարից: Սակայն նրա ծրագիրը կյանքի չկոչվեց: Շահ Ջահանի անհաշիվ ծախսերից դժգոհ էր պետության ավագանին և արքունիքը: Ի վերջո` նրանց աջակցությամբ արքայի որդին` Ջհանգիրը պետական հեղաշրջում է կազմակերպում, հոր փոխարեն գահ է բարձրանում ու բանտարկում երբեմնի զորեղ տիրակալին: Երկար տարիներ երբեմնի տիրակալը իր բանտախցից ամեն օր արցունքն աչքերին նայում էր իր իսկ կառուցած հրաշքին` իր և Մումթազ Մահալի անմար սիրո խորհրդանիշին: Մինչև այն պահը, երբ նա ևս ավանդում է իր տառապալից հոգին ու թաղվում կնոջ կողքին` իր իսկ կառուցած դամբարանում:
Այսօր Թաջ Մահալը աշխարհի տարբեր ծայրերից սիրահարների ուխտագնացության վայր է համարվում: