Սյունե Սևադա. «Քո ցանկացած հետաքրքրություն պիտի աուդիտորիային հասանելի լինի…»
Advertisement 1000 x 90

Սյունե Սևադա. «Քո ցանկացած հետաքրքրություն պիտի աուդիտորիային հասանելի լինի…»

Սյունե Սևադայի հրապարակումը Facebook-ի իր էջում:

Չեսթեր Բենինգթոնի մահը կրկին ցույց տվեց, որ քո ցանկացած հետաքրքրություն պիտի աուդիտորիային հասանելի լինի, թե չէ ոչ մի մերձավորի չես ապացուցի, որ այս կամ այն բանը սիրում ես։

Պիտի անպայման գոռալ հետարքրությունների մասին, աջուձախ պատմել, թե դու ինչ ճաշակով դեմք ես, սուպեր ինտելեկտուալ, մեգատարբերվող։ Ու դա պետք ա անել անընդհատ, թե չէ հեռավոր Կամչատկայից մեկը կարթնանա ու կասի, թե՝ սրանց նայեք, էսօր-էգուց, բոլորը դարձան ռոք լսող, գիրք սիրող, կինո նայող։

Գիտեք, կարելի ա մտնել սեղանի տակ, նոր լսել երաժշտություն։ Կարելի ա վերմակը քաշել գլխիդ ու նոր նայել ֆիլմ։ Ու աշխարհում ոչ մեկը չի իմանա, որ դու Կուբրիկ ես սիրում, որովհետև չես համարում դա դարի իրադարձություն, իսկ ինֆորմատիվ փոսթեր անելու հավես էլ չունես, որ պատմես ռեժիսորի մասին, ֆիլմերից կադրեր հավաքես-դնես, մարդկանց աչքերը մոտիվացնես որակյալ կադր նայելու։

Լավագույն գրքերը կարդացվում են մրգերով ափսեն վրադ շուռ տալով ու էդպես էլ նստած մնալով, որովհետև չի ստացվում կտրվել։ Ու հեչ պարտադիր չի, որ դուք էդ մասին իմանաք։ Որովհետև երաժշտական-գրական-ֆիլմային ու մնացած ճաշակները նույնպես շատ ինտիմ են, ու բնական ա, եթե մարդ չի ուզում դա դարձնել հանրային։ Իսկ երբ ասում եք՝ մենք որ ռոք էինք լսում, դուք ուր էիք, հրաշալի հասկացնում եք, որ, իրականում, արվեստից բան էլ չեք հասկանում։ Որովհետև Փինք Ֆլոյդի ալբոմներն աչքերը փակ ասմունքելը, կամ Մոնեին ու Մանեին իրարից տարբերելը ձեզ բացառիկ չի դարձնում։ Գուցե ավելի հղկվում եք, բայց դե ֆակտո, մարդկային առումով, Մանե ֆրանսիացի նկարչին՝ միջին վիճակագրական հայ աղջիկ համարողից և ոչ մի բանով առավել չեք։

Իսկ Չեսթերը ափսոս էր, շատ։ Չնայած ինքն իր երգերով հրաշալի հասկացնում էր՝ ինչ ա հետը կատարվում։ Փոքր տարիքում մի քանի երգ էի սիրում, մահից հետո վերջին գործերը լսեցի հատուկ, շատ պարզ ու հստակ ուղերձներ կային։ Ափսոս, որ հարազատները ուշադիր չեն լսել իրեն։ Սովորաբար էդպես ա, հանրային մարդկանց մտերիմները անտարբեր են լինում էդ մարդկանց արվեստի նկատմամբ՝ կարծելով, թե բավարար ճանաչում են նրանց, ու մի բան էլ գլուխ են գովում, որ իրենց պետք չի հետևել տվյալ մարդու գործունեությանը, քանի որ անձամբ իր հետ են շփվում։ Բայց արի ու տես, որ չէ։ Չգիտեք էդ մարդու ստեղծածը, ուրեմն բացարձակ չգիտեք էդ մարդուն, իսկ կենցաղը կեղծելը շատ հեշտ ա, ստեղծածդ՝ անհնար։

Պսևդոնրբաճակությունն էլ լավ բան չի, հեչ լավ բան չի։



Նման նյութեր