Պատմաբան Վահե Անթանեսյանը իր միկրոբլոգում ներկայացրել է մեկ այլ պատմիչի, ով իր ժամանակին մեծ դերակատարություն է ունեցել:
Հեթում պատմիչը արկածներով լի կյանք է ունեցել: Նրան թերևս, կարելի է համարել 13-14-րդ դարերի ամենանշանավոր հայը, քանզի Մարկո Պոլոյի «Ճանապարհորդությունից» հետո Հեթումի «Պատմություն թաթարաց» աշխատությունը Եվրոպայի ամենաշատ թարգմանված գիրքն է:
Հեթում պատմիչը ծագումով Հեթումյան արքայատոհմից էր: Եղել է Կոռիկոսի բերդատերը՝ Հեթում Ա արքայի և Սմբատ Գունդստաբլ սպարապետի կրտսեր եղբոր՝ Օշինի որդին: Մինչ պատմագիտությանն անցնելը եղել է դիվանագետ և զորավար, Հեթում Բ արքայի դեսպաններից մեկը Կարակորումում՝ մոնղոլական արքունիքում: 1294-1305 թվականներին եղել է Կիլիկիայի հայոց թագավորության զորքերի սպարապետը և հայկական գնդերն առաջնորդել է պատերազմի՝ հայ-մոնղոլական բանակում՝ Եգիպտոսի և Իկոնիայի սուլթանության դեմ պատերազմում: Ավելին՝ Հուլավու խանի հրամանով հենց Հեթում սպարապետն է եղել Եգիպտոսի դեմ մղվող պատերազմում հայ-մոնղոլական բանակի ընդհանուր հրամանատարը:
Չնայած նրան, որ Հեթում Հեթումյանը անվանի դիվանագետ էր և զորավար, նա իրեն ավելի շատ փառավորեց որպես պատմիչ:
Ցավով պետք է նշել սակայն, որ չնայած անձնական քաջությանն ու նվիրումին, նա իր դիվանագիտական առաքելության մեջ լուրջ բացթողումներ ունեցավ: 13-րդ դարի վերջին՝ 1299 թվականին, երբ բուն Հայաստանը հեծում էր մոնղոլական տիրապետության տակ, իսկ Կիլիկիայի թագավորությունը շնչասպառ իր օրհասն էր ապրում, Հեթում սպարապետը հայոց Հեթում Բ թուլամորթ թագավորի հանձնարարությամբ ուղևորվում է Կարակորում և Մանգու խանի հետ վերստին վավերացնում հայ-մոնղոլական պայմանագիրը՝ հետևյալ դրույթով. ՙՄոնղոլների կողմից նվաճած կամ հետագայում նվաճելիք բոլոր երկրներում քրիստոնեական բոլոր եկեղեցիները և հոգևորականները, ինչպես եկեղեցական, այնպես էլ վանական, ազատ լինեն ամեն տեսակի ստրկությունից, անգամ հարկերից»։ Ահա այսպես, հայ դիվանագիտությունը փոխանակ մտածելու հայ ազգի, հայության փրկության մասին՝ լծվում է եկեղեցու ՙփրկության» գործին… Մոնղոլները բնականաբար, սիրահոժար ընդառաջ են գնում հայ կղերականության ցանկություններին՝ փոխարենը հայ եկեղեցին ծառայեցնելով իրենց շահերին: Արդյունքն ակնհայտ է…
Առհասարակ, Հեթում պատմիչը եզակի չէր իր կրոնամոլությամբ: Նա թողնելով իր փառքը, իշխանությունը՝ կրոնավորի սքեմ հագավ: Սա տարածված երևույթ էր Կիլիկիայում: Հեթում Բ արքան իր թագավորության ընթացքում (1289-1307) երեք անգամ հրաժարվեց գահից և վանք մտավ:
13-14-րդ դարերում Կիլիկիայում սկիզբ էր առել ունիթորների և հակաունիթորների շարժումները: Ունիթորները ցանկանում էին հայ եկեղեցին միավորել կաթոլիկ եկեղեցուն և Կիլիկիայի ապահովությունն ու անվտանգությունը տեսնում էին եվրոպական միապետերի և Հռոմի պապի աջակցությամբ: Հակաունիթորները դեմ էին կաթոլիկ եկեղեցու հետ միավորմանն ու երկրում լարված իրավիճակ էր ու քաղաքացիական պատերազմի վտանգ կար:
Հեթում սպարապետը կաթոլիկ եկեղեցու հետ ունիայի կողմնակից էր: Նա 1305 թվականին Եգիպտոսի սուլթանության դեմ մղվող պատերազմում ջախջախիչ հաղթանակ տարավ թշնամու գերակշիռ ուժերի դեմ:
Սակայն դա Հեթում սպարապետի վերջին հաղթանակն էր մարտի դաշտում: Վերադառնալով Սիս՝ նույն թվականին դավանափոխ եղավ, կաթոլիկություն ընդունեց, ինչի պատճառով հալածվեց հայրենիքում:
Ի վերջո՝ նա ստիպված էր հայոց զորքերի սպարապետությունը հանձնել իր Օշին որդուն և կրոնավոր դառնալով՝ անցնել Կիպրոս: Այստեղ նա մտավ Պրեմոնարեական լատին միաբանության շարքերը եղբայր Անտոն անունով և ճգնավորությամբ փորձեց ազատվել աշխարհիկ կյանքի կապանքներից: Կիպրոսում անցկացրած օրերի մասին նա գրում է՝ ՙԵս, եղբայր Հեթում, մասնակից եմ եղել այն բոլորին, որի մասին խոսվելու է։ Ես, որ վաղուց մտադիր էի կրոնավոր դառնալու, բայց այն թշվառությունն ու դժբախտությունը, որի մեջ ընկել էր հայոց թագավորությունը, ես չէի կարող անձնական բախտավորությանս համար թողնել իմ բարեկամներին այդպիսի ծանր կացության մեջ և հեռանալ նրանցից։ Ահա թե ինչու, երբ աստծո ողորմությամբ ինձ համար հնարավորություն ստեղծվեց թողնել հայոց թագավորությունը ու քրիստոնյա ժողովրդին, որպեսզի իմ կրած տանջանքներից հետո հանգստություն փնտրեմ, ես անմիջապես կատարեցի իմ վաղեմի ցանկությունը։ Ահա թե ինչու հրաժեշտ տալով թագավորին՝ իմ տիրոջը և մյուս հարազատներին ու բարեկամներին, այն դաշտում, որտեղ աստված հաղթություն շնորհեց քրիստոնյաներին ընդդեմ նրանց թշնամիներին, ես հեռացա և եկա Կիպրոս, որտեղ Եպիսկոպոսարանի Պրեմոնարեական միաբանության վանքերից մեկում ընդունեցի կրոնական սքեմ, որպեսզի կարողանամ իմ մնացած երիտասարդական շրջանում պայքարել հօգուտ մարդկության…»: Կարծում եմ՝ սա բավական խոսուն գրառում է…
Կիպրոսում Հեթում պատմիչը երկար չի մնացել և մեկ տարի անց տեղափոխվելով Ֆրանսիա՝ հաստատվել է Պուատյե քաղաքում՝ այնտեղ անցկացնելով մնացյալ ողջ կյանքը:
Հենց այստեղ, 1307 թվականին, Հռոմի Կղեմես Ե պապի պատվերով գրել է «Պատմություն թաթարաց» աշխատությունը: Այդ մասին արժեքավոր տեղեկություններ է հաղորդում Հեթումի քարտուղար Նիկոլայ Սարկոնը:
Հեթումն իր աշխատությունը գրել է ֆրանսերեն լեզվով, ինչը Նիկոլայ Սարկոնն անմիջապես թարգմանել է լատիներեն:
Հայտնի է, որ Հեթում պատմիչը նաև հայալեզու աշխատությունների հեղինակ է, սակայն ցավոք, նրա հայալեզու գրական ժառանգությունը մեզ չի հասել:
Բացի «Պատմություն թաթարաց» գործից, նա գրել է երեք ազգաբանական աշխատություններ և «Ժամանակագրությունը»:
Իր աշխատությունը գրելիս, Հեթում պատմիչն օգտվել է իր նշանավոր հորեղբոր՝ Սմբատ Գունդստաբլի աշխատություններից: «Պատմություն թաթարաց» երկը հայերեն թարգմանվել է միայն 1842 թվականին՝ Մխիթարյան վանահայր Մ.Ավգերյանի կողմից:
Այս աշխատության մեջ Հեթումն անդրադարձել է արևելյան 14 երկրների կյանքին ու պատմությանը. Չինաստան, Թուրքեստան, Ույգորիա-Տարազ, Կոմանիա, Խորեզմ, Պարսկաստան, Հնդկաստան, Վրաստան, Մարաստան, Միջագետք, Խալդիա, Ասորիք, Իկոնիա, Հայաստան:
Նրա գործը միջնադարում թարգմանվեց նաև անգլերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, հոլանդերեն լեզուներով:
Գործի բնույթով շատ ճամփորդելով և մասնակիցը դառնալով իրադարձություններին` նրա «Պատմությունը» որպես աղբյուր առավել քան արժանահավատ է:
Առհասարակ, «Պատմություն թաթարաց» աշխատությունը մոնղոլական հսկա կայսրության պատմության ուսումնասիրման համար լավագույն աշխատություններից մեկն է համարվում, քանզի գրված է ոչ միայն ժամանակակցի, այլև դեպքերի անմիջական ականատեսի և մասնակցի ձեռքով:
Ռուս գիտնական, արևելագետ Ս.Միրնին, գնահատելով Հեթումի աշխատությունը, նշել է, որ Հեթումի աշխարհայացքն ավելի ազատ էր, քան Մարկո Պոլոյինը, ավելի լայն էր: Բացի այդ` Մարկո Պոլոյի աշխատության մեջ չկան երկրների հարաբերությունները, դիվանագիտություն և այլն այնտեղ սոսկ ուղեգրություններ են:
Հեթումի աշխատության միջոցով եվրոպացիները ավելի լայն իրենց համար բացահայտեցին Ռուսաստանի տարածքն ու այնտեղ բնակվող ժողովուրդներին:
Հեթում պատմիչը հետագայում գրեց նաև «Պատմություն Քրոնիկոնի» աշխատությունը, որի ժամանակագրությունն սկսվում էր 1 թվականից և ավարտվում 1294 թվականով: Նա այս նոր աշխատության մեջ անդրադարձել է եվրոպական երկրներին ու կառավարող դինաստիաներին` Կարոլինգներին, Մերովինգներին…