Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում շարունակում է ներկայացնել հայոց արքայական տոհմերի պատմությունը:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմին ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մթա 216 թվականին, երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մթա 53 թվականին, երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերին, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով:
Արտաշեսյան հզոր թագավորության անկումից հետո Հայաստանում թագավորական իշխանությունն ու պետականությունը չվերացավ: Հայաստանը նվաճած Հռոմը վախեցավ հայության դիմադրությունից և Մեծ Հայքը չկցեց Հռոմին` դարձնելով նրա պրովինցիաներից մեկը, այլ Հայաստանում նշանակում էր թագավորներ և կառավարում երկիրը նրանց միջոցով: Այսպիսով, Հայաստանը գոնե ներքին խնդիրներում պահպանեց իր ինքնիշխանությունը, սակայն որպես այդպիսին` նա դարձավ Հռոմին ենթակա պետություն, ում գահին բազմում էին օտարները:
Այս վիճակը բնականաբար, ձեռնտու չէր հայոց ռազմական ավագանուն: Դեռևս հայության մեջ թարմ էին տիգրանյան կայսրության հիշողությունները և Հայաստանն իր հսկայական պոտենցիալով պիտի ձգտեր պետական անկախության` չհանդուրժելով Հռոմին ենթակա երկրի կարգավիճակին:
Հայաստանի նկատմամբ իր նկրտումներն ուներ նաև հզորացող պարթևաց թագավորությունը, որի գահակալները լավ հասկանալով Հայաստանում հակահռոմեական տրամադրությունները` ձգտում էին Հայաստանը ներքաշել իրենց քաղաքական ոլորտը:
Դրան դեմ չէր նաև հայությունը: Նախ, Հռոմի տիրապետությունը զզվելի էրև հայոց ավագանին դա հանդուրժել չէր կարող, ապա և պակաս դեր չուներ հայ-պարթևական ազգակցական կապերն ու էթնիկ-մշակութային, կրոնական ընդհանրությունները:
Եվ առաջին դարի կեսերին արդեն ներքուստ ուրվագծվում է հայ-պարթևական դաշինքի տեսլականը:
Պարթև Արշակունիների թագավորությունը, որ թուլացել էր Տիգրան Բ Մեծ արքայի հարվածներից, աստիճանաբար ուշքի է գալիս: Եվ ահա Վոնոն Բ արքայի օրոք արդեն պարթևները դարձյալ տարածաշրջանում սպառնալից ուժ են դառնում Հռոմի համար:
Երբ մահանում է Վոնոն Բ արքան, նրա երկու կրտսեր զավակները գահակալ ու թագավոր են ճանաչում Վաղարշ Ա-ին` (52-80) իրենց ավագ եղբորը, ուխտելով ողջ կյանքում հավատարմորեն ծառայել նրան: Իր հերթին Վաղարշ Ա ուխտում է որ իր եղբայրները ամենը կգահակալեն տարբեր երկրներում:
Հայոց ավագանին իր հերթին իր անկախության ձգտումները կապում է Պարթևների թագավորության հզորության հետ: Եվ ահա հայ իշխանները դիմում են պարթևաց արքա Վաղարշ Ա, խնդրելով աջակցել Հայաստանին հակահռոմեական պատերազմում և իր եղբայր Տրդատին բազմեցնել հայոց գահին:
54 թվականին Հայաստանն ապստամբում է Հռոմից, հայտարարում իր անկախության մասին և Տրդատ Արշակունին պարթևական բանակով մտնում է Հայաստան և հայ ավագանու կողմից հռչակվում որպես Հայոց թագավոր Տրդատ Ա Արշակունի (54-88)` այսպիսով Հայաստանում հիմք դնելով Արշակունիների թագավորությանը (54-428):
58 թվականին միայն Հռոմը կարողացան լրջորեն անդրադառնալ Հայաստանին և հռոմեական զորքերը Գնեոս Դոմետիոս Կորբուլոնի գլխավորությամբ մտան Հայաստան` վերականգնելու իրերի նախկին վիճակը: Նրանք կարողացան ընկճել հայոց զորքերին: Պարթևաց արքան զբաղված լինելով պատերազմով արևելքում` վրկանանց երկրում, չկարողացավ ժամանակին օգնության փութալ: Հայկական բանակը նահանջեց Ատրպատական: Հռոմեացիները գրավեցին մայրաքաղաք Արտաշատն ու ավերեցին այն: Իր բարբարոս վարմունքը Կորբուլոնը բացատրում է նրանով, որ զորքերի սակավության պատճառով չի կարող կայազոր թողնել այնտեղ: Իրականում Արտաշատը` Հայոց Կարթագենը, հռոմեացիներն ավերեցին, որպեսզի հայերն այն չդարձնեին հզոր պատվար հակահռոմեական պայքարում:
Հռոմը գահազուրկ հայտարարեց Տրդատ Ա և հայոց գահին բազմեցրեց ազգությամբ հրեա Տիգրան Զ, ով մայրական կողմից հեռավոր ազգակցական կապ ուներ հայ Արտաշեսյանների հետ: Տրդատ Զ մայրաքաղաք հռչակեց ու հաստատվեց Տիգրանակերտում:
Վաղարշ Ա շտապ հաշտություն կնքեց վրկանանց երկրի հետ ու զորքով շտապեց Հայաստան` աջակցելու եղբորը` հայոց թագավոր Տրդատին` մեծ ուժեր կենտրոնացնելով հայոց Միջագետքում: Հայ-պարթևական ուժերը գրավեցին Տիգրանակերտը: Տիգրան Զ արքան հռոմեական զորքերով փախուստի դիմեց:
Ստիպված լինելով հաշտվել եղելության հետ` Կորբուլոնը ճանաչեց Տրդատի իրավունքները հայոց գահի վրա և Մծբինում զինադադար ստորագրեց Տրդատի հետ: Սակայն Կորբուլոնի վարմունքը դժգոհություն է առաջացնում Հռոմի արքունիքում: Ներոն կայսրը (54-68) նրան շնորհազրկում է և շուտով` 62 թվականին Հայաստան է ուղարկում մեծ զորաբանակ Կապադովկիայի կուսակալ Կեսենիոս Պետոսի հրամանատարությամբ:
Սակայն Պետոսին և հռոմեական բանակին անփառունակ վախճան էր սպասվում: Պետոսը գոռոզ ու ինքնահավան զորավար էր: Մի քանի սահմանային ամրություններ գրավելով` նա զեկուցագրեր ուղարկեց Հռոմ, թե Հայաստանը նվաճված է: Նրա ամբարտավանությունը հասավ այնտեղ, որ նա անգամ հարկ չհամարեց պահապապետեր ու ժամապահներ կարգել հռոմեական զորքի կայանատեղի-ճամբարում: Օգտվելով առիթից` 62 թվականի գարնանը հայոց բանակը Վասակ սպարապետի ու Տրդատ արքայի հրամանատարությամբ Ծոփքում` Արածանու ափին գտնվող Եռանդի (Հռանդեա) դաշտում շրջափակման է ենթարկում հռոմեական բանակը:
Հռոմն իր պատմության ընթացքում երեք անգամ է մեծ պարտություն տեսել: Պարտություններ, որոնք նվաստացրել են Հռոմին ու նրա հեղինակությունը նսեմացրել: Առաջինը մթա 216 թվականին, երբ Կարթագենի զորավար Հաննիբալը Կաննի ճակատամարտում ջախջախեց մեծաթիվ հռոմեական զորքը: Ապա մթա 53 թվականին, երբ հայ-պարթևական բանակը Խառանի ճակատամարտում ջարդեց հռոմեական զորքերին, իսկական սպանդ սարքեց ու հարուստ ռազմավար ձեռք բերեց: Հռոմի Երրորդ խայտառակությունը Եռանդում էր: Հայոց բանակը շրջապատված ու գերված ոսոխին ուղղակի նվաստացրեց` ստիպելով հռոմեացի լեգեոնականներին ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստած լծի տակով:
Այս խայտառակությունից հետո Հռոմեական զորքերը զինաթափված փախուստի դիմեցին Գամիրք:
Կարգալույծ արված Պետոսի փոխարեն Արևելքի գործերն իր ձեռքը վերցրեց դարձյալ Կորբուլոնը ով ճիշտ գնահատելով իրերի բնույթը, շտապեց հաշտություն կնքել Տրդատ Ա հետ, ճանաչել նրա թագավորությունը Հայաստանում, սակայն հաշտության պայմանագրի վավերացումը թողնելով ապագայում, քանզի Տրդատ Ա համաձայնություն տվեց այցելել Հռոմ ու հայոց թագն ստանալ անձամբ Ներոն կայսրից:
64 թվականին Տրդատ Ա երեք հազար հեծյալից բաղկացած մեծ շքախմբով մեկնում է Հռոմ: Հռոմեացի պատմիչները նշում են, որ երբեք ոչ մի գահակալ նման փառահեղ ընդունելության չի արժանացել Հռոմում: Սովորաբար օտար գահակալները Հռոմ են ժամանել հռոմեացի զորավարների գերյալներ որպես, որպես հպատակներ ու հարկատուներ… Իսկ Տրդատին Ներոնը անձամբ դիմավորեց Հռոմից շատ հեռու` Նեապոլիսում: Տրդատը Հռոմ մտավ հաղթահանդեսով, որպես հաղթող ով իր սրով կերտեց Հայաստանի անկախության իրավունքն ու գոռոզ Հռոմին ստիպեց հաշտվել իրողության հետ:
Ներոնը Տրդատի պատվին տոնահանդեսներ և գլադիատորական խաղեր կազմակերպեց Հռոմում: Տրդատ Ա արքայի ընդունելությունը Հռոմի գանձարանին հսկայական գումար արժանացավ:
Ներոնը Տրդատին հանձնեց հայոց գահը Հռոմի ֆորումում: Հայաստանը որպես Հռոմին իրավահավասար տերություն` հռչակցեց ՙՀռոմեական ժողովրդի դաշնակից և բարեկամ պետություն՚:
Տրդատը դատարկ ձեռքով չէր ժամանել Հռոմ: Նա Ներոն կայսեր համար չքնաղ նվեր տարավ, որ այսօր էլ, երկու հազար տարի անց հիացնում է Իտալիա այցելողներին: Այդ նվերը Վենետիկյան հրաշալի Կվադրոն է` Վենետիկի սուրբ Մարկոսի տաճարի ճակատը զարդարող քառաձի քանդակը:
Ներոն կայսրը ճանապարհելով Տրդատին` մեծ ռազմատուգանք վճարեց նրան, որով հայոց արքան վերանորոգեց Կորբուլոնի կողմից ավերած Արտաշատ մայրաքաղաքը: Տրդատը իրեն նշանավորեց նաև այլ շինությամբ: Նա Գառնի ամրոցի տարածքում գտնվող հին տաճարի փոխարեն կառուցեց նորը` հիմք ունենալով հին հայկական տաճարաշինական մոդելը` Մուսասիրի տաճարը և թողեց արձանագրություն. «Հելիոս (արև) Տիրիդատես (Տրդատ) թագավոր Մեծ Հայքի, թագավորելով իբրև դեսպոտ (վեհապետ) կառուցեց պայծառափայլ թագուհու համար 11-րդ տարում (75 թ.) իր թագավորության»:
Նա իր թագավորության ժամանակ արշավանք ձեռնարկեց դեպի հյուսիս` պատժելու Կովկասյան լեռնականներն, որոնք ասպատակում էին Հայաստանը:
Տրդատ Ա (54-88) իր գահակալությամբ Հայաստանում հիմք դրեց նոր` Արշակունիների թագավորության (54-428):
Տրդատը իր թագավորությամբ փառավորեց հայոց անունն ու մահացավ 88 թվականին: